«Ռուսաստանին այս գործում գտնում եմ բացարձակ հանցագործ». Աշոտ Մանուչարյանը՝ սահմանի լարված իրավիճակի մասին

«Այս պահին Ռուսաստանը շահագրգռված է, որ կոնֆլիկտ չլինի, Ռուսաստանի հակառակորդները շահագրգռված են, որ լինի այնպիսի վիճակ, որ երբ պետք լինի՝ սրեն, երբ պետք չլինի՝ ոչ, որովհետև սա Ռուսաստանի մատույցներն են, Ռուսաստանի ազդեցության տարածքն է»,- այսօրվա ասուլիսում խոսելով սահմանային լարված իրավիճակի մասին՝ ասաց «Ղարաբաղ կոմիտեի» անդամ Աշոտ Մանուչարյանը:

Նրա խոսքով՝ հիմնական խնդիրն այն է, որ ժողովուրդները կառավարման լծակներն իրենց «ձեռքից դուրս են հանձնել, ու, եթե ներս չվերցնեն» ու չունենան համակարգեր, որոնցով իրենց գործը կառավարում են, քաղաքական ղեկավարությունը կարող է այս կամ այն քայլն անել դրսի դրդմամբ:

Ճշտող հարցին՝ ռուսական կողմից որևէ մեղավորություն չե՞ք տեսնում իրավիճակը լարված պահելու մեջ՝ հաշվի առնելով նաև այն մեծաքանակ զենքի առուվաճառքը, որ տեղի է ունենում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, Ա. Մանուչարյանը պատասխանեց, որ իր ասածը վերաբերում է այս պահին. «Կրկնում եմ, որ ես այս պահին ասացի, իսկ ընդհանրապես՝ ես Ռուսաստանին այս գործում գտնում եմ բացարձակ հանցագործ»:

Հարցին էլ՝ իսկ ինչո՞ւ ընդհանրապես մեղավոր է Ռուսաստանը, իսկ այս պահին՝ ոչ, Ա. Մանուչարյանն այսպես պատասխանեց. «Մենք խոսում ենք այս պահի շահերից, ամեն պահ շահերը փոխվում են: Մի պահ ձեռնտու է լինում Ռուսաստանին՝ ինչ-որ քայլեր անել լարվածությունը պահելու համար՝ այս կամ այն կողմին ազդելու նպատակով, մի պահ էլ ձեռնտու է լինում այս կամ այն երկրին, որպես կանոն, Արևմուտքին, Միացյալ Նահանգներին»:

Կարդացեք նաև

Ա. Մանուչարյանը պարզաբանեց, որ Ռուսաստանն այս պահին գտնվում է երկու պատերազմների մեջ՝ Սիրիայի և Ուկրաինայի, ու, եթե հիմա Ռուսաստանը երրորդ պատերազմը «շալակի», նա պարզապես «կխեղդվի». «Այդ է պատճառը, որ նա պարզապես պետք է ձգտի, որ այստեղ կոնֆլիկտ չծագի: Իհարկե, դա չի նշանակում, որ ինքն իր ազդեցությունը չի պահպանելու, ամեն վայրկյան փորձելու է օգտվել, հենց հնարավորություն լինի՝ պարտադիր զորքեր, զորամիավորումներ կմտցնի տարածաշրջան»:

Ա. Մանուչարյանը նաև հայտարարեց, որ, եթե պատերազմ լինի տարածաշրջանում, դա կնշանակի, որ համաձայնեցված է Ռուսաստանի հետ:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս