Բժիշկը հրաժարվե՞լ է կեսարյան հատում կատարել՝ պատճառաբանելով, թե թել և կատետր չունի
Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ «Արմավիր ԲԿ» ՓԲԸ բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի նախկին վարիչը մեղավոր է ճանաչվել առաջադրված մեղադրանքում՝ դատապարտվելով 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Դատարանի վճռով՝ պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է 2 տարի ժամկետով փորձաշրջան:
Ինչո՞ւմ է մեղադրվել բժիշկը
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով բժշկական կենտրոնում՝ որպես մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ և հանդիսանալով առևտրային կազմակերպության կառավարչական գործառույթ իրականացնող ծառայող՝ մանկաբարձական անվճար բժշկական սպասարկման ծրագրով իրականացվող կեսարյան հատում վիրահատություն կատարելու համար հղի կնոջ սկեսրոջից որպես կաշառք պահանջել է գումար, սակայն մերժում ստանալով՝ հրաժարվել է հղի կնոջը բուժօգնություն ցուցաբերել:
Ըստ դատարանի վճռի՝ մինչդատական վարությում հաստատվել է, որ նշանակված օրը հղի կինը սկեսրոջ և ամուսնու հետ բոլոր պարագաներով գնացել է հիվանդանոց, բժշկի կարգադրությամբ հղիին տարել են վիրահատական սրահ՝ պատրաստելու վիրահատության. այդ ընթացքում բժիշկն իր աշխատասենյակ է հրավիրել հղի կնոջ սկեսրոջը և վիրահատության համար գումար պահանջել, իսկ երբ վերջինս հայտնել է, որ իրենք գումար չունեն, նշված վիրահատությունն անվճար է, բժիշկն ասել է, որ այդ դեպքում ինքն էլ վիրահատական թել և կատետր չունի, իսկ ապա անձամբ գնացել է վիրահատական սրահ ու կարգադրել դադարեցնել նախապատրաստական աշխատանքները՝ սրահից դուրս հրավիրելով հղի կնոջը: Հարազատներն անմիջապես գնացել են մարզպետարան և նշված խնդրի մասին հայտնել մարզպետին, ով անձամբ այդ պահին գնացել է բժշկական կենտրոն, տնօրենի հետ միասին հրավիրել են նույն բաժանմունքի բժշկուհուն, ով բաժանմունքում եղած պարագաներով՝ կատետր, վիրահատական թել և այլն, կատարել է վիրահատությունը: Բժշկական կենտրոնի տնօրենի հրամանով՝ բժիշկն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Ի՞նչ ցուցմունք է տվել բժիշկը
Ըստ դատարանի վճռի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով առաջադրված մեղադրանքում թե՛ նախաքննության, թե՛ դատաքննության ընթացքում բժշիկն իրեն մեղավոր չի ճանաչել, նախաքննության ընթացքում հրաժարվել է ցուցմունքներ տալուց, սակայն դատական քննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ սույն քրեական գործը շինծու է: Ըստ ցուցմունքի՝ ինքը զննել է հղիին և կանչել է: Այդ օրը եկել է հղին, հետազոտել է ինքը, իր մոտ է կանչել վերջինիս սկեսուրին և ասել, որ ուղեգիր կտա, որպեսզի հղիին տանեն Երևան՝ կեսարյան վիրահատություն անելու նպատակով: Հետո իր աշխատասենյակ են մտել տղամարդիկ ու սկսել բղավել, ինքը գումար չի պահանջել, իրեն մեղավոր չի ճանաչում և չի զղջում ոչնչի համար:
Դատարանի գնահատմամբ՝ ամբաստանյալն իր նմանօրինակ պահվածքով ու ցուցմունքով նպատակ է հետապնդում խույս տալ քրեական պատասխանատվությունից, մինչդեռ վերջինիս կողմից կատարած հանցանքը հիմնավորվել է քրեական գործով ձեռք բերված ապացույցներով:
Ինչո՞վ է դատարանն ապացուցված համարել մեղադրանքը
1. Վկա, բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բուժքույրը ցուցմունք է տվել, որ ինքը գտնվել է հերթապահության մեջ, բժիշկներից մեկը կարգադրել է հղի կնոջից վերցնել համապատասխան նմուշներ, կատարել հետազոտություններ և նախապատրաստել վիրահատության: Ինքը կատարել է բոլոր նախապատրաստական աշխատանքները, որից հետո, քիչ անց ներս է մտել ամբաստանյալը և ասել, որ չի կարող կատարել վիրահատությունը, պետք է ուղեգրի հղիին Երևան քաղաք, ու դուրս եկել:
Հղին հագնվել ու վրդովված դուրս է եկել վիրահատական սենյակից, քանի որ վիրահատության օրը նախապես էր նշանակված եղել: Ինքը լսել է, թե ինչպես են միջանցքում հղիի հարազատները վիճել ամբաստանյալի հետ՝ պահանջելով կատարել կեսարյան վիրահատությունը: Քիչ անց եկել է մեկ այլ բժիշկ և եղած պարագաներով կատարել կեսարյան վիրահատությունը, որն անցել է նորմալ, և հղին տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք՝ իրենց հսկողության տակ:
2. Վկա, վիրաբուժական բաժանմունքի հերթապահ բուժքույրը ցուցմունք է տվել, որ դեպքի օրն ինքը եղել է հերթապահության և գտնվել է վիրահատարանում: Վիրահատարան է մտել նախկին բժիշկը և իրեն հարցրել՝ վիրահատական թել կա՞, և առանց իր պատասխանը լսելու՝ ինքն իրեն պատասխանելով, որ թել չկա, դուրս է եկել վիրահատարանից: Ինքն էլ՝ վերցնելով վիրահատական թելը, գնացել է նախկին բժշկի հետևից ու, նրան տեսնելով գինեկոլոգիական բաժանմունքում՝ ասել է, որ «թել կա», ու ցույց տվել վիրահատական թելը: Իր պատասխանը դուր չի եկել նախկին բժշկին, ու նա իրեն ասել է՝ «Դիր ջեբդ ու գնա գործիդ»:
Նա զարմացել է նման պատասխանից, քանի որ նախօրոք իրեն հայտնել էր, որ կեսարյան վիրահատություն պետք է կատարվեր: Դրանից հետո նա գնացել է իր բաժանմունք, իսկ հետագայում տեղեկացել, որ բժիշկը հղիի հարազատներից գումար է պահանջել վիրահատության համար, սակայն չստանալով՝ վիրահատություն չի կատարել՝ պատճառաբանելով, որ վիրահատական թել չկա: Երբևէ չի եղել, որ բաժանմունքում վիրահատական թել չլինի ու այդ պատճառով վիրահատություն չկատարվի:
3. Վկա, բժշկական կենտրոնի բժիշկ-անեսթեզիոլոգը ցուցմունք է տվել, որ դեպքի օրն աշխատասենյակ է կանչել գինեկոլոգիական բաժանմունքի նախկին վարիչը և հայտնել, որ կեսարյան վիրահատություն պետք է կատարի, և հանձնարարել է պատրաստել հղիին: Ինքը հղիի հետ դուրս է եկել աշխատասենյակից, իսկ հղիի հարազատը մնացել է նրա մոտ: Ինքը կանչել է բուժքրոջը և հանձնարարել է կատարել հետազոտություններ վիրահատությանը պատրաստվելու համար, ու գնացել է հեմոդիալիզի բաժանմունք:
10-20 րոպե անց, երբ բարձրացել է վիրահատարան՝ տեսել է, որ հղին այնտեղ չէ, և բուժքրոջից տեղեկացել է, որ բժիշկը հրաժարվել է կեսարյան վիրահատություն կատարելուց և հղիի հարազատներին առաջարկել է նրան ուղեգրել Երևան: Ինքը լսել է, թե ինչպես են հղիի հարազատները վիճաբանում բժշկի հետ՝ ասելով, եթե վիրահատություն չէր կատարելու, ինչո՞ւ է օր նշանակել, իսկ վերջինս պատասխանել է, թե թել չկա, ինչը, սակայն, իրականությանը չէր համապատասխանում:
4. Հղի կինը ցուցմունք է տվել այն մասին, որ նշանակված վիրահատության օրը գնացել է վիրահատության: Բժշիկն իր աշխատողներին կարգադրել է, որպեսզի իրեն տանեն և նախապատրաստեն վիրահատության: Քիչ անց, երբ ինքը գտնվել է վիրահատական սրահում՝ հետազոտության մեջ, ներս է մտել բժիշկը և ասել, որ վիրահատական թել չկա, վիրահատություն չի կարող կատարել, և խոսքն ուղղելով կոնկրետ իրեն՝ ասել է. «հագնվի աղջիկ ջան», ու դուրս եկել սրահից: Ինքը հագնվել է, զարմացած ու ապշած այդ ամենից, դուրս եկել և միջանցքում հանդիպելով իր հարազատներին՝ տեղեկացել է, որ բժիշկը գումար է պահանջել վիրահատության համար, ու չստանալով՝ հրաժարվել է վիրահատություն կատարելուց՝ պատճառաբանելով, թե իբր թել չկա: Սակայն քիչ անց եկել է այլ բժիշկ:
5. Վկա, մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի բժիշկը ցուցմունք է տվել, որ դեպքի օրը հիվանդանոցի տնօրենը խնդրել է շտապ գալ հիվանդանոց: Ինքը գնացել է հիվանդանոց և բակում տեսել քաղաքացիների, ովքեր բարձրաձայն դժգոհել են ամբաստանյալից: Ինքը գնացել է վիրահատարան ու կատարել կեսարյան վիրահատություն: Վիրահատության համար անհրաժեշտ բոլոր պարագաներ եղել են, և չի եղել դեպք, որ վիրահատական թելի կամ այլ պարագայի բացակայության պատճառով վիրահատություն չկատարվի:
6. Վկա, կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքի բժիշկը ցուցմունք է տվել, որ հղի կինը հաշվառվել է իրենց մոտ՝ որպես հղի: Վերջինիս նկատմամբ հսկողությունը, բոլոր հետազոտությունները կատարել է ինքն անձամբ: Երբ կինը հերթական անգամ եկել է կոնսուլտացիայի, ինքը հետազոտել է նրան, ամեն ինչ եղել է նորմալ, ուստի ինքը բոլոր փաստաթղթերով ուղարկել է բաժանմունքի վարիչի՝ ամբաստանյալի մոտ՝ կեսարյան վիրահատություն կատարելու համար: Դեպքի օրն իրեն է զանգահարել ԲԿ-ի տնօրենը, ու ինքն անմիջապես գնացել է աշխատանքի ու վերջինիս կարգադրությամբ բժշկուհու հետ կատարել են հղի կնոջ կեսարյան վիրահատությունը: Ինքը միայն տեղում է հասկացել, որ ամբաստանյալը հրաժարվել է վիրահատություն կատարելուց՝ պատճառաբանելով, թե իբր վիրահատական թել և կատետր չկա: Սակայն իրենք հղիին վիրահատել են եղած պարագաներով, ու չի եղել որևէ դեպք, որ բաժանմունքում վիրահատական թել չլինի, կամ թել չլինելու պատճառով վիրահատությունը չկատարվի:
7. Վկա, հղի կնոջ սկեսրոջ եղբայրը հայտնել է, որ կեսարյան վիրահատություն կատարելու համար կնոջը տարել են վիրահատարան: Բժիշկի կարգադրությամբ կնոջը տարել են վիրահատական սրահ, իսկ քույրը մտել է բժշկի աշխատասենյակ: Քիչ անց իր քույրը դուրս է եկել բժշկի մոտից և ասել, որ վերջինս վիրահատության համար գումար է ուզել և չստանալով՝ հրաժարվել է վիրահատությունից՝ պատճառաբանելով, որ վիրահատական թել չունի: Ինքը մոտեցել է բժշկին, առաջարկել անհապաղ գնալ որևէ դեղատնից գնել անհրաժեշտ պարագաներ և կատարել վիրահատությունը, սակայն նա իրեն տվել է անորոշ պատասխաններ, խուսափել խոսակցությունից՝ պահանջելով դուրս գալ շենքից:
Ինքն անմիջապես գնացել է Արմավիրի մարզպետի մոտ, պատմել ամենը, որից հետո վերջինիս կարգադրությամբ տնօրենը հրավիրել է մեկ այլ բժշկի, ով եղած պարագաներով կատարել է վիրահատությունը:
8. Վկա, հղի կնոջ ամուսինը ցուցմունք է տվել, որ նշանակված օրն իրենք պատրաստված կնոջը տարել են վիրահատության: Ամբաստանյալը բժշկին կարգադրել է կնոջը տանել վիրահատարան և նախապատրաստել վիրահատության, իսկ մորը կանչել է իր աշխատասենյակ:
Քիչ անց ամբաստանյալը դուրս է եկել աշխատասենյակից, իսկ նրա հետևից մայրն է դուրս եկել և իրեն հայտնել, որ վերջինս նրանից գումար է ուզել, և, բացասական պատասխան լսելով՝ հրաժարվել է վիրահատություն կատարելուց՝ պատճառաբանելով, որ վիրահատական թել ու կատետր չունի: Բացի դա, պատճառաբանել է, որ երկրորդ կեսարյան վիրահատություն իրավունք չունի կատարելու, այն պետք է պարտադիր կատարվի Երևանում: Դրանից հետո ամբաստանյալը գնացել է վիրահատարան ու ասել, որ վիրահատություն չի կատարելու, որից հետո կինը դուրս է եկել վիրահատարանից: Մորեղբայրն իմանալով այդ մասին՝ գնացել է մարզպետարան, քիչ անց հիվանդանոց են եկել մարզպետը և հիվանդանոցի տնօրենը, որոնց կանչով եկել է մեկ այլ բժիշկ, ով էլ կատարել է վիրահատությունը:
9. Հղի կնոջ սկեսուրը ցուցմունք է տվել այն մասին, որ նշանակված օրն իրենք պատրաստված հարսին տարել են վիրահատության: Ամբաստանյալը բժշկին կարգադրել է հարսին տանել վիրահատարան և նախապատրաստել վիրահատության, իսկ իրեն կանչելով իր աշխատասենյակ՝ հարցրել է, թե որքա՞ն գումար կարող է տալ վիրահատության համար: Ինքը պատասխանել է, որ կեսարյան վիրահատությունն անվճար է, և ինքը գումար չունի: Դա լսելով՝ ամբաստանյալը հրաժարվել է վիրահատություն կատարել՝ պատճառաբանելով, որ վիրահատական թել ու կատետր չունի, բացի դա, պատճառաբանել է, որ երկրորդ կեսարյան վիրահատությունը պետք է կատարվի Երևանում: Դրանից հետո ամբաստանյալը գնացել է վիրահատարան ու ասել, որ վիրահատություն չի կատարելու, քանի որ թել չկա, որից հետո հարսը հագնվել ու դուրս է եկել վիրահատարանից: Ինքն այդ մասին հայտնել է եղբորը, ով գնալով մարզպետարան՝ պատմել է կատարվածի մասին, ու մարզպետի կարգադրությամբ մեկ այլ բժիշկ է կատարել վիրահատությունը:
Դատարանի իրավական վերլուծությունները
Դատարանն ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժն ինչպես՝ մեղմացնող, այնպես էլ՝ ծանրացնող հանգամանքներ դատաքննությամբ չի հայտնաբերել:
Դատարանը նշել է, որ ամբաստանյալը նախկինում թեև դատվել է, սակայն դատվածությունը մարվել է, ֆիզիկապես վատառողջ է, բնութագրվում է դրականորեն:
Դատարանը գտել է, որ ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների բացակայությունը, տարիքը, ինչպես նաև՝ նրա առողջական վիճակը բավարար են հանգելու այն հետևության, որ նրա ուղղվելը հնարավոր է՝ առանց հասարակությունից մեկուսացնելու, ուստի ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն պետք է չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան։
Նշենք, որ դատավճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկամսյա ժամկետում. այդ ընթացքում այն կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան: