Ո՞ւմ համար է ճանապարհ բացում «Նոր Հայաստանը»

Երեկ ազդարարվեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ձևավորման մասին: Այդ նախաձեռնությանը մաս են կազմում «Ժառանգություն», «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունները, ԱԻՄ-ը՝ դիտորդի կարգավիճակով, ինչպես նաև՝ «Հիմնադիր խորհրդարանը» և «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունը: Նրանք երեկ տարածել են իրենց ռազմավարության և մարտավարության վերաբերյալ առաջին հայտարարությունը, որի համաձայն՝ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարելով՝ պետք է հասնեն Սերժ Սարգսյանի ու Կառավարության հրաժարականին, ձևավորեն ժամանակավոր կառավարություն, և անցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ:

Նպատակները միանգամայն ազնիվ են, մղումներն էլ՝ հայրենանվեր: Սակայն դրանք իրագործվելու կամ տապալվելու են ներկայիս քաղաքական իրողությունների պայմաններում, ինչը պահանջում է պատասխանել հարցադրմանը՝ իսկ ո՞վ կարող է ամենաշատը շահել «Նոր Հայաստանի» հաղթանակից և տուժել նրա պարտությունից: Միանգամից ասենք՝ եթե «Նոր Հայաստանը» կարողանա հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին, ապա դրանից ամենաշատը շահելու է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, քանի որ նրան ոչ ոք չի կարող արգելել առաջադրել իր թեկնածությունն արտահերթ նախագահական ընտրություններում:

Ժամանակավոր կառավարություն, ժողովրդի վստահություն, և այլն, երկրորդական գործոններ են, քանի որ, եթե Քոչարյանը ստացավ նախագահական կառավարման մոդելը պահպանելու և առաջադրվելու հնարավորություն, ապա կարող է դառնալ ընտրություններում հաղթելու ամենամեծ շանսն ունեցող թեկնածուն: Ոչ այն պատճառով, որ ժողովուրդը տենչում է նրա վերադարձը, այլ որովհետև, իշխանությունից բացի, նա է տիրապետում ընտրություններում «հաղթելու» ամենակարևոր գործոնին՝ փողին, շատ փողին:

Իսկ դա նշանակում է, որ Քոչարյանին ընդամենը պետք է հասնել ընտրություններում առաջադրվելու հնարավորության, մնացածը տեխնիկայի հարց է: Այլ թեկնածու, ով կարող է ազնիվ ընտրապայքարում հաղթել ընտրություններում, չկա. Րաֆֆի Հովհաննիսյանն «աղոթել» է 2013 թվականի հաղթանակը, Լևոն Տեր-Պետրոսյանն ինքն է ասել, որ առաջացած տարիքը թույլ չի տալիս մասնակցել ընտրություններում, իսկ այլ թեկնածուներ ընդհանրապես չեն երևակվում:

Մի խոսքով, այն, ինչ ցանկանում է անել «Նոր Հայաստանը», ծառայելու է առաջին հերթին՝ Քոչարյանին: Դա ամենևին չի նշանակում, որ այդ նախաձեռնության հետևում Քոչարյանն է, որ ստվերային պայմանավորվածություն կա նրանց միջև: Ո՛չ, կրկին անգամ ո՛չ: Հակառակը՝ այդ ճակատում հավաքվածներից ոմանք Քոչարյանի ոխերիմ թշնամիներն են, սակայն որոշիչը ոչ թե դա է, այլ, ինչպես նշեցինք, քաղաքական իրողությունները: Իսկ «Նոր Հայաստանի» տապալման դեպքում տուժելու է հասարակությունը՝ ապրելով հերթական հիասթափությունը:

Այնպես որ, այս ճակատը, ըստ էության, փակուղային նպատակադրումներով է հրապարակ դուրս եկել. հաղթելու դեպքում՝ մեծացնել Քոչարյանի՝ իշխանության վերադառնալու շանսերը, պարտվելու դեպքում՝ հանրային ապատիան երկարաձգել ևս մի քանի տարով: Ստացվում է՝ ակամա աջակցություն կա՛մ երկրորդ, կա՛մ երրորդ նախագահին: Տխուր է, բայց փաստ:

Տեսանյութեր

Լրահոս