Լավ մոռացված հին կանխատեսումը

Վերջին 2 օրերին գրեթե բոլոր ԶԼՄ-ներն անդրադարձան այն թեմային, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը տխուր կանխատեսումներ է արել Հայաստանի համար։ Մասնավորապես, ըստ այդ կանխատեսումների, Հայաստանի տնտեսությունը 2015 թվականին կաճի ընդամենը 0.9%-ով։ Իրոք մռայլ կանխատեսում է։

Հիշեցնենք, որ այս տարվա բյուջեի հիմքում դրված է 4.1% տնտեսական աճը։ Ու չնայած միջազգային կառույցների տխուր կանխատեսումներին` ՀՀ կառավարությունը մշտապես հայտարարել է, որ տարեվերջին աճ կունենանք, և 4.1%-ի կանխատեսումը չի վերանայվի։

Ավելին, օգոստոսի 31-ին, բացելով ՀՀ կառավարության հերթական նիստը, վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել էր. «Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր հրապարակել է առաջին կիսամյակի տնտեսական աճի ցուցանիշերը։ Առաջին եռամսյակում, ըստ ճշգրտված տվյալների, ունեցել ենք ՀՆԱ-ի 2,5 տոկոս, իսկ երկրորդ եռամսյակում` 5,1 տոկոս տնտեսական աճ, արդյունքում` ունենք շուրջ 4 տոկոս կիսամյակային տնտեսական աճ»։

Ու հիմա հայկական մամուլում հայտնվում են հոդվածներ այն մասին, որ Եվրասիական հանձնաժողովը «շախ և մատ է արել ՀՀ իշխանություններին` փաստացի հերքելով նրանց»։ Բազմաբնույթ վերլուծությունները մեզ ասում են, որ Եվրասիական հանձնաժողովը «սխալ է հանել» վարչապետին, որ սա լուրջ հարված է, որ հարց է` սրանից հետո ի՞նչ են ասելու Հայաստանի նախագահը, վարչապետն ու տնտեսական բլոկի պատասխանատուները։

Տրամաբանությունը ճիշտ է, եթե չլիներ մի շատ կարևոր «մանրուք»։
Իսկ այդ մանրուքը Եվրասիական հանձնաժողովի զեկույցի ամսաթիվն է։ Զեկույցը, որը ԵՏՄ երկրների տնտեսությունների կանխատեսումներ է ներկայացրել 2015-2017թթ. համար, հրապարակվել է այս տարվա հունիսի 11-ին։ Հովիկ Աբրահամյանն իր հայտնի լավատեսական ելույթն ունեցել է այդ զեկույցի հրապարակումից ավելի քան 3 ամիս անց։
Այսինքն` հարցը` թե սրանից հետո ի՞նչ է ասելու ՀՀ վարչապետը, արդեն անիմաստ է։ Որովհետև դրանից հետո ՀՀ վարչապետն ավելի լավատեսական կանխատեսումներ է արել։ Եթե մինչ այդ խոսք էր գնում 2-3% աճի մասին, այժմ խոսում են 4% աճի մասին։ Ի՞նչ եք կարծում` սա արդյո՞ք նշանակում է, որ ՀՀ իշխանությունները վատ են զգացել Եվրասիական հանձնաժողովի զեկույցից, կամ հարված են ստացել։

Առիթից օգտվելով, նշենք, որ այս գործելաոճը մեր լրատվական դաշտին բնորոշ գիծ է դարձել։ Վաղեմության ժամկետն անցած ցանկացած նյութ կարող է պատահաբար հայտնվել լրատվամիջոցներից մեկում, հետո շղթայաբար` մյուսներում, ու դառնալ լրահոսի գլխավոր թեմա։ Կարող են հայտնվել վերլուծություններ, մեկնաբանություններ, կարծիքներգ Ու ոչ ոքի մտքով չանցնի, որ թեման հին է, կամ մի անգամ արդեն դրան անդրադարձ եղել է (Օրինակ, Forbes-ի բլոգի հրապարակումը, որում Հայաստանի տնտեսությունը ճանաչվել էր երկրորդ վատագույնն աշխարհում, մեկ տարի անց սկսեց կրկին շրջանառվել` որպես թարմ նորություն)։

Ինչևէ, անդրադառնանք Եվրասիական հանձնաժողովի զեկույցին։
Զեկույցը, ինչ խոսք, մռայլ է (ինչին մենք մի քանի բառով կանդրադառնանք)։ Վերը նշված մանրուքը հիշատակելու իմաստն այն էր, որ քաղաքական մեսիջներ տեղ հասցնելու համար պետք է գոնե մի քիչ ուշադիր լինել։
Իսկ այժմ` բուն զեկույցի մասին։

Այնտեղ իրոք նշվում է, որ Հայաստանի տնտեսությունն այս տարի կաճի ընդամենը 0.9%-ով, հաջորդ տարի` 3%-ով, իսկ 2017-ին` 3.5%-ով։ Համեմատության համար նշենք, որ Բելառուսի տնտեսության համար 2015-ին կանխատեսվում է 4.2% անկում, Ղազախստանի համար` 1.9% աճ, Ռուսաստանի համար` 2.8% անկում։ Ընդհանուր առմամբ, ԵՏՄ երկրների համար այս տարի կանխատեսվում է 2.4% տնտեսական անկում։ Այսինքն` ԵՏՄ հարևանների համեմատ` Հայաստանի կանխատեսումն այնքան էլ մռայլ չէ։

Սակայն Եվրասիական հանձնաժողովի այս զեկույցը պատրաստվել է` հաշվի առնելով Հայաստանի տնտեսության առաջին եռամսյակի տնտեսական ցուցանիշերը։ Այսինքն` հաջորդ զեկույցում Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումն ամենայն հավանականությամբ կվերանայվի` աճի ուղղությամբ, քանի որ երկրորդ եռամսյակի ՀՀ տնտեսական ցուցանիշերն ավելի լավն են։ 0.9% տնտեսական աճի կանխատեսումը կարող է դառնալ 1.5-2%։ Տեղեկացնենք, որ մինչ այս զեկույցը Եվրասիական հանձնաժողովն ավելի վաղ մեկ այլ զեկույց էր հրապարակել միայն Հայաստանի մասին, որտեղ 2015 թվականի համար կանխատեսվում էր ավելի ցածր` 0.2% տնտեսական աճ։
Ինչ խոսք, 0.9% կամ 1.5-2% աճի կանխատեսումը նույնպես լավատեսական սցենար համարել չի կարելի։ Սա նշանակում է, որ Եվրասիական հանձնաժողովը Հայաստանի տնտեսության հարցում կրկնակի հոռետես է, քան մեր իշխանությունները։
Սակայն այստեղ մեկ այլ կարևոր «մանրուք» էլ կա։

Կանխատեսումները վերին ատյանի ճշմարտություններ չեն և կարող են էականորեն տարբերվել. մեկը 4% աճ է կանխատեսում, մյուսը` 1%, երրորդը` զրոյական աճ, չորրորդն էլ ընդհանրապես գտնում է, որ տարին անկումով ենք փակելու։ Թե ո՞ւմ կանխատեսումն է ավելի ճիշտ` հնարավոր կլինի ասել միայն տարին ամփոփելուց հետո։ Այս պահին սխալ է կանխատեսումների համար մեկին մեղադրել չափից դուրս լավատես կամ չափից դուրս հոռետես լինելու մեջ։

Այլ հարց է` արդեն փաստացի ավարտված ժամանակահատվածին գնահատականներ տալը։

Եթե նույն երկրի համար, նույն ժամանակահատվածում, նույն պաշտոնական տվյալների հիման վրա մեկը մռայլ պատկեր է ներկայացնում, մյուսը` լուսավոր, սա արդեն մտածելու տեղիք է տալիս։

Օրինակ, թե՛ առաջին եռամսյակում, թե՛ հատկապես երկրորդում ՀՀ իշխանությունները մեզ փորձել են ներկայացնել լուսավոր պատկեր (կամ գտնել լուսավոր կետեր)։ Անգամ հրահանգ է եղել այդ դրական ազդակները փոխանցել հանրությանը, որը լավ չի զգում, որ տնտեսական աճ կա։

Իսկ հիմա ուշադրություն դարձրեք` ինչպես են ներկայացնում 2015 թվականի սկզբի տնտեսական զարգացումները Եվրասիական հանձնաժողովի զեկույցի հեղինակները։ Ուշադրություն դարձրեք հենց առաջին նախադասության «տրամադրությանը». «Տնտեսությունը շարունակում է դանդաղել` ինչպես` արտաքին, այնպես էլ` ներքին պայմանների վատթարացման հետևանքով։ Ռուսաստանից ստացվող դրամական փոխանցումների կրճատման ֆոնին շարունակում է նվազել պահանջարկը տնային տնտեսությունների կողմից, շինարարության ոլորտում ստագնացիան պահպանվում է, զբաղվածությունը` կրճատվում։ Առևտրի պայմանների վատթարացումը, հիմնական առևտրային գործընկեր-երկրների աճի ցածր տեմպերն ու Ռուսաստանի ռեցեսիան հանգեցրել են արտահանման արժեքային ծավալների կրճատմանգ»։

Միակ դրական կետը, որ զեկույցի մեջ կարելի է գտնել, այն է, որ ներմուծման ծավալների կրճատման արդյունքում առևտրային հաշվի սալդոն բարելավվում է։ Ու չնայած առաջին եռամսյակում գրանցված 2.2% ՀՆԱ-ի աճին` զեկույցի հեղինակները գրում են. «Ռուսաստանի տնտեսության ռեցեսիայի սպասվող ուժեղացումը 2015 թվականի երկրորդ կիսամյակում որոշակի ռիսկեր է պարունակում Հայաստանի տնտեսության համար, այդ իսկ պատճառով 2015 թվականին ընդհանուր առմամբ կանխատեսվում է ՀՆԱ-ի չափավոր աճ` 0.9%-ի մակարդակում»։

Այս ձևակերպումները, թերևս, ավելի կարևոր են, քան կանխատեսումները։ Սրանք մի կողմից` ցույց են տալիս, որ բաժակը ոչ թե կիսով չափ լիքն է (ինչպես մերոնք են ներկայացնում), այլ` կիսով չափ դատարկ։ Ու մյուս կողմից` այս զեկույցն ընթերցողի ուղեղում մեխում է ամենակարևոր միտքը` ամեն ինչ կախված է Ռուսաստանից։ Եթե այնտեղ վիճակը վատ է, այստեղ չի կարող լավ լինել` ինչ թվեր էլ մեզ ներկայացվեն պաշտոնական վիճակագրությամբ։

Տեսանյութեր

Լրահոս