«Ռուսաստանը սկսել է նմանվել երեխայի, ով մեծացել է, բայց չի կարողանում բաժանվել որոշակի խաղալիքներից». Արարատ Զուրաբյան
«Ես չեմ կարծում, որ սա առանձնապես Ադրբեջանին ձեռնտու է, սա Ադրբեջանին մասնակի է ձեռնտու, չեմ կասկածում, որ Ռուսաստանում էլ կարող են լինել շրջանակներ, որոնց ձեռնտու է այս լարումը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը՝ խոսելով սահմանային լարված իրավիճակի մասին:
Նրա գնահատմամբ, այս լարված իրավիճակն աննախադեպ է, սա «չարձանագրված կամ չհայտարարված» պատերազմ է: Ըստ Ա. Զուրաբյանի՝ բոլորի կողմից որոշակիորեն անտեսված է այս խնդիրը: «ՀԱՊԿ-ն ընդհանրապես որևէ գնահատական այս ամենի վերաբերյալ չի տալիս, ինչը զարմանալի է, քանի որ Հայաստանն այս դաշինքի անդամ է: Անհասկանալի է նաև Մինսկի խմբի համանախագահների պահվածքը, քանի որ հավասարության նշան դնել կողմերի միջև, ճիշտ չէ»,- նշեց նա:
Ա. Զուրաբյանի խոսքով, Ռուսաստանը սկսել է նմանվել մի երեխայի, ով մեծացել է, բայց չի կարողանում բաժանվել որոշակի խաղալիքներից, որոնք ունեցել է մանկության տարիներին: Նա պարզաբանեց, որ ԽՍՄՀ-ի փլուզումից հետո առաջացել են սուվերեն պետություններ, բայց, ըստ նրա՝ Ռուսաստանը փորձում է միջամտել այդ պետությունների գործերին: «Աշխարհում աննախադեպ է, երբ խաղաղարար, միջնորդական ինչ-որ առաքելություն ունեցող կամ կոնֆլիկտի հաղթահարման մասնակիցը զենք է վաճառում կողմերին, սա միայն Ռուսաստանի պարագայում է»,- նկատեց Ա. Զուրաբյանը:
Անդրադառնալով նաև Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի այն հայտարարությանը, որ Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելը բիզնես է՝ Ա. Զուրաբյանը նշեց, որ նման հայտարարությունը բացատրություն չունի. «Մեր Արտաքին գերատեսչության հիմնական նպատակը պետք է լիներ ինչ-որ զենքի խմբաքանակի վաճառքի պարագայում բողոքներ արտահայտելը դրա վերաբերյալ, համոզված եմ, որ Արտաքին գործերի նախարարությունը չի կատարում այն պարտավորությունները, որոնք պետք է կատարեր»:
Ա. Զուրաբյանի խոսքով՝ պատերազմի վտանգ միշտ կա, քանի դեռ կնքված չէ խաղաղության մեծ պայմանագիր:
Ըստ նրա՝ Ղարաբաղում ստատուս-քվոն սկսվել է ուժգնությամբ խախտվել՝ Հայաստանի՝ ԵՏՄ-ի կազմում մտնելուց հետո. «Կան ռուսական որոշակի շրջանակներ, որոնք ցանկանում են Ադրբեջանին տեսնել ԵՏՄ-ում, ու կարող է՝ ցանկություն ունենան անել դա Հայաստանի հաշվին»: Նա նաև կարծիք հայտնեց, որ Ռուսաստանին անհրաժեշտ է անընդհատ միջազգային հանրությանը ցույց տալ, որ ինքն այնքան ազդեցիկ է, որ կարող է առանձին տարածաշրջաններում, առանձին կոնֆլիկտներ սանձազերծել, ու պետք է իրեն հաշվի առնել. «Ուկրաինայից հետո ինքն ունի լուրջ խնդիրներ, նրան պետք է համագործակցության որոշակի դաշտեր ստեղծել, որպեսզի երկխոսություն սկսվի համաշխարհային հանրության հետ, ու կարծում եմ՝ սա այս իրողությունն է»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: