Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Սերժ Սարգսյանի հայտարարությանը
Շաբաթ օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստի օրակարգի հարցերի քննարկմանն անցնելուց անդրադառնալով Ադրբեջանի կողմից հրադադարի կոպիտ խախտման դեպքերին, վստահեցրել էր, որ Հայաստանի Հանրապետությունն ամեն ինչ անելու է հետևողականորեն բացահայտելու, հայտնաբերելու և հետապնդելու նման հանցագործությունների յուրաքանչյուր մեղավորի:
Մասնավորապես, անդրադառնալով Ադրբեջանի կողմից հրադադարի կոպիտ խախտման դեպքերին, Սերժ Սարգսյանն արել էր հետևյալ հայտարարությունը.
«Երբ մենք ասում ենք, որ պատերազմից վախենում ենք, բայց կռվելուց չենք վախենում, դատարկ խոսքեր չեն: Հայաստանը, իսկ երբ ես ասում եմ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է, երկրագնդի ամենառազմականացված տարածքներից են: Գիտեք, որ դեռ մեր պապերն են ասել՝ կռվի մեջ փլավ չեն բաժանում:
Եվ պարտադրված հրադադարի ավելի քան 20 տարվա ընթացքում, որը, Բաքվի իշխանավորների կամոք, այդպես էլ հնարավոր չեղավ վերածել խաղաղության, մենք ամեն ինչ արել ենք ՝ խուսափելու համար նոր առճակատումից: Այժմ էլ անելու ենք ու դրա մեջ պատժիչ գործողություններն էլ են մտնում, որպեսզի հակառակորդը չմտածի, թե մարսեց իր լկտի պահվածքը»:
Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ ի դեմս ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևի:
«Հայաստանի ղեկավարության այն հայտարարությունն այն մասին, թե Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է, Ադրբեջանի տարածքների օկուպացիայի հերթական ապացույցն է ու ևս մեկ անգամ ցույց է տալիս Հայաստանի իրական դեմքը»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավարը:
Վերջինիս խոսքով՝ Հայաստանի ղեկավարության նման «անպատասխանատու հայտարարությունը» ցույց է տալիս միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության, ՄԱԿ-ի ԱԽ-ի համապատասխան բանաձևերի, բանակցային գործընթացի ու միջազգային հանրության նկատմամբ անհարգալից վերաբերմունքը:
Նրա խոսքով՝ պաշտոնական Երևանի նպատակը ներկայիս ստատուս-քվոն պահպանելն է:
Գաջիևը դարձյալ Հայաստանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանակցությունները ձախողելու փորձերի մեջ:
«Ադրբեջանի Հանրապետությունը երբեք չի հաշտվի իր տարածքների օկուպացիայի հետ: Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի միայն Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: Հակառակ դեպքում Ադրբեջանի կողմից ձեռնարկվելիք քայլերի հետևանքների ողջ պատասխանատվությունը ընկնելու է Հայաստանի վրա»,- հայտարարել է Գաջիևը: