![](/banners/BeFunky-design.jpg)
«Գուցե նախագահը սահմանադրական փոփոխություններ չի՞ ուզում». Վարդան Բոստանջյան
![](https://168.am/wp-content/uploads/2014/11/Vardan-Bostanjyan3.jpg)
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ըթնացքում ասաց, որ Սահմանադրության նոր նախագիծը շատ ավելի լավն է, քան գործող Սահմանադրությունը. «Ես երկու առաջարկ եմ արել, երկուսն էլ ընդունվել է: Առաջին առաջարկը Կենտրոնական բանկի խնդիրների ու նպատակների հետ է կապված: Գրված էր, որ գնաճի հիմնական կարգավորումը Կենտրոնական բանկի խնդիրն է, ասել եմ՝ դա չի կարելի միանշանակորեն ընդունել, որովհետև չի կարող Կենտրոնական բանկը պատասխան տալ միայն և միայն գնաճի համար: Այդ դեպքում ո՞ւր մնաց Տնտեսական մրցակցության հանձնաժողովը, Էկոնոմիկայի նախարարությունը և այլն:
Երկրորդ խնդիրը վերաբերում էր մենաշնորհներին, ես առաջարկեցի՝ արգելել մենաշնորհներն օրենքով: Տնտեսական մրցակցության այսօրվա օրենքը թույլ է տալիս, որ լինեն մենաշնորհներ: Այդ մենաշնորհային վիճակը մեր տնտեսական ամբողջ համակարգը խաթարում է. ընդունենք, թե չընդունենք»:
Ըստ նրա՝ Սահմանադրության այս տարբերակը թույլ է տալիս նաև քաղաքական մենաշնորհից դուրս գալ. «1995-ից պատգամավոր եմ ու չի եղել մի ժամանակահատված, որ համամասնական ընտրություններում քաղաքական որևէ մի ուժ վերցնի բացարձակ մեծամասնություն: Հիմա, որ մենք (ՀՀԿ) ունենք բացարձակ մեծամասնություն, համամասնական ցուցակով անցած 40 կամ 43 պատգամավոր ունեինք, 66-ը լրացրել ենք մեծամասնականով: Հիմա ասում ենք՝ հրաժարվում ենք մեծամասնականից. ի՞նչն է խնդիրը, չեմ հասկանում»:
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանն էլ նշեց, որ գործող նախագահը շախմատի սեղանի շուրջ բազմաքայլ անձ է. «Նա ստեղծեց այս սահմանադրական փոփոխությունները ու հիմա բոլորը շշմած քննարկում են, թե նախագահը ուզում է այս փոփոխությունները, բայց գուցե նախագահը չի ուզում: Հիմա գուցե դրվի հանրաքվեի ու չընդունվի այս նածխագիծը, և նախագահն ասի՝ ժողովուրդ էս անգամ ճիշտ ընտրություն ենք կատարում»: