
Անկարան հուսով է, որ Ռուսաստանն այլևս չի խախտի օդային տիրույթը. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Ալի Քեմալ Այդընը հուսով է, որ Ռուսաստանի կողմից Թուրքիայի օդային տիրույթը խախտելու կրկնություն այլևս չի լինի:
«Դեպքը, որը վերջերս է տեղի ունեցել, մեզ վշտացրել է: Այն կարող էր լարվածություն առաջացնել մեր հարաբերություններում, սակայն մեր երկկողմ հարաբերություններում կան շփման կետեր, չնայած տարաձայնություններին»,- ասել է դիվանագետը:
Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը կոչ է արել երկու երկրներին վերադառնալ այն հարաբերություններին, որոնք բնորոշ են «բարիդրացիական գործընկերությանը», հայտնում է TASS-ը:
«Հուսով ենք՝ նման դեպքեր այլևս չեն կրկնվի»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Թուրքիայի իշխանությունները մեղադրեցին ռուս զինվորականներին երկրի օդային տիրույթի խախտման մեջ:
Իր հերթին, ՌԴ-ն հայտարարեց, որ դեպքը տեղի է ունեցել նավիգացիոն սխալի պատճառով ու հետագայում նման դեպքեր չեն կրկնվի:
Մինչ այդ, ծրագրվում է, որ Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները մինչև տարեվերջ երկու հանդիպում կունենան: Այս մասին հայտնել է ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Ումիտ Յարդըմը: