Հայաստանն ամենամեծ թվով սիրիացի փախստականներ ընդունած երկրների շարքում է
Սիրիայում, Աֆղանստանում, Եմենում ու Իրաքում արյունալի քաղաքացիական պատերազմները ցույց են տալիս, որ դրանք չեն մեղմանում, բռնություններն առնչվել են ավելի քան 4 մլն մարդու, որը համեմատության մեջ է դրվում միայն Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ: Մարդիկ ստիպված են լքել իրենց հայրենիքը՝ փրկելով իրենց կյանքը, գրում է The Inquisitr լրատվական գործակալությունը: Պարբերականը ներկայացնում է տվյալներ ու ցույց տալիս, թե որ երկրներն են մինչ այժմ ընդունել Մերձավոր Արևելքի երկրների փախստականներին: Ներկայացված 29 երկրների շարքում է հայտնվել նաև Հայաստանը: Երկիրը կարողացել է ապաստան տրամադրել Սիրիայի 16 հազար քաղաքացու:
Զարմանալիորեն, Մերձավոր Արևելքի հարուստ երկրները, այնպիսիք, ինչպիսիք են Իսրայելը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, հրաժարվում են ընդունել ներգաղթյալներին:
Այս բարգավաճ երկրների բնակիչները մտավախություն ունեն Սիրիայի փախստականներից ու մերձավորարևելյան մյուս երկրների ներգաղթյալներից՝ ահաբեկչությունների պատճառով ու մտածելով, որ նրանց պատճառով կկորցնեն իրենց աշխատանքը:
Բարեբախտաբար, արևմտյան երկրները սկսել են ընդունել պատերազմից բզկտվող մերձավորարևելյան երկրների փախստականներին՝ թեթևացնելով Սիրիայի հարևանների բեռը:
Դրա կատարումը մեծապես հենվում է ՄԱԿ-ի 1951թ. Փախստականների կոնվենցիայի վրա, որն արևմտյան պետություններին ստիպում է հոգ տանել փախստականների մասին:
Այսպիսով, ո՞ր երկրներն են ընդունում փախստականների, հարց է տալիս The Inquisitr-ի հոդվածագիրն ու թվարկում 29 երկրներ՝ Մերձավոր Արևելքից, Եվրոպայից, որոնք ապաստան են տրամադրել Սիրիայից, Աֆղանստանից ու մերձավորարևելյան մյուս երկրներից փախչող ներգաղթյալներին:
Եվ այսպես՝
Թուրքիա– Թուրքիան հիմնական հարվածը վերցրել է իր վրա՝ ընդունելով երկրում 1,8 մլն սիրիացու, ովքեր ներկայում բնակվում են այնտեղ:
Լիբանան- Սիրիայի հարևան երկիրը երկրորդն է Թուրքիայից հետո, որն ապաստան է տրամադրել ավելի քան 1,2 մլն փախստականի:
Հորդանան- Հորդանանը թվով երրորդ երկիրն է, որն ընդունել է ավելի քան 628,427 հազար սիրիացու:
Իրաք- Երկիրը, որն ունի իր սեփական խնդիրներն իր երկրում ԴԱԻՇ-ի դեմ մղվող պատերազմի հետ, ապաստանել է 247, 861 փախստականի:
Եգիպտոս- Երկիրը կատարում է պատասխանատվության իր բաժինը՝ ընդունելով 133,000 փախստականի:
Գերմանիա- Գերմանիան առաջին աչքի ընկնող արևմտյան երկիրն է, որը պատասխանատվություն է վերցրել հարյուր-հազարավոր ներգաղթյալների համար: Ենթադրություններ կան, որ Գերմանիան կարող է ապաստան տրամադրել մինչև 800 հազար ներգաղթյալի:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ճնշում է գործադրում Եվրոպայի վրա փախստականների պատճառով: Միայն անցած ամիս Գերմանիան 100 հազար փախստական է ընդունել:
Գերմանիային հաջորդում է ֆինանսական խնդիրների մոջ գտնվող Հունաստանը՝ մոտավորապես 88 հազար սիրիացի փախստականի ապաստան տրամադրելով, ապա Շվեդիան՝ Մերձավոր Արևելքից 40 հազար փախստականի ապաստանելով:
Ալժիրն ապաստան է տրամադրել մոտ 25 հազար սիրիացու՝ թույլատրելով սահմանը հատել առանց անցագրի:
Ավստրիան, Գերմանիայի հետ ձեռք ձեռքի, պայքարում է՝ լուծելու ներգաղթյալների ճգնաժամը: Երկիրն ապաստան է տրամադրել 18 հազար ներգաղթյալի:
Եվ վերջապես, Ավստրիային հաջորդում է Հայաստանը՝ երկրում ապաստան տրամադրելով Սիրիայի 16 հազար քաղաքացու:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ճնշումների ներքո համաձայնել է ապաստան տրամադրել 10 հազար փախստականի: Մինչ օրս երկիրն ապաստան է տրամադրել 5 հազար ներգաղթյալի:
Բահրեյնն ապաստանել է 5 հազար փախստականի, Լիբիան՝ մոտավորապես 4,716 սիրիացի փախստականի:
Մեկ այլ եվրոպական երկրում՝ Իտալիայում, փախստականները հայտնվում են՝ հատելով Միջերկրական ծովը: Երկիրն ապաստան տրամադրել 4,600 փախստականի, Բուլղարիան՝ ավելի քան 4500 սիրիացիների, Կանադան՝ 2374 փախստականի, ու պլաններ ունի ընդունել ևս 10 հազար մարդու:
Բրազիլիան ապաստանել է Մերձավոր Արևելքի 1,740 փախստականի:
ԱՄՆ-ը ընդունել է ընդամենը 1500 սիրիացու, Ռումինիան՝ 1300 փախստականի, Գազայի հատվածը տուն է դարձել 1000 փախստականի համար:
Իռլանդիան ապաստանել է 600 փախստականի ու համաձայնել է ընդունել ևս 1800 մարդու, հայտնում է ITV News-ը:
Ռուսաստանը, ով ԱՄՆ-ի հետ հակամարտության մեջ է Սիրիայի պատերազմի նկատմամբ դիրքորոշման համար, ընդունել է 1000-ից քիչ սիրիացու:
Ֆրանսիան ընդունել է 500 ներգաղթյալի, Արգենտինան՝ ավելի քան 300, Մակեդոնիան՝ 250 փախստականի: