«Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը բեռ չէ, այլ հնարավորություն է ձեռնարկությունների զարգացման համար». Ժան Միշել Կասպարյան
«Կորպորատիվ պատասխանատվությունը գործարարական գործառույթ է: Շատ դեպքերում այն կարող է ընկերություններին տալ մրցակցային առավելություն. եթե տվյալ ընկերության աշխատակիցը հավատում է իր ընկերության սոցիալական և բնապահպանական առաքելությանը, ավելի երկար կմնա այդ ընկերության հետ, ինչը առավելություն է այն ընկերության նկատմամբ, որ չունի այդպիսի աշխատակիցներ»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց կորպորատիվ պատասխանատվության անկախ փորձագետ Նազարեթ Սեֆերյանը:
Նա նկատեց՝ երբ ընկերությունն ինքն է ձեռնամուխ լինում այդ խնդիրների լուծմանը, լուծում է նաև իր խնդիրները. «Օրինակ՝ «Սինոփսիս Հայաստան» ընկերությունում բարձր ինժեներական գիտելիքներով մասնագետների կարիք ունեին, որը, ցավոք, Հայաստանի կրթական համակարգը չէր պատրաստում: Հատուկ այդ ընկերության համար Պոլիտեխնիկ համալսարանի հետ մշակվեց ծրագիր, որի արդյունքում պատրաստվեցին այդ մասնագետները, որոնք աշխատում են ոչ միայն «Սինոփսիսում», այլև ուրիշ ընկերություններում: Այսինքն՝ ստեղծվեց նոր մասնագիտություն, ստեղծվեցին նոր աշխատատեղեր, ինչը շահութաբեր է և՛ պետության, և՛ այդ անհատների, և՛ ընկերության համար:
Կորպորատիվ պատասխանատվության շնորհիվ կարելի է նոր շուկաներ ստեղծել: Սակայն այն Հայաստանում շատերի կողմից ընկալվում է որպես բարեգործություն, որպես մի բան, որը լավ է անել զուտ բարի համբավի համար, բայց դա այդպես չէ, այն անհրաժեշտություն է»:
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը նշեց այն հիմնական պատճառները որոնք թույլ չեն տալիս, որպեսզի Հայաստանում զարգանա կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը. «Բիզնեսմենների գրագիտությունը, հասկանալու կարողությունը, բիզնես միջավայրում տիրող իրավիճակը (կոռտուպցիա, անհավասար մրցակցություն) և այլն: Կա միջազգային Iso2600 ստանդարտը, որը սոցիալական պատասխանատվության ոլորտում միջազգային ստանդարտ է և համակարգում է այս ոլորտի խնդիրները, որոնք առնչվում են այն ընդհանուր կոնցեպտներին, որոնց մասին անընդհատ խոսում ենք՝ մարդու իրավունքներ, աշխատանքի իրավունք, շրջակա միջավայրի պաշտպանություն, ռեսուրսախնայողություն, արտանետումների խնդիրներ, կոռուպցիայի դեմ պայքար: Այսինքն՝ շատ գլոբալ նպատակներ է դնում, որը մեր երկրում անհրաժեշտ է»:
Ասուլիսին ներկա էր նաև Ֆրանսիայի դեսպանության տնտեսական ծրագրերի համակարգող Ժան Միշել Կասպարյանը: Նա նշեց, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ֆրանսիայում և ուրիշ երկրներում ձեռնարկությունների սոցիալական պատասխանատվությունը ընկալվում է որպես բեռ, պարտադրանք, սակայն, ըստ նրա՝ դա լավ հնարավորություն է ձեռնարկությունների զարգացման համար: