«Եթե շատ ես զգուշավոր լինում, Հայաստանի դեմ գործող ուժերը լկտիանում են». Սոս Գիմիշյանը՝ սահմանին լարված իրավիճակի մասին
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հերթական աշխատանքային այցով Ադրբեջան ժամանելու, Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն մեկնելու և ղարբաղա-ադրբեջանական սահմանում լարված իրավիճակի մեջ ոչ մի կապ չի տեսնում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ գնահատական տալու համար պետք է ամողջական տեղեկատվություն ունենալ, բայց աշխարահաքաղաքական իմաստով, ըստ նրա՝ անհնար է կապ տեսնել այդ իրադարձությունների միջև:
«Մեր իշխանությունը զգուշավոր քաղաքականություն է վարում և ճիշտ է անում, քանի որ պետք չէ հասցնել մեծ բախման: Մյուս կողմից էլ՝ եթե շատ ես զգուշավոր լինում, Հայաստանի դեմ գործող ուժերը լկտիանում են, պետք է գտնել այդ բալանսը»,- նշեց Ս. Գիմիշյանը:
Անդրադառնալով վետերանների այն մտահոգություններին, որ պատերազմական իրավիճակ է հիմա՝ Ս. Գիմիշյանն ասաց, որ ինքը պատերազմական վիճակ չի տեսնում. «Իսկ զինվորականներին ինչ-որ բան վերագրելը անհեթեթություն է, քանի որ զինվորը կատարում է քաղաքական որոշումներ»:
ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը համկարծիք է Ս. Գիմիշանի հետ. «Այստեղ որևէ բան ավելացնելու կարիք չկա: Թեև աշխարհում չկա որևէ մի բան, որ փոխակապակցված չլինի այլ երևույթների հետ, բայց վերջին շրջանում մենք այնքան ենք տեսել սահմանային միջադեպեր, ակտիվություն ու այն, ինչ նշեց պարոն Գիմիշյանը, դրան ամբողջովին համակարծիք եմ»: