«ՀԷՑ-ի գնումը Սամվել Կարապետյանի կողմից պետք է համարել մեծ նվեր հայ ժողովրդին»
««Տաշիր գրուպը», մեր պետության շահերից ելնելով, իր վրա վերցրել է բարդ խնդրի լուծում, ինչպիսին ՀԷՑ-ն է: Բոլորս գիտենք, որ ՀԷՑ-ը գտնվում է չափազանց վատ վիճակում՝ ինչպես կառավարման, այնպես էլ՝ տեխնիկական հագեցվածության առումով: Դա արտացոլվել է նրանով, որ հոսանքի սակագինը բավական բարձր է ու դժվար մատչելի ժողովրդի համար: Մեզ համար ելք էր «Տաշիր գրուպի» կողմից ցանցերի գնումը: Արդիական վերազինման համար ՀԵՑ-ը մոտ 500 մլն դոլար ներդրում է պահանջում, և Սամվել Կարապետյանի կողմից պետք է սա համարել մեծ նվեր հայ ժողովրդին»,-այսօրվա ասուլիսին նման կարծիք հայտնեց Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանի կարծիքով՝ ՀԷՑ-ը չի վաճառվել, պարզապես սեփականատերերի փոփոխություն է եղել՝ ի օգուտ մեզ. «Այն ծրագրերը, որոնք իրականացրել է «Տաշիր գրուպը» ՀՀ-ում, որակով են իրականացվել: Նրա բարրի համբավն ու աշխատանքիայի փորձը հավաստում են, որ կունենանք որակով իրականացվող ծառայություն: Իսկ սխալները «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերությանն են, կառավարությունն ու ազգաբնակչությունը դրանց հետ կապ չունեն:
ՀՀ-ն ինքնիշխան պետություն է. սեփականատեր կարող է լինել ցանկացածը, բայց դա չի նշանակում, որ ՀՀ քաղաքացին պետք է լինի անպաշտպան: Դրա համար մենք ունենք Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողով, որտեղ մեզնից պակաս աշխատավարձ չեն ստանում: Երբ դա բերում հաշվետվությունը տալիս է, ես և դուք (դիմում է Վարդան Բոստանջյանին:-Ռ.Մ.) պետք է կանգնենք՝ ասենք, որ այդ հաշվետվությունը տալու ժամանակ էս մի թիվը չի համապատասխանում:
Հիմա Բիբինը կարող ա առնի «Աստոն Մարտին» մեքենա, դա հո չի՞ նշանակում, որ սակագնից պետք է դուրս գա դրա գումարը: ՀԾԿՀ-ն մանրակրկիտ պետք է նայի այն ծախսերի քանակը, որը պետք է մտնի սակագնի մեջ: Աուդիտի հիմնական իմաստն այն էր, որ պետք է ՀԾԿՀ-ն տեսներ՝ նրա ծառայությունների վրա ծախսված գումարն արդյունավե՞տ էր, թե՞ ոչ: 220 մլն կազմակերպության պարտքն է՝ իր ներքին մյուս կազմակերպություններով, որը բացարձակապես մեր ծառայությունների հետ կապված պետք է խնդիր չունենար: ՀԷՑ-ը երաշխավորված 10 տոկոսանոց շահույթ ապահովող կազմակերպություն է, այստեղ խնդիրն այլ է՝ կա ներդրումների խնդիր, այդ ներդրումները սակագնի մեջ ներառելու խնդիր, հավասարաչափ ժամանակակից սարքավորումներով վերազինման խնդիր, արդյունավետ կառավարման ձևերի խնդիր և գոյություն ունի սրտացավություն, այսինքն՝ մարդը սրտացավ է այս երկրի նկատմամաբ և դա անում է»: