Բաժիններ՝

Հունաստանի նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասի կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում

Հունաստանի նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասն իր «Սիրիզա» կուսակցության հաղթանակն անվանել է «ժողովրդի հաղթանակը», հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նա հայտարարել է, որ Հունաստանին սպասվում է դժվարին ճանապարհ, ու որ ֆինանսական ճգնաժամը կարող է հաղթահարվել միայն համառ աշխատանքով:
Ցիպրասի կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեների 99%-ի հաշվարկից հետո հավաքել է ձայների 35,47%-ը, Վանգելիս Մեյմարակիսի պահպանողական «Նոր դեմոկրատիա» կուսակցությունը՝ ձայների 28%-ը:

Մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին կազմել է 56%, ինչը նախորդ՝ հունվարյան ընտրությունների համեմատ ավելի քիչ է:
Հունաստանի խորհրդարանական ընտրությունները 6 տարում արդեն 5-րդն էին: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին հայտարարվեց օգոստոսին, երբ Ալեքսիս Ցիպրասը հրաժարական ներկայացրեց:

Պահպանողականներն արդեն ընդունել են իրենց պարտությունն ու շնորհավորել Ցիպրասին հաղթանակի կապակցությամբ:
«Քվեարկության արդյունքները ցույց են տալիս, որ «Սիրիզան» ու պարոն Ցիպրասը հաղթանակել են: Ես շնորհավորում եմ նրան ու խնդրում ձևավորել կառավարություն, որը հարկավոր է երկրին»,- հայտարարել է Վանգելիս Մեյմարակիսը:

«Սիրիզան» Հունաստանի 300 անդամ ունեցող խորհրդարանում կստանա մոտավորապես 144 տեղ, ընդդիմությունը՝ 75:
Կուսակցությունը պետք է միավորվի քաղաքական մյուս ուժերի հետ կառավարություն ձևավորելու համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալեքսիս Ցիպրասը տեսաուղերձ էր հղել, որտեղ հայտարարել է իր հրաժարականի մասին: Նա նաև տեղեկացրել է, որ ինքն ու իր կուսակցությունը կմասնակցեն նոր ընտրություններին, որպեսզի գնահատեն, թե ինչպես է մարդկանց վստահությունը իրենց նկատմամբ փոխվել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս