Բաժիններ՝

Բաչկովի մենամարտի ժամանակ դահլիճը երկու մասի էր բաժանվել.Արթուր Գևորգյան

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, Քաթարի մայրաքաղաք Դոհայում ավարտվել է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային էր 2016 թվականի Օլիմպիական խաղերի համար: Հայաստանը ներկայացնող երեք բռնցքամարտիկներից ոչ մեկին չի հաջողվել ուղեգիր նվաճել:

Մինչ Ռիո-2016 մնացել է երկու վարկանիշային մրցաշար, որոնցից մեկը՝ Բաքվում, մյուսը՝ Ստամբուլում: Ուղեգիր նվաճելու շանսերն ու հույսերը գնալով պակասում են: Ստեղծված իրավիճակի մասին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի բաժնի լրագրողը հանդիպել և զրուցել է, Դոհայից վերջերս վերադարձած, բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի հետ:

-Պարոն Գևորգյան, որպես բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ամփոփեք խնդրեմ Դոհայում կայացած աշխարհի առաջնությունը:

-Ունեինք 3 մասնակից, մեկը սպիտակ քարտով էր մեկնել առաջնության: Իմ անձնական որոշմամբ, այդ քարտը բաժին հասավ Հովհաննես Բաչկովին, ով փայլուն հանդես եկավ Դոհայում: Ես, որպես մասնագետ, վստահ էի, որ այդ տղան իսկապես ուժեղ է: Նա պարտվեց աշխարհի կրկնակի չեմպիոնին 2:1 հաշվով, դա խոսում է այն մասին, որ Բաչկովը կարող մարզիկ է: Ուժեղների մեջ տարբերությունը չնչին է լինում, հնարավոր չէ աշխարհի կրկնակի չեմպիոնին հաղթել մեկ գլուխ բարձր առավելությամբ:

Մնացածը ճակատագրի և «մաֆիայի» խնդիր է, եթե մենք լինեինք այդ «մաֆիայի» մի մասը, իհարկե, Հովհաննես Բաչկովը կդառնար աշխարհի չեմպիոն: Համեստաբար զիջեցինք: Բայց ես ձեզ հստակ ասում եմ, Հովհաննես Բաչկովն այսօր այդ քաշի առաջատարներից մեկն է: Նրա հետ չեն կարող ոտք մեկնել ո՛չ ռուս մարզիկը, ո՛չ ադրբեջանցին, որոնց նա կհանդիպեր կուբացուն հաղթելու դեպքում, բայց ես խիստ կասկածում եմ, որ մենք այդ դեպքում կկարողանայինք հաղթահարել այդ արգելքը, քանի որ հենց այդտեղ հզոր թիկունքներ են կանգնած:

Արամ Ավագյանը բռնցքամարտիկ է, ով 10 կգ քաշ է գցում: Տարվա ընթացքում նա լիմոնի պես քամվեց: Մենք «թասիբի» գցեցինք այդ տղային և նա գնաց Բաքու կռվեց, հետո մեկնեց Եվրոպայի առաջնության և բրոնզե մեդալ նվաճեց, ընդամենը մեկ ամիս հետո աշխարհի առաջնությունն էր: 10 տարում չեն կարողանում 10 կգ քաշ գցել, մարդը ամեն ամիս քաշ է գցում, ես իրենից հատուկ սպասելիքներ չունեի, ես գիտեմ, որ նա կամային որակներով տղա է, բայց հասկանում եմ, որ նա քամվել է: Իհարկե վատ է, որ նա պարտվեց իրենից թույլ բռնցքամարտիկի, բայց այդ ամենն իր բացատությունն ունի:

Կորյուն Սողոմոնյանն ուղղակի իրեն չարդարացրեց: Նա հիանալի բռնցքամարտիկ էր պատանի տարիքային խմբում, ավագ պատանիներում, բայց այդ տղայի մոտ մեծահասակների շարքում աճ չկա: Հայերիս բնորոշ է, երբ վաղ տարիքում հաջողություն ենք ունենում, դա մեզ փչացնում է և ոչնչացնում այն որակները, որ կան մարզիկի մեջ: Այդ քաշային կարգում մենք ունենք նաև Նարեկ Աբգարյան: Ամենայն հավանականությամբ՝ Օլիմպիական ուղեգրերի համար այդ քաշային կարգում կպայքարի հենց Նարեկը:

-Ստացվում է, որ հայ բրնցքամարտիկներին ուղեգրերից և մեդալներից կրկի՞ն զրկեցին մրցավարները:

-Ես չեմ ասում մենք հաղթել ենք, բայց զրկվել ենք հաղթանակից: Բաչկովի դեպքում կարող էին հաղթանակը տալ նաև մեզ: Դահլիճը բաժանվել էր 2 մասի: Կեսը կարծում էր, որ հաղթանակը մեր մարզիկինն էր, մյուս կեսը, որ կուբացունն էր: Նորմալ է, որ մրցավարների «սիմպատիան» դեպի աշխարհի չեմպիոնը լինի: Նրան ճանաչում են տարիներ շարունակ: Մարդիկ տարբեր մոտեցումներ ունեն՝ մեկը կարծում է, որ պետք է հնարավորություն տալ նորեկին՝ քանի որ նա եկել և կարողացել է ոտք մեկնել աշխարհի չեմպիոնի հետ:

Մեր դեպքում հիմնականում լինում է մրցավարական «սիմպատիա», ինչը այս անգամ էլ մեզ բաժին չհասավ: Կամ մենք պետք է պատրաստ լինենք այդ խաղի կանոններին, կամ պետք է համեստ լինենք մեր սպասելիքների մեջ: Ես ներկա էի երիտասարդների Եվրոպայի և մեծահասակներ աշխարհի առաջնությանը: Բացարձակ արդար մրցավարություն էր, մինչև այն պահը, երբ Օլիմպիական ուղեգրերի և մեդալների համար խնդիրն էր լուծվում:

-Ըստ Ձեզ, ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել:

-Մի քիչ ավելի խորն է ամեն ինչ: Մեզ պետք է հզորանալ: Մենք այնքան հեղինակություն և կարողություն պետք է ունենանք, որպեսզի մեր հաղթած մենամարտերը տան մեզ, դրանից ավել ոչինչ պետք չէ: Հակառակ դեպքում՝ շարունակ կարելի է դոփել տեղում: Մենք այնքան ենք բաց թողել, որ միջազգային դասում մրցավար չունենք, նոր-նոր քայլեր ենք ձեռնարկում, բայց սա պետք է վաղուց արվեր, ես չպետք է գայի և նոր հեծանիվ հորինեի: Ֆեդերացիան չի սահմանափակվում թուղթ ուղարկելով ու ստանալով, պետք է հոգատարություն ցուցաբերել մարզիկների, մարզիչների ու մրցավարների նկատմամբ, բայց մեր սակավ հնարավորություններով դա անհնար է: Հիմա մենք փորձում ենք հերոսություն անել, ցավոք սրտի դեռ չի ստացվում:

-Պարոն Գևորգյան, մինչև Ռիոյի Օլիմպիական խաղերը մնացել է վարկանիշային երկու մրցաշար՝ մեկը Բաքվում, մյուսը՝ Ստամբուլում: Արդեն պա՞րզ է հայ բռնցքամարտիկների մասնակցության հարցը:

-Հնարավոր է՝ Բաքվի մրցաշարին չմասնակցենք, որովհետև փորձը ցույց է տվել, որ մրցաշարի անցկացման վայրից կախված՝ որոշվում են ուղեգիր նվաճողները: Իսկ ինձ պարտվող մարզիկներ պետք չեն: Եթե կլինի հաղթելու ունակ բռնցքամարտիկ, հնարավոր է՝ ուղարկենք: Ստամբուլի մրցաշարին մասնակցելու ենք, բայց կազմը դեռ հայտնի չէ: Այն վայրկյանից, երբ սպորտը դարձավ քաղաքականություն, գերտերությունները սկսեցին սպորտի միջոցով ցույց տալ իրենց «մկանները»: Իսկ սպորտը քաղաքականություն է՝ շնորհիվ այն լրագրողների, ովքեր 100 տարի առաջ սկսեցին երկրների նվաճած մեդալաների հաշվարկներն անել:

-Ի՞նչ անելիքներ և ծրագրեր ունեք մինչև ընթացող տարվա ավարտը:

-Երիտասարական աշխարհի առաջնությունից հետո փոփոխություններ կլինեն թե՛ մարզչական և թե՛ մարզիկների շրջանում: Հնարավոր է՝ տարեվերջին մրցաշար անցկացնենք, որպեսզի 2016 թվականի համար հավաքական ձևավորենք: Տեսնենք հավաքականում եղած բռնցքամարտիկների կարողությունները, հնարավորություն տանք նորեկներին:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս