Անմոռուկի բուժիչ ուժը
Անմոռուկի նուրբ, համեստ ծաղիկները նվիրում են սիրելիներին ու մտերիմներին, որոնք ինչ-որ պատճառով հեռանում են՝ հայտնվելով «գետի մյուս ափին»:
- Մեր ազգն ընդունեց ու գուրգուրեց այս փոքրիկ հրաշքը՝ որպես նախնյաց սուրբ հոգիների անմահության խորհրդանիշ:
- Քչերին է հայտնի, որ անմոռուկը նաև դեղաբույս է, որն ունի հակաբորբոքային, խորխաբեր, հականեխիչ, հակատոքսիկ, արյունարգել, հակաուռուցքային ազդեցություն, նվազեցնում է քրտնարտադրությունը:
Թուրմը կիրառվում է անուժականությամբ, քաշի անկումով ու բարձր քրտնարտադրությամբ ուղղորդվող թոքերի տուբերկուլյոզի, քրոնիկ բրոնխիտի, մրսածության, հազի, արյունոտ խորխի դեպքում:
- Բուժական նպատակներով հավաքեք անմոռուկ դաշտայինի վերգետնյա մասը՝ ծաղկման շրջանում, ու չորացրեք բաց ծածկի տակ:
- Մանրացրեք, 1 թեյի գդալ հումքը լցրեք 200 մլ ջրի մեջ, հասցրեք եռման ջերմաստիճանի, անջատեք կրակը, 1 ժամ թրմեք, քամեք: Խմեք 60- ական մլ՝ օրը 3 անգամ, 4-ական ժամ ընդմիջումներով:
- Անմոռուկ դաշտայինը միամյա կամ երկամյա խոտաբույս է, բարձրությունը 15-20 սմ է, ցողունն ուղղահայաց ճյուղավորվող է, ոչ հարթ: Տերևները հերթադիր են, երկարավուն նշտարաձև: Ծաղիկները մանր են, ծաղկաթերթերը վառ երկնագույն են, հակառակ կողմից՝ բաց մանուշակագույն: Ծաղկաբույլը խոպոպիկ է:
Ծաղկում է ապրիլ-հոկտեմբերին: Ցողունը, տերևներն ու ծաղկաբողբոջները խավապատ են:
- Բնության մեջ գոյություն ունեն 50 տեսակի անմոռուկներ, բոլորն էլ մեղրատու բույսեր են, պարունակում են տանիններ, քիմիական բաղադրությունը գործնականում ուսումնասիրված չէ:
Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: