«Ինչո՞ւ են ընդդիմանում մեր հայրենակիցները». Արծվիկ Մինասյան

«Երբ նախաձեռնվեց սահմանադրական բարեփոխումների գործընթացը, հանձնաժողովի առաջ խնդիր էր դրված՝ նախ՝ ստեղծել հայեցակարգ, այդ հայեցակարգի հրապարակվելուց հետո՝ մենք ու շատերն ասում էինք՝ պետք է մտնել քննարկման մեջ, քանի որ հայեցակարգում է երևում նախագծի խորությունը»,- այսօր սահմանադրական բարեփոխումների գործընթացի վերաբերյալ կազմակերպված քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նա նշեց, որ ՀՅԴ-ն համագործակցեց հանձնաժողովի և նախագահի հետ, ու ստացվեց, որ վերջին տարբերակում մնաց պառլամենտական համակարգը: Նրա խոսքով՝ որևէ առարկություն չի հնչել պառլամենտական համակարգի դեմ, հնչել է այն, որ պետք չեն սահմանադրական բարեփոխումներն այս փուլում, բայց, ըստ նրա՝ այդ հարցը կարող է բարձրացվել յուրաքանչյուր պահի. «Այսքան հիմնավորումների պարագայում հարց է առաջանում՝ ինչո՞ւ են ընդդիմանում մեր հայրենակիցները: Եթե մարդն ասում է՝ «ես չեմ ուզում՝ փոփոխվի, քանի որ իշխանություններն են առաջարկում», ես համարում եմ ոչ ճիշտ ու հիմնավորումից դուրս, որովհետև ամեն պահի էլ այդ փոփոխությունների նախագծով պետք է հանդես գան տվյալ պահի իշխանությունները: Այսքան դրական փոփոխություններն ինչո՞վ են արժանանում մեր հասարակության այն հատվածի առարկությանը, որոնց ես գիտակից եմ համարում: Կյանքը ցույց է տվել, որ իշխանափոխությունը ոչ թե՝ անձի, այլ՝ համակարգի խնդիր է»:

Հարցին՝ այս սահմանադրական բարեփոխումների նախագծով՝ իշխանությունները վերարտադրվելո՞ւ են, թե՞ ոչ, Ա. Մինասյանը պատասխանեց, որ պետք է հասկանալ երկու սուբյեկտի իշխանության պահպանում՝ նախագահի և ԱԺ-ի, որոնք երկուսն էլ այս նախագծով, ըստ նրա, քիչ հավանական են. «Այս փոփոխությամբ վերանում է նախագահի ուղիղ ընտրության հնարավորությունը, նախագահին ԱԺ-ն է ընտրում: Բոլոր քաղաքական-հասարակական գործիչները բացատրում են, որ իշխանությունները կարողանում են մեծամասնական ընտրական համակարգի օգնությամբ պահպանել իրենց տեղերն ԱԺ-ում, բայց հիմա վերանում է դա, ինչը հավասար պայման է ստեղծում ուժերի համար:

Ըստ Ա. Մինասյանի՝ այս փոփոխությունները հասարակությանը հնարավորություն են տալիս մասնակցել երկրի կառավարման գործին:

Անի Քեշիշյան

Տեսանյութեր

Լրահոս