Վրաստանում ևս մեկ մաքսային անցակետ կբացվի Թուրքիայի հետ սահմանին
Վրաց-թուրքական սահմանին ևս մեկ մաքսակետ կբացվի: Այս մասին հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին՝ ելույթ ունենալով Թբիլիսիում անցկացվող «Մետաքսե ճանապարհ» ֆորումում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Խադուրիի խոսքով՝ Թբիլիսիում անցկացվում են շատ կարևոր միջոցառումներ, որտեղ քննարկվելու են բազմաթիվ հետաքրքիր հարցեր: Նրա խոսքով՝ կիրակի օրը կբացվի ևս մեկ մաքսային-անցագրային կետ, որը կկապի Թուրքիան Վրաստանին:
«Ինչպես ձեզ հայտնի է, Չինաստանի նախագահի նախաձեռնությունն էր ստեղծել միասնական ճանապարհ, միասնական գոտի, որի շրջանում այսօր անցկացվում է այդ միջոցառումներից մեկը: Վրաստանի վարչապետի նախաձեռնությամբ ստեղծվել է ֆորում, որը հուսով եմ, կլինի մշտական կերպով գործող:
Կան շատ հետաքրքիր նախագծեր, այդ թվում՝ մայրուղու գործարկում, որը կմիավորի Չինաստանն ու Եվրոպան: Բացի այդ՝ արդեն հնչել են մի քանի բավական հետաքրքիր կոնկրետ առաջարկներ՝ կապված այն բանի հետ, որ տարբեր երկրներ փոխանակեն բեռները Վրաստանի տարածքում: Դրանք ինչպես եվրոպական, այնպես էլ ասիական երկրներ են»,- հայտարարել է Նոդար Խադուրին: