«Կլինի նախագահական թե պառլամենտական, վերարտադրվելու ցանկություն ունեցողը ցանկանալու է վերարտադրվել». Արարատ Զուրաբյան
«Կարևորում ենք Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգը, և այս առումով գտնում ենք, որ սահմանադրական փոփոխությունները տեղին և շատ նորմալ են»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը՝ խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին: Նա, սակայն, ավելացրեց, որ իրենք չեն պատրաստվում ընդգրկվել սահմանադրական բարեփոխումների «Այո»-ի կամ «Ո՛չ»-ի գործընթացներում:
«Մենք բոլորս խոսել ենք սահմանադրական բարեփոխումների մասին, տարբեր քաղաքական ուժեր իրենց ծրագրային դրույթներում ունեցել են այդ հարցը: Ժամանա՞կն էր այդ ծրագրային դրույթներում ունենալ սահմանադրական փոփոխությունների իրականացման հարցը, եթե ժամանակն էր՝ ներառել ծրագրում, ուրեմն՝ ժամանակն է իրականացնելու: Միշտ ժամանակն է, ուշացած է այդ ժամանակը»,- նշեց Ա. Զուրաբյանը:
Հարցին՝ Դուք մերժո՞ւմ եք այն թեզը, որ այս ամենն արվում է Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրման համար, Ա. Զուրաբյանը պատասխանեց, որ վերարտադրվելու ցանկություն ունեցողը, ամեն դեպքում, փորձելու է դա անել.
«Եթե Սերժ Սարգսյանն Ալեքսանդր Սարգսյանին ընտրեր նախագահ, ու ինքը դառնար վարչապետ, դա կլինե՞ր Սերժ Սարգսյանի վերարտադրություն: Իմ գնահատմամբ՝ կլիներ: Ես գտնում եմ՝ Վլադիմիր Պուտինը վերարտադրվեց, երբ ինքը վարչապետ դարձավ, Մեդվեդևը՝ նախագահ: Այսինքն՝ տարբերություն չկա, վերարտադրության ցանկության պարագայում՝ նախագահակա՞ն է, կիսանախագահակա՞ն է, թե՞ պառլամենտական է, նշանակություն չունի: Ուրիշ հարց կա՝ կան քաղաքական այրեր, որոնք պետք է ունենան քաղաքական պայքարի օրակարգ՝ տվյալ իշխանության դեմ, և իրենք ընտրում են հետևյալը՝ ասում են՝ «մեզ ձեռնտու է այս պրոցեսը, քանի որ ունի մոբիլիզացիոն հնարավորություն, որպեսզի այս իշխանությանը հաղթենք», սակայն մի բան ակնհայտ է, որ դա զուտ պատրվակ է, որովհետև կլինի նախագահական թե պառլամենտական, վերարտադրվելու ցանկություն ունեցողը ցանկանալու է վերարտադրվել, իսկ հասարակությունն էլ պարտավոր է լինելու ամեն ինչ անել, որպեսզի փոխվի այս ոճի իշխանությունը»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: