Ուզում են իրենց «Սերժը» դառնա նախագահ, որ կարողանան օգտվել. Հրանտ Մարգարյանը՝ նոր Սահմանադրությանը ոչ ասողների մասին
«Ամեն ինչ պետք է տրամաբանական լինի. ասածդ խոսքը պետք է կարողանաս նաև հիմնավորել: Եթե ընդդիմությունն ասում է, որ նոր Սահմանադրությունը վերարտադրությանն է ծառայում, ապա ես էլ ասում եմ, որ գործող Սահմանադրությունն ապահովել է իշխանությունների վերարտադրությունը։ Ինչո՞ւ պետք է փոխեին, որպեսզի նորից վերարտադրվեին: Եթե նոր սահմանադրությամբ որևէ մեկը ձեռք է բերում վերարտադրվելու հնարավորություն, ապա պետք է ցույց տան, թե դա ո՞ր կետերի հիման վրա է»,-երեկ Ռ-էվոլյուցիա հաղորդման ժամանակ ասաց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։
«Այսօր գործող նախագահը կարող է հաջորդ շրջանում վարչապետ դառնալ: Այսօրվա սահմանադրությամբ հաջորդ նախագահը ով էլ լինի, եթե նույն կուսակցությունից չէ , մեծամասնություն չունի ԱԺ-ում, տկար վիճակի մեջ կհայտնվի և վարչապետը կունենա ավելի մեծ իշխանություն: Այդ վիճակից երկիրը չի շահի, այսինքն՝ երկիրը կկանգնի փակուղու առջև: Գործող Սահմանադրությունը իշխանություններին տալիս է գերկենտրոնացվածության հնարավորություն և եթե այդ իշխանությունները քաղաքական կամք չունեին, չէին գործադրում, ու ոչ-ոք իրենց օձիքից չէր բռնում»,- ասաց նա՝ հավելելով, որ նոր Սահմանադրությամբ նրանց օձիքից բռնող կլինի»:
Հ. Մարգարյանի կարծիքով՝ այն բոլոր ուժերը, որոնք ասում են՝ նոր Սահմանադրությամբ իշխանությունը կվերարտադրվի, իրականության մեջ թաքցնում են մի բան. «Իրենք հավանական են համարում, որ եթե այսօրվա Սահմանադրությամբ մենք գնանք հաջորդ նախագահական ընտրություններին, հավանաբար, իրենց թեկնածուն կդառնա նախագահ: Եվ իրենք կկարողանան քաղաքական իշխանությունը կենտրոնացնել իրենց ձեռքում: Այսինքն՝ ամբողջ հարցն այնքան նեղ կուսակցական է, այնքան խմբակային շահն է խնդրո առարկա, որ ժողովուրդն ընդհանրապես գոյություն չունի: Եվ այո, պետք է փորձել հասկանալ՝ ինչո՞ւ է իշխանությունը գնում սահմանադրական փոփոխությունների: Անպայման այն չէ, որ ցանկանում է խաբել ժողովրդին, գուցե նաև տեսնում է, որ այսպես հնարավոր չէ իշխանություն պահել ու մտածում է՝ ստեղծել մի համակագ, որպեսզի ինքն էլ կարողանա գոյություն ունենալ, եթե նույնիսկ իշխանություն չէ: Նախագահը երևի ասում է՝ ո՞ւր է Լևոն Տեր-Պետրոսյանը, ո՞ւր է Ռոբերտ Քոչարյանը, որ ես էլ վաղը նույն օրը չընկնեմ՝ մի երկիր ստեղծեմ, որտեղ բոլորը կարողանան ապրել, աշխատել , գոյություն ունենալ: Ամբողջ հարցն այն է, որ գործող Սահմանադրությունը իշխանություններին տալիս է գերկենտրոնացվածության հնարավորություն, ինչը որ արել են, դրա համար էլ երկրում շատ բացասական երևույթներ են դրսևորվել. տնտեսությունն է գերկենտրոնացվել, ժողովրդավարությունն է ձևական դարձել և այլն: Սահմանադրությունն է տվել այդ լիազորությունը այս իշխանություններին»:
Նա նաև նշեց, որ եթե մյուս կուսակցություններն ունեն 1 նախագահի թեկնածու և նրա հետևում պետք է թաքնվեն, իրենք առնվազն 7-8 նախագահի թեկնածու ունեն. «Բայց մենք գաղափարական մարդիկ ենք, ավանտյուիստներ չենք: Նրանց թեկնածուներից ոչ մեկը ռեալ հնարավորություններ չունի նախագահի թեկնածու դառնալու համար, եթե խոսքը հրապարակում հնչած անուններն են: Իրենց կյանքի նպատակը այսինչին նախագահ տեսնելն է, իրենց «Սերժով» Սերժին փոխարինելու ծրագիրն է, իրենք այս երկիրը չեն ուզում լավացնել, ուզում են իրենց «Սերժը» դառնա նախագահ, որ կարողանան օգտվել: Սա է իրենց ծրագիրը: Ոչ թե ուզում են նախագահ դարձնել մեկին, որ այս երկիրը փրկի: Իսկ մեր ասածն այն է, որ մենք նոր ուղի ենք դուրս գալու, նոր քաղաքական մշակույթ և հարաբերություններ են ձևավորվելու, որոնք կստեղծեն հարցերը լուծելու ընթացք: Սա է հարցը: Մենք չենք ասում, որ հենց խորհրդարանական համակարգ եղավ, բոլոր հարցերը կվերանան, ոչ: Դարձյալ մարդիկ դերակատար են և կան լավ ու վատ դերակատարներ»: