
Ուկրաինան հայտարարել է Դոնբասի առաջնագծից սպառազինությունները հետ քաշելու գործընթացի մասին

Ուկրաինացի զինվորականները հայտարարել են երկրի արևելքում՝ ինքնահռչակ հանրապետությունների ուժերի հետ շփման գծից սպառազինությունները հետ քաշելու գործընթացն սկսելու մասին, հայտնում է BBC-ն:
Դոնբասում Ուկրաինայի ԶՈՒ հատուկ օպերացիայի շտաբի հաղորդագրության մեջ ասվում է, որ տեխնիկայի ու հրետանու հետ քաշումն առաջնագծից կտևի 41 օր ու տեղի կունենա փուլ առ փուլ:
Ներկայում զինվորականները ԵԱՀԿ-ում համաձայնեցնում են հետ քաշման ենթակա սպառազինությունների ցանկը:
Շտաբը նշում է, որ տեխնիկայի ու հրետանու հետ քաշումը հնարավոր է եղել ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչների կողմից զինադադարի պայմաններին հետևելու պայմաններում:
Ուկրաինացի զինվորականների տվյալներով՝ վերջին 2 օրերին կրակի դադարեցման ռեժիմը չի խախտվել:
Ավելի վաղ սպառազինությունների հետ քաշման մասին հայտարարել էր Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունը: Լուգանսկի իշխանությունները հայտարարել էին, որ շաբաթ օրվա դրությամբ առաջնագծից հետ է քաշվել 50 տանկ:
Իր հերթին, Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունը խոստացել է սպառազինությունները հետ քաշել հոկտեմբերի 18-ից հետո, պայմանով, որ ուկրաինական կողմը հետևի զինադադարի պայմաններին:
Դեռ տեխնիկան ու հրետանին իրենց տեղում են:
Հիշեցնենք, որ սպառազինությունները հետ քաշելու մասին հայտարարվել էր երեկ «նորմանդյան քառյակի» ղեկավարների հանդիպմանը: