
«Ոչ թե ունենում ենք կառավարման պառլամենտական համակարգ, այլ ունենում ենք կառավարման վարչապետական համակարգ»

«Ոչ սահմանադրական փոփոխություններին» նախաձեռնող խմբի անդամ, «Սարգսյան իրավաբանական խումբ» իրավաբանական միավորման ղեկավար Տիգրան Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ սահմանադրական բարեփոխումների նախագծում կան որոշ հետընթացներ:
«Օրինակ՝ մարդու հիմնական իրավունքներն և ազատությունները եթե համեմատում ենք գործող Սահմանադրության հետ, ապա դրանք մի քանի անգամ հետընթաց են ապրել: Եթե գործող Սահմանադրությամբ գրված է, որ մարդու արժանապատվության իրավունքը բարձրագույն արժեք է, ապա նախագծով ընդամենն ամրագրված է, որ այն անխախտելի է: Ցանկացած իրավունք անխախտելի է, իսկ արժանապատվության իրավունքը պետք է ավելի բարձր և վեհ ներկայացվեր նախագծում:
Կամ, օրինակ՝ պետական կառավարմանը մասնակցելու իրավունքը: Եթե գործող Սահմանադրությամբ ավելի մեծ հնարավորություններ կան, որ քաղաքացիներն ընտրությունների միջոցով մասնակցեն պետական կառավարմանը, նախագիծը սահմանափակում է այս հնարավորությունը: Այսինքն՝ համապետական ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը կրճատվում է. պետության գլուխն ընտրվում է Ազգային ժողովի և ընտրիչների կողմից»,- ասաց նա:
Իրավաբանը նշեց, որ նախագծով և գործող Սահմանադրությամբ նախատեսված չէ աշխատանքի իրավունքը, և ըստ նրա՝ լավ կլիներ, որ դա նախատեսեին, այլ ոչ թե մնար աշխատանքի ազատ ընտրության իրավունք.
«Երբ ասում ենք՝ աշխատանքի իրավունք, նշանակում է, որ պետությունը պարտավորվում է աշխատանքով ապահովել, իսկ երբ ասում ենք՝ աշխատանքի ազատ ընտրության իրավունք, այս դեպքում պետությունը որևէ պարտավորություն չի ստանձնում»:
Անդրադառնալով պետական կառավարման համակարգին, իրավաբանն ասաց, որ նախագծով ներկայացվում է պառլամենտական կառավարման համակարգ, բայց, ըստ նրա, պառլամենտական համակարգ ունենալու համար պետք է նախ՝ պառլամենտ ունենալ.
«Պառլամենտ՝ նշանակում է, որ պառլամենտում հավաքված անձինք պետք է իրենց մասնագիտական և անձնային որակներով կարողանան պառլամենտի առջև դրված խնդիրները լուծել: Այսօրվա մեր պառլամենտն ադպիսին չէ, որովհետև այնտեղի թիվ մեկ խնդիրն օրինաստեղծ աշխատանքն է: Այսօր մեր պառլամենտում ընդունված նախագծերի 98%-ը կառավարության հեղինակածն է: Այսինքն՝ մենք ունենք չգործող կառույց և դրա վրա դնում ենք պետական կառավարման ամբողջ ծանրությունը: Իրականում, եթե մենք նման քայլի ենք գնում, միևնույն է՝ չենք ունենում կառավարման պառլամենտական համակարգ, այլ ուղղակի ունենում ենք վարչապետական կառավարման համակարգ»:
Իրավաբանը նաև նկատեց՝ նախագծով ներկայացվում է, որ դատական համակարգի բարեփոխում է կատարվում, սակայն, ըստ նրա՝ պետք է դրա համարր լծակներ նախատեսեն.
«Ըստ իրենց ներկայացրածի՝ դատավորների նշանակման կարգում եթե կա փոփոխություն, ուրեմն դա բարեփոխում է: Իրականում, եթե դատական համակարգում բարեփոխում են ցանկանում անել, պետք է մեխանիզմներ նախատեսեն, որ հասարակությունը կարողանա դատական իշխանության նկատմամբ հսկողություն իրականացնել:
Եթե գործող Սահմանադրությամբ՝ կարելի է սահմանադրական փոփոխություններ կատարել միայն հանրաքվեով, ապա նախագծով նախատեսված է, որ այսուհետ փոփոխությունները կատարելու է պառլամենտը: Մի քանի հոդվածներ կան, որոնք հռչակագրային բնույթ ունեն և կարող են հանրաքվեով իրականացվել, իսկ մնացած ամբողջ տեքստը պառլամենտը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխությունների ենթարկել»:
Իրավաբանի կարծիքով՝ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը պետք է գա հասարակությունից, ոչ թե իշխանությունից.
«Եթե նախաձեռնությունը գալիս է իշխանությունից, ուրեմն՝ ուզում են սահմանը փոխել: Իսկ եթե գալիս է հասարակությունից, ապա պետք է սահմանափակվի պետական իշխանությունը, հետևաբար՝ հասարակությունն ինքը պետք է փոփոխությունների նախաձեռնող լինի»:
Բանախոսը նշեց, որ իրենց ընկերությունը պատրաստ է իրավաբանական աջակցություն ցուցաբերել քաղաքացիական նախաձեռնություններին՝ հանրությանը իրազեկելու առումով: