
«Այո, մենք չենք ուզում բարձր գնաճ սահմանել, և դա մեր կապրիզը չի». ԿԲ փոխնախագահ

«Այո, մենք չենք ուզում բարձր գնաճ սահմանել, որովհետև աշխարհի յուրաքանչյուր զարգացած երկիր չի սահմանոմ 2-5%-ից բարձր գնաճ: Եվ դա մեր կապրիզը չի»,- այսօր ԱԺ նիստում ԿԲ 2014 թ. գնաճային հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը:
Ըստ նրա՝ գնաճն առանձին խմբերի վրա չի ազդում, բոլորի վրա է ազդում, և բարձր գնաճը բերելու է խուճապի, եկամուտների կորստի: Ն.Երիցյանը բարձր գնաճը համեմատեց արյան բարձր ճնշման հետ, որ իբր թե կարելի է կառավարել: ԿԲ փոխնախագահի խոսքով՝ աշխարհի փորձն ապացուցել է, որ բարձր գնաճն անկառավարելի է:
Նշելով, որ ՀՀ-ում մոնետիզացիան հետզհետե ավելանում է՝ Ն.Երիցյանը կարծիք հայտնեց, որ մոնետիզացիան հետևանք է տնտեսության մեջ ներդրումների և արտադրողականության աճի: Նրա խոսքով՝ դա դրամավարկային քաղաքականության հետևանք է, չի կարող խթանող դեր խաղալ, և դրամավարկային քաղաքականության նպատակն է չխոչընդոտել տնտեսության ներուժի դրսևորմանը. «Դրա համար շեշտադրումները պետք է լինեն ներդրումների դաշտում: Բանկային համակարգը նվազող մասնավոր ներդրումների ֆոնին 1.9 մլրդ դոլարի ներդրում է արել տնտեսությունում»: