«Ռուսաստանը պատրաստ չէ ընտրություն կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև». Կոնստանտին Կալաչով

Մեր զրուցակիցն է Ռուսաստանի Քաղաքական փորձագիտական խմբի ղեկավար Կոնստանտին Կալաչովը

– Պարոն Կալաչով, երեկ ՌԴ-ում կայացան ռուս-թուրքական բարձր մակարդակի հանդիպումները, նախքան դա, ՌԴ-ի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները Սոչիի հանդիպմանը հայտարարել էին 2 երկրների ռազմավարական հարաբերությունները խորացնելու մասին: Ինչպե՞ս եք գնահատում, որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը և անվտանգության երաշխավորը մերձ հարաբերություններ է հաստատում ՀՀ հակառակորդների հետ:

– Ռուսաստանը պատրաստ չէ ընտրություն կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Հայաստանը ՌԴ-ի համար ռազմավարական դաշնակից է, Ադրբեջանը` ռազմավարական գործընկեր, և ՌԴ-ն մտադիր է հարաբերությունները զարգացնել և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ: Այլ հարց է, որ դաշնակիցների հետ հարաբերությունները ենթադրում են համաձայնեցում, և պետք է հաշվի առնել դաշնակցի շահերը, իսկ երրորդ երկրների հետ հարաբերությունները կառուցել դաշնակցին հասկանալի հիմքի վրա` չվնասելով ու չնեղացնելով նրան:

Այսինքն` հայկական կողմից մտահոգությունը հասկանալի է, բայց ես կարծում եմ, որ ՌԴ-ն հնարավորինս կամրապնդի ու կջերմացնի հարաբերություններն Ադրբեջանի հետ` դրանց սառեցումից հետո, և ռուս-ադրբեջանական տնտեսական ու ռազմատեխնիկական համագործակցությունը պետք է ընդունել` որպես անխուսափելի:

Հայաստանի ղեկավարությունը, հավանաբար, ոչ բավարար ակտիվությամբ է հարցերը օրակարգում առաջ քաշում և պաշտպանում Հայաստանի շահերը: Ռուսական զենքի մատակարարումը, թերևս, ամենացավոտ հարցն է ՀՀ-ի համար, բայց դա արվում է` հաշվի առնելով, որ ՀՀ-ն ՀԱՊԿ և ԵՏՄ անդամ է: Եվ, հավանաբար, Հայաստանը պետք է հարցերը շատ ավելի կոշտ դնի: Բայց ես տպավորություն ունեմ, որ Սերժ Սարգսյանը դրան պատրաստ չէ: ՌԴ-ն գործում է այն հնարավորությունների սահմանում, որ ստեղծում է հենց Հայաստանը:

Ի վերջո, Ռուսաստանը փորձում է բալանս ապահովել, և դա է վկայում վերջերս ՀՀ-ին հատկացված 200 մլն դոլարի վարկը՝ ռուսական զենք գնելու համար: ՌԴ-ն փորձում է հարաբերություններ կառուցել 2 պետությունների հետ էլ` որոշակի առաջնահերթությունների հիման վրա: Այլ հարց է, եթե հանկարծ Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի: Սակայն այդ դեպքում պետք է նշել, որ ռուսական զենքը պահանջում է ռուսական զինամթերք, ռուսական սպասարկում և այլն, և հայկական կողմին կարելի է համոզել, որ մարտական գործողություններ սկսվելու դեպքում Ռուսաստանը կդադարեցնի ռազմական համագործակցությունն Ադրբեջանի հետ, ավելին` Ադրբեջանը դժվարություններ կունենա` զինամթերքի ու այլ անհրաժեշտ սարքավորումների հետ կապված: Բայց այս խոսակցությունը` ի օգուտ աղքատների, այնքան էլ չի մխիթարում:

– Նյու Յորքում կայանալու է ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, ընդ որում, երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանի լարված իրադրության կապակցությամբ, իսկ Ադրբեջանում ՌԴ դեսպանը հայտարարել է, որ Ռուսաստանն աջակցում է Ադրբեջանին միջազգային իրադրությունում: Ինչպե՞ս եք գնահատում այս ամենը, ու սա ի՞նչ «խոստովանություն» է ռուս դեսպանի կողմից:

– Քանի որ Ղարաբաղի թեման միջազգային հարաբերությունների առաջնահերթ հարցերից չէ, ավելի լուրջ ճգնաժամեր կան, որոնց վրա կենտրոնացել է աշխարհը, իսկ Ղարաբաղը սառեցված թեմա է, և այնպիսի ուշադրություն չի գրավում, ինչպես դրությունը Սիրիայում կամ Ուկրաինայում:

– Գուցե, բայց Ուորլիքը հայտարարել է, որ Ղարաբաղը ևս սառեցված թեմա չէ:

– Այո, կարելի է ասել` բանակցային գործընթացը շարունակվում է, բայց փաստացի մարտական գործողություններ չկան, այսինքն` սառեցված է: Պայմանականորեն ասած` Ադրբեջանն այժմ ձգտում է ևս մեկ անգամ հիշեցնել, որ կան տարածքային հարցեր, որոնցում ինքն իրավացի է, իսկ Հայաստանը` մեղավոր, կրկին հրավիրել միջազգային հանրության ուշադրությունը և փորձել աջակցություն ստանալ հնարավորինս շատ լուրջ խաղացողներից:

Հիշեցնելու համար, որ Ղարաբաղն ընդհանրապես գոյություն ունի, և հիշեցնելու համար դրան հարակից շրջանների մասին, Ադրբեջանին պետք է ժամանակ առ ժամանակ այնտեղ կրակել, որովհետև, եթե չեն կրակում, դա ոչ մեկին չի հետաքրքրում` ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Ամերիկային, ո՛չ էլ մյուսներին: Իսկ երբ սկսվում է հակամարտության սրացում և, թեկուզ տեսական ռազմական գործողություններ, օգտագործելով ծանր տեխնիկա, պետք է դրան կրկին անդրադառնալ ու հիշել բանակցային գործընթացի մասին, որը, վատ թե լավ, ընթանում է:

Ես կարծում եմ, որ Ալիևի համար հիմա շատ կարևոր է առավելագույն ուշադրություն հրավիրել այդ թեմային, նաև ներքին լսարանին ցույց տալով խնդրի կարգավորմանն ուղղված իր ջանքերը: Ի վերջո, ոչ միայն Հայաստանն է գտնվում ճգնաժամում, այլև Ադրբեջանում տնտեսական դրությունը լավ չէ` պայմանավորված նավթի գների անկմամբ, իսկ որքան հասկանում եմ, նավթի գները դեռ երկար ժամանակ չեն բարձրանա, եթե ընդհանրապես բարձրանան:

Ընդհանուր առմամբ` ակնհայտ է, որ իրավիճակը, երբ տնտեսական աճը հետզհետե դադարում է, և սկսվում են խնդիրները, երբ բնակչության կենսամակարդակը սկսում է ընկնել, հարկավոր է հանրության ուշադրությունը տեղափոխել այլ թեմայի վրա, որը, ի դեպ, նրանց հասարակությունում միշտ «տաք» է պահվում, և հավատացեք, ես հաճախ եմ շփվում ադրբեջանցի լրագրողների հետ, նրանց մոտ Հայաստանի հանդեպ ատելության մակարդակն ուղղակի անցնում է բոլոր սահմանները: Ալիևին հարկավոր է որոշակի առաջընթաց ցույց տալ խնդրի կարգավորման հարցում, եթե ոչ` Ղարաբաղի վերադարձ, ապա` գոնե հարակից տարածքների ինչ-որ մասի վերադարձ, ինչի մասին Ադրբեջանը մշտապես խոսում է:

Այսինքն` Բաքուն փորձում է ցույց տալ իր վճռականությունը, այդ թվում` կիրառելով ուժային լուծումներ: Թեև բոլորը հասկանում են, որ լայնածավալ ուժային մեթոդներ Ադրբեջանը չի կիրառի, և դրանում է հենց Բաքվի դիրքորոշման ողջ թուլությունը: Քանի որ, եթե Ադրբեջանն իսկապես ցանկանար դրանք կիրառել, ապա կկիրառեր այն ժամանակ, երբ ՌԴ-ն ամբողջովին զբաղված էր Դոնբասի խնդրով, և նախքան ռուս-ամերիկյան հարաբերությունների որոշակի ջերմացումը Սիրիայի խնդրի հետ կապված:

Այսինքն` Ադրբեջանը եթե պատրաստ լիներ սկսել պատերազմ, ապա պետք է սկսեր ավելի վաղ: Դրա համար, կարծում եմ, պատերազմ չի լինի: Դա չափազանց մեծ ռիսկ է ադրբեջանական ներկայիս քաղաքական ռեժիմի համար, որը գիտակցում է, որ, բացի միջազգային հանրության հետ խնդիրներից, կարող է ոչ թե հաղթել, այլ պարտվել: Այսինքն` Ալիևը պատրաստ չէ իր ճակատագիրը դնել ռազմական խաղասեղանի վրա:

Ամեն դեպքում` նա փորձում է ցույց տալ Ադրբեջանի ռազմական պատրաստվածությունը: Ռուսաստանն իրեն պահում է, իմ կարծիքով` բավականին խորամանկ ու դիվանագիտորեն, ամեն դեպքում, արտաքին քաղաքական խնդիրները լուծված են` ՀՀ-ն ԵՏՄ-ում է, Բաքուն գնում է ռուսական զենքը, և հարաբերությունները ջերմ են, իսկ եթե Ալիևը «Ռոսնևտին» հրավիրի համատեղ աշխատելու, առավել ևս լավ կլինի:

– Պարոն Կալաչով, Հայաստանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների: Ինչպե՞ս է Մոսկվան վերաբերվում դրան: Այստեղ լուրեր են շրջանառվում, որ Կրեմլն այնքան էլ գոհ չէ այդ փոփոխություններից:

– Ես կարծում եմ, որ քանի որ Մոսկվան իդեալին մոտ է համարում կառավարման այն համակարգը, որ կա Ռուսաստանում, ապա ակնհայտ է, որ այն, ինչ տարբերվում է դրանից, կասկածներ է հարուցում: Հայաստանը, անխոս, ժողովրդավար երկիր է, և այդտեղ կատարվողն այստեղ ոչ միանշանակ արձագանք է առաջացնում: Հաճախ փորձում են ամեն ինչ բարդել Արևմուտքի վրա, որ մեծ դեր ունի, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, և այլն:

Ես կարծում եմ, որ այդ սահմանադրական փոփոխություններն այստեղ ոգևորություն չեն առաջացնում, սակայն դրանք ընդունվում են` որպես իրականություն: Այսինքն` դա անհրաժեշտություն է Հայաստանում համընդհանուր կոնսենսուսի հասնելու համար: Ըստ էության, դրանով որոշվում են մի շարք խնդիրներ, որոնց մասին ես չէ, որ պետք է Ձեզ ասեմ:

Ցավոք, ոչ բոլորն են հասկանում և, կարծում եմ, դա ռուսական քաղաքականության մեծագույն թերությունն է, որ խաղադրույք է արվում անձերի վրա, և ոչ թե` հիմնվում են ինստիտուտների, շահերի, ընդհանուր երկրի ու բնակչության հետ հարաբերությունների վրա: Իրականում, ես կարծում եմ, որ Ռուսաստանը պետք է հասկանա, որ քաղաքական փոփոխություններ ՀՀ-ում կլինեն, ի վերջո, ՀՀ-ում ամեն ինչ որոշվում է ընտրությունների միջոցով, և ՀՀ-ն չունի իր Պուտինը, պարոն Սարգսյանն ակնհայտորեն Պուտին չէ, և ամենայն հարգանքով վերաբերվելով իր արժանիքներին, այնուամենայնիվ, ղարաբաղյան կլանը Հայաստանում արդեն շատերին հոգնեցրել է:

Եվ պետք է ավելի շատ աշխատել հայ հանրության, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության հետ, ինչը հասկանալի է, բայց ինչը տեղի չի ունենում: Ինձ թվում է, որ ՌԴ-ում ուկրաինական դեպքերից դասեր չեն քաղվել, դժբախտաբար: Թեև իրադրությունը տարբեր է, Ուկրաինայում գայթակղություն կար, որ կոչվում է Ղրիմ, բայց ես կարծում եմ` նախքան Մայդանն էլ արդեն ռուսական քաղաքականությունն ապաազգայնացվել է:

– Ռազմավարական զարգացման ինստիտուտը նոր ղեկավար ունի` Էդվարդ Անտինյանը: Ձեր կարծիքով` ի՞նչ խնդիր է փորձում Մոսկվան լուծել այդ նշանակմամբ:

– Դա հենց այն է, ինչի մասին խոսում էի: Կարծում եմ` Մոսկվայում վերջապես մտահոգվել են Հայաստանի թեմայով` ձեր «էլեկտրական երթերից», Գյումրիի և այլ իրադարձություններից հետո, և ՌԴ-ում հասկացան, որ այնքան էլ ադեկվատ չեն ընկալել հարաբերություններն ու իրադրությունը: Հասկանալի է, որ հայկական հասարակությունում տարբեր տրամադրություններ կան, և դա, բնականաբար, այժմ հաշվի կառնվի: Ակնհայտ է, որ բացի տնտեսական համագործակցությունից, որ այս տարի լուրջ խնդիրներ ունի, պետք է նաև համագործակցության այլ ձևեր լինեն` երկարաժամկետ, կարճաժամկետ, պետք է քննարկել ինտեգրման ծրագրեր ԵՏՄ շրջանակներում, լուծել ՌԴ-ում հայկական սփյուռքի հարցը, զարգացնել հումանիտար, գիտական, կրթական, մշակութային հարաբերությունները:

Տեսանյութեր

Լրահոս