Բաժիններ՝

Որոտանի ՀԷԿ-երի համալիրը գնելու համար ամերիկյան ընկերությունը վա՞րկ է վերցրել հայկական 3 բանկերից

Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Արամ Մանուկյանը հայտարարեց, թե իր տեղեկություններով՝ Որոտանի ՀԷԿ-երի համալիրը գնելու համար ամերիկյան «Քոնթուր գլոբալ» ընկերությունը վարկ է վերցրել հայկական 3 բանկերից և գրավադրել է ՀԷԿ-երի գույքը:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ի պատասխան ասաց. «Գրավադրված են ոչ միայն բանկերի, այլև կառավարության օգտին, որովհետև քանի դեռ չի վճարվել ողջ գումարը, այդ բաժնետոմսերը գրավադրված կմնան ՀՀ կառավարությանը»:

Միաժամանակ Դ.Հարությունյանը հայտարարեց, որ վարկային փաթեթը չի կարող անգամ մոտենալ վաճառքի գնին: Նա պարզունակ համարեց մոտեցումը, որ վարկային միջոցներ ներգրավելը լավ չէ. «Բանկերը ավանդներ են ներգրավում և վարկավորում տրամադրում: Ցույց տվեք մի կազմակերպություն, որ չի վերցնում վարկեր և ես գուցե կսկսեմ խորհել, որ ինչ-որ մի բան փոխվել է ձեռնարկատիրությունում: Եվ լավ է, որ վարկը վերցվել է հայկական բանկերից»:

Դ.Հարությունյանը հայտարարեց, որ «Քոնթուր գլոբալը» հայտնի կազմակերպություն է էներգետկ ոլորտում, օֆշորային չէ, և գործում է նորարարական ուղիներով, ինչը ՀՀ համար հույժ կարևոր է, հատկապես վերականգնվող էներգետիկայի ոլորտում. «Մենք պատրաստվում ենք օգտագործել իրենց փորձը»:

Ա.Մանուկյանը հատարարեց, որ նույն պայմաններով եթե իրեն տային վարկը, ինքը 2-3 տարի հետո կվերադարձներ. «Էդ նորմալ եք համարո՞ւմ, որ մեր ապրանքը գրավադրում են, մեզնից փող են վերցնոմ, որ մեզ վճարեն»:

Դ.Հարությունյանը նշեց, որ վարկի գումարն ընդհանուրի 1/3-ն է, իսկ 2/3-ը կազմակերպությունը վճարել է սեփական ռեսուրսներից. «Գործարքն ամբողջովին համապատասխանում է բիզնես տրամաբանությանը, և որևէ մտահոգություն չի առաջացնում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս