Եգիպտացի միլիարդատերը ներգաղթյալների համար գնած կղզին կանվանի սիրիացի խեղդված փոքրիկի անունով
Եգիպտացի գործարար Նագիբ Սավիրիսը հայտարարել է, որ գտել է երկու մասնավոր հունական կղզի, որը հարմար կլինեն ներգաղթյալների կյանքի համար, հայտնում է CNN-ը:
«Մենք կապ ենք հաստատել դրանց տերերի հետ, ովքեր հետաքրքրվել են ու պատրաստ են շարունակել բանակցությունները»,- ասել է Սավիրիսը:
Նրա խոսքով՝ կղզիներից մեկը մտադիր է անվանել Այլան՝ ի պատիվ սիրիացի 3 տարեկան Այլան Քուրդիի, ով այս ամսվա սկզբին խեղդվեց Էգեյան կղզում՝ իր ընտանիքի հետ հունական Կոս կղզի գնալու ճանապարհին:
«Այդ նկարը ցնցեց ինձ: Ես պարզապես չեմ կարող ձեռքերս ծալած նստել ու ձևացնել, թե դա ինձ չի վերաբերում»,- ասել է Սավիրիսը:
Ավելի վաղ գործարարը հայտարարել է, որ պատրաստ է գնել մեկ կամ մի քանի կղզիներ, որպեսզի այնտեղ բնակվեն Մերձավոր արևելքից ու Աֆրիկայից ժամանած փախստականները:
Սկզբնապես նրա գաղափարը շատերը անվանել էին անհեթեթ, սակայն Սավիրիսը հայտարարել է, որ ստացել է «բազմաթիվ հետաքրքիր հաղորդագրություններ» պոտենցյալ ներդրողներից:
«Ես կկառուցեմ ոչ մեծ նավահանգիստ կամ նավերի ապաստարան: Մարդկանց կվարձեմ, որ կառուցեն տներ, դպրոցներ, հիվանդանոցներ, համալսարան, հյուրանոց»,- ասել է նա՝ հավելելով, թե հույս ունի ապաստան տրամադրել 100-200 հազար փախստականի:
Ինչպես հայտնում են արևմտյան ԶԼՄ-ները, գործարարը ասել է, որ կղզու գնումն իրեն կարժենա նվազագույնը 10 մլն դոլար, առավելագույնը՝ 100 մլն դոլար: Նա, սակայն, խոստովանել է, որ կղզում անհրաժեշտ ենթակառուցվածքներ կառուցելը բարդ է:
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Թուրքիայի Բոդրում քաղաքի մոտ նավակների շրջվելու հետևանքով 12 սիրիացի փախստական էր խեղդվել:
The Guardian-ը հրապարակել էր կադրեր, որտեղ երևում էր, թե ինչպես է ծովափին ընկած մի խեղդված փոքրիկ:
Երեխան 3-ամյա Այլան Քուրդին էր Սիրիայի Քոբանի քաղաքից: Նրա հետ միասին խեղդվել էին 5 տարեկան եղբայրն ու մայրը: