Ոստիկանի կողմից ապտակ ստացած Հակոբ Դեխնավին տուժող է ճանաչվել
Հակոբ Դեխնավին, ում մասնակցությամբ Հանրապետության հրապարակում անցկացված ակցիայի ընթացքում միջադեպ էր տեղի ունեցել ոստիկաններից մեկի հետ, տուժող է ճանաչվել: Այս մասին ի պատասխան 168.am-ի հարցման հայտնել են Հատուկ քննչական ծառայությունից, որտեղ քննվում է քրեական գործը:
«Հակոբ Դ.-ի հաղորդման հիման վրա՝ ոստիկանության ծառայողի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով անհապաղ իրականացվել և իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով քննության են ենթարկվում քաղաքացի Հակոբ Դ.-ի կողմից նշված՝ ՀՀ ոստիկանության ծառայողի կողմից ենթադրյալ հանցագործություն կատարելու դրվագների բոլոր հանգամանքները: Քրեական գործով քաղաքացի Հակոբ Դ.-ն ճանաչվել է տուժող, իսկ նշանակված դատաբժշկական փորձաքննության վերջնական արդյունքները դեռևս չեն ստացվել: Նախնական քննության գաղտնիության պահպանության նկատառումներից ելնելով նախաքննության այս փուլում քրեական գործին վերաբերող այլ տեղեկություններ հրապարակել չենք կարող: Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հատուկ քննչական ծառայության պատասխանում: