«Գիտեմ բոլորի կեղծիքները՝ և՛ իշխանությունների, և՛ մասնավոր մարդկանց, և՛ ընդդիմության, և՛ մամուլի». ՀՀԿ-ական պատգամավոր

Այսօր սահմանադրական բարեփոխումների գործընթացին նվիրված քննարկման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը հայտարարեց, որ այս նոր Սահմանադրությունը հնարավորություն է տալիս բարելավել Ընտրական օրենսգիրքը ու դարձնել այնպիսին, որ ինչքան հնարավոր է՝ կեղծարարություններ չլինեն:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Հերիքնազ Տիգրանյանն էլ հարցրեց՝ արդյոք գործող Սահմանադրությունը թույլ չի՞ տալիս Ընտրական օրենսգիրքը բարելավել: Ի պատասխան նրա հարցին՝ ՀՀԿ-ական պատգամավորն այսպես արձագանքեց. «Այսօրվա Սահմանադրությունը թույլ է տալիս նախագահին ապահովելու մեծամասնություն պառլամենտում: Եթե ներքևներում ինչ-որ կեղծարարություններ են լինում, հեչ պարտադիր չէ, որ նախագահը կամ իշխանությունները դրան տեղյակ լինեն, և շատ դեպքերում էլ տեղյակ չեն»:

Հ. Տիգրանյանը շարունակելով խոսքը՝ ասաց, որ Ընտրական օրենսգիրքը, ըստ անցումային դրույթների, պետք է ընդունվի մինչև 2016 թվականի հունիսի 1-ը. «Այսինքն՝ այս նույն Ազգային ժողովն ընդունելու է Ընտրական օրենսգիրք, երբ ԱԺ մեծամասնութունը հանրապետականներն են»:

Նա նկատեց, որ բազմիցս առաջարկվել է ընտրությունների նկատմամբ վստահության ինստիտուտը բարելավել, հետո Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնել. «Ի՞նչն է խանգարել իշխանություններին՝ մեկ անգամ այդ կամքը դրսևորել, մեկ անգամ փոփոխություն անել Ընտրական օրենսգրքում: Բարելավեք այս Ընտրական օրենսգիրքը, դրանով գնացեք հանրաքվեի, որ գոնե հանրաքվեի արդյունքների նկատմամբ վստահությունն ավելի բարձր լինի, հավատ ունենանք: 2005 թվականի սահմանադրական հանրաքվեն կասկածի տակ է, քանի որ չկար մասնակցություն, ցույց տվեցին շատ մասնակցություն և 90 տոկոս «այո», նախագահական, խորհրդանական ընտրություններում չկար վստահություն, ասում էինք՝ բացեք ցուցակները, չբացեցին: Այդ մի գործիքը տվեք ու ընդհանրապես լռեցրեք ընդդիմությանը և մեր պես հ/կ-ներին, որ չխոսեն»:

Լ. Ալեքսանյանն էլ նշեց, որ ինքը 1990-ականներից մասնակցել է բոլոր ընտրություններին. «Գիտեմ բոլորի կեղծիքները՝ և՛ իշխանությունների, և՛ մասնավոր մարդկանց, և՛ ընդդիմության, և՛ մամուլի, ու դրանից ելնելով՝ ասում եմ, որ այն, ինչ կատարվում է այսօր, այնքան կապված չէ մարդկային գործոնի հետ, ինչքան դրա հնարավորության հետ: Եթե մարդ հնարավորություն ունի՝ մտնի մարդու տունը, ինչ-որ բան տա, եթե նույնիսկ հազար մարդ էլ այնտեղ դնեն, դա արվելու է»:

Հ. Տիգրանյանը, սակայն, պատասխանեց, որ համամասնական ընտրակարգն էլ է կաշառք ապահովում, որովհետև, ըստ նրա՝ կուսակցությունների համար էլ են կաշառք բաժանում:

Լ. Ալեքսանյանն էլ հայտարարեց, որ այդ նույն ընդդիմությունը, որ «չի կարողանում խնդիրներ լուծել, մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ունենալ կորիզներ, մարդիկ, որոնք կվերահսկեն», «իրենց տեղերը գումարով ծախում են նույն իշխանություններին, նման երևույթները բերել միայն իշխանական համակարգին վերագրել, ճիշտ չէ: Իշխանություններ չեն ասում՝ գնացեք կաշառք բաժանեք»:

Հարցին՝ ինքնագլո՞ւխ են կաշառք բաժանում, Լ. Ալեքսանյանն այսպես պատասխանեց. «Իշխանություններն ասում են, թե հնարավորություն ունես ընտրվելու՝ ընտրվի: Իշխանությունները երբեք որևէ մեկին չեն ասում՝ գնա փող տուր՝ ընտրվի»:

 

Տեսանյութեր

Լրահոս