«Մեզ խոչընդոտելը դժվար է լինելու». Մանե Թանդիլյանը՝ «Լուսավոր Հայաստան»-ի ստեղծման մասին
Օրերս Ազգային ժողովի (ԱԺ) պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց «Լուսավոր Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության ստեղծման մասին, որը ապագայում պետք է դառնա կուսակցություն և մասնակցի խորհրդարանական ընտրություններին: Նշենք, որ այդ նախաձեռնության մեջ հիմնականում ընդգրկված են տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների, հասարակական կազմակերպությունների ակտիվ պայքարող անդամներ:
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մանե Թանդիլյանը, ով նույնպես «Լուսավոր Հայաստանի» հիմնադիր անդամներից է, 168.am-ի հետ զրույցում նշեց, որ նախաձեռնությունն իրենից ենթադրում է այնպիսի մարդկանց համախմբում և միավորում, որոնք Հայոց ապագան կապում են Հայաստանի հետ, բայց, միևնույն ժամանակ, ոչ այսօրվա Հայաստանի հետ, այլ՝ «փոփոխված, արժեհամակարգը փոխած Հայաստանի հետ, որը վերջապես կորդեգրի դեմոկրատական, ժողովրդավարական սկզբունքներ, կդառնա պետություն, որը մարդու մասին է, այլ ոչ թե՝ որտեղ մարդը միջոց է»:
Անդրադառնալով նրան, թե ինչպես ստացվեց, որ ինքն էլ ընդգրկվեց այդ նախաձեռնության կազմում, Մանեն նշեց, որ Է. Մարուքյանը, ով մտադրություն է ունեցել կուսակցություն ստեղծել, իրեն, ինչպես նաև տարբեր այլ մարդկանց, առաջարկել է հանդիպել ու զրուցել այդ հարցի շուրջ. «Մենք հանդիպեցինք, զրուցեցինք ու հասկացանք, որ մենք իսկապես միևնույն տեսլականն ու երազանքն ունենք Հայաստանի մասին, և մենք հասկացանք, որ կարող ենք մեր ուժերը համախմբել, մեր նման մարդկանց համախմբել և միասին ստեղծել և փոխել Հայաստանը: Այսինքն՝ սա իսկապես գիտակցված քայլ էր: Հայտնի է, որ ես քաղաքացիական հասարակության ծնունդ եմ, ու պայքարները միշտ տարել եմ քաղաքացիական հասարակության շրջանակներում, բայց միայն կույրը չի տեսնի, որ այստեղ հարցերը միայն քաղաքական են, և հենց քաղաքականությունից է գալիս, որ մեր հասարակությունն այսքան խնդիր ունի: Ես, իհարկե, շատ երկար եմ մտածել, ու սա շատ լուրջ քայլ է ինձ համար, շատ մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվում սրան»:
Մեր այն հարցին, թե՝ ինչպե՞ս եք պատկերացնում ձեր կուսակցության հետագա պայքարը քաղաքականության մեջ՝ հաշվի առնելով, որ շատ անգամներ եք նշել, որ քաղաքականության մեջ գաղջ մթնոլորտ է տիրում, մեր զրուցակիցն այսպես պատասխանեց. «Հաճախ ինձ ասում էին, որ՝ կմիանաս քաղաքական ուժերին: Ես իսկապես ինձ համար շատ եմ մտածել այդ հարցի շուրջ ու ես հասկացա, որ գոյություն ունեցող որևէ ուժի չեմ կարող միանալ, որովհետև այս համակարգը, որը հիմնականում կայացած չէ, հենց նաև այդ կուսակցությունների պատճառով է այդպես: Իրականում բոլորին է հայտնի, որ քաղաքական կուսակցությունները Հայաստանում կայացած չեն, ու գուցե պատճառն այն է, որ իմ նման մարդիկ հրաժարվել են երբևէ մտնել քաղաքականություն և թողել են, որ քաղաքականությամբ զբաղվեն մարդիկ, որոնք արել են այն, ինչ ունենք այսօր: Ես հասկացա, որ ես խոսացողից պետք է դառնամ գործող»:
Հարցին էլ՝ ինչո՞վ եք տարբերվելու այսօր գործող մի քանի տասնյակ կուսակցություններից, արդյոք մտավախություն չունե՞ք, որ կդառնաք հերթական մեկը, Մանեն պատասխանեց, որ ինքը հստակ գիտի այն տարբերությունը, որ իրենք իրենց հետ բերելու են. «Մենք տարբերվելու ենք նախևառաջ՝ նրանով, որ մենք այն արժեքների կրողն ենք, որոնց մասին խոսելու ենք: Ինձ համար նախևառաջ լինելու է տարբերությունը մարդկանց մեջ, որոնք հավաքվել են այս նախաձեռնության շուրջ, որոնք իրենց խոսքի և իրենց երազած հայրենիքի տեսլականով տոգորված այդ փոփոխությունները հենց կրողն են՝ ազատ են, անկախ են, համարձակ են, տարբեր են, միայն սև և սպիտակ չեն»:
Մ. Թանդիլյանը նշեց, որ ինքը հասկանում է այն բոլոր մարտահրավերները, որ իրենց սպասվում են, և ինքը շատ հանգիստ է վերաբերվում ամեն տեսակի մոտեցումներին. «Մյուս կողմից՝ ես հասկանում եմ, որ մեզ խոչընդոտելն այդ առումով դժվար է լինելու, որովհետև մեր նպատակները շատ պարզ են ու հասկանալի, ու մենք դրա կրողն ենք»:
Մեր այն հարցին, թե՝ ո՞ր քաղաքացիական և քաղաքական պրոցեսներում կարելի է առաջիկայում Ձեր նախաձեռնությանը տեսնել, Մ. Թանդիլյանը պատասխանեց, որ հենց հիմա իրենք զբաղված են իրենց նախաձեռնության սկզբունքները գրելով, գաղափարախոսությունը մշակելով. «Բնականաբար, մենք մեզ տեսնում ենք՝ որպես մասնակցային նախաձեռնություն, և հետագայում՝ նաև կուսակցություն, որը բոլոր պրոցեսներին մասնակցելու է»:
Մենք հետաքրքրվեցինք նաև՝ կա՞ն քաղաքական ուժեր, որոնց հետ «Լուսավոր Հայաստանն» արդեն պատկերացնում է համագործակցությունը: Ի պատասխան մեր հարցի՝ Մանեն ասաց, որ բոլոր այն ուժերի հետ, որոնք կկիսեն իրենց տեսլականը. «Իրականում, նախաձեռնության ստեղծման մասին երեկ ենք հայտարարել ու առանձնահատուկ անդրադարձ այդ հարցին չենք կատարել, բայց գաղափարով մենք համագործակցող և մասնակցային ուժ ենք լինելու»:
Մ. Թանդիլյանը չհստակեցրեց, թե կոնկրետ ովքեր են ներգրավված իրենց նախաձեռնության մեջ՝ նշելով, որ նախաձեռնությունը դեռ կազմավորման փուլում է. «Մեր նախաձեռնության մեջ հիմնականում բիզնես հատվածի, հասարակական կազմակերպությունների, գիտական ոլորտի մարդիկ են: Առաջին հերթին՝ քաղաքական անցյալ չունեցող մարդիկ են: Մնացած անդամներին կտեսնեք առաջիկայում»: