Ամուլսարի հանքի շահագործման ծրագիրը դրական կազդի տնտեսության զարգացման վրա. Դեյվիդ Բրիգնալ
Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի Բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատման (ԲՍԱԳ) շուրջ քննարկումների վերջին՝ ակորդային հանդիպումն այսօր կայացավ Երևանում: Մայիսի 27-ին ԲՍԱԳ-ի հրապարակումից հետո «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության դուստր կազմակերպությունը՝ «Գեոթիմ» ընկերությունը, այս շաբաթ մի շարք քննարկումներ և տեղեկատվական հանդիպումներ անցկացրեց դրա շուրջ Ամուլսարի հարակից համայնքներում՝ Գորայքում, Սարավանում և Գնդեվազում, Ջերմուկ քաղաքում, ինչպես նաև կառավարության, միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական առաքելությունների համար: ԲՍԱԳ փաստաթուղթը պատրաստվել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) չափանիշերին և պահանջներին համապատասխան:
Միջազգային անկախ փորձագիտական ընկերության տնօրեն Դեյվիդ Բրիգնալի խոսքով՝ փաստաթուղթը 5-6 տարիների տվյալների հավաքագրման և աշխատանքի արդյունք է, ընդ որում, նման ծրագրերի համար միջազգային լավագույն փորձի վրա հիմնված համապարփակ ԲՍԱԳ առաջին անգամ է իրականացվել Հայաստանում:
Դ.Բրիգնալը նշեց, որ հանքի շահագործման ծրագիրը դրական կազդի տնտեսության զարգացման վրա, շահագործման ողջ ընթացքում պետական եկամուտները կկազմեն 485 մլն դոլար, և արդեն իսկ համայնքների զարգացման, աշխատավարձերի հատկացման մասով աջակցել են համայնքների տնտեսություններին: Դ.Բրիգնալի խոսքով՝ հանքավայրի տարածքում գործելու է 3 բացահանք՝ Տիգրանես, Արտավազդես և Էրատո, որոնց շահագործման ավարտից հետո դրանք մասամբ լցվելու են դատարկ ապարներով, իսկ ռեկուլտիվացիայից հետո հանքավայրի տարածքը հնարավորինս մոտ է բերվելու նախկին տեսքին:
«Գնահատումը 5 հատոր է, միջազգային փորձագետների հետ միասին, հայ մասնագետների մի ամբողջ խումբ ներգրավված է եղել աշխատանքներում: Մանրամասն ուսումնասիրել ենք հավաքագրված տեսակները: ԲՍԱԳ-ը համադրում է 2 մոտեցում՝ նախագծի օպտիմալացումը և դրա կառավարումը: Արդյունահանման ընթացքում մոնիտորինգ է իրականացվելու՝ հասկանալու համար, թե արդյո՞ք պլանավորվածը նույն կերպ է իրականացվում, եթե ոչ՝ ինչ է պետք անել: Փաստաթղթերը համապատասխանում են միջազգային փորձին, ինչպես որ «Լիդիանը» պահանջել է»,- ասաց Դ.Բրիգնալը:
Ըստ նրա՝ ծավալուն աշխատանքեր են իրականացվել ենթակառուցվածքների համար՝ այլընտրանքային տեղամասերը գնահատելու նպատակով, միաժամանակ ներառելով սոցիալական, կենսաբազմազանությունը և այլ տվյալներ: Փորձագետը հավաստեց, որ կույտային տարրալվացման հարթակը, որտեղ պետք է օգտագործվի ցիանային լուծույթը ոսկին կորզելու համար, Սևանի պաշտպանության գոտուց դուրս է գտնվում: Բացի այդ, հարթակը նախագծված է այնպես, որ արտադրական արտահոսք չի ունենալու: Դ.Բրիգնալն առանձնահատուկ կարևորեց ջրային ռեսուրսների պաշտպանությունը. «Հանքը գտնվում է 3 գետերի ջրահավաքներում՝ Արփա, Որոտան և Դարբ: 2009 թ. սկզբից ջրային ռեսուրսների մոնիտորինգ է սկսվել, մի քանի մետաղների բնական ֆոնը որոշ աղբյուրներում բարձր է, որը հանքայնացման հետևանք է: Ամուլսարի ջուրը կապված չէ Ջերմուկի հանքային աղբյուրների հետ: Դա է ապացուցում քիմիական բաղադրության և ստաբիլ իզոտոպների ուսումնասիրությունը: Որևէ ջուր, որ մուտք է գործում հանք, շրջանառվում է հանքի ներսում, այսինքն՝ արտանետումները 0 պետք է լինեն»:
Ըստ նրա՝ ցիանիդի օգտագործման ժամանակ ընկերությունն առաջնորդվելու է Ցիանիդի կառավարման միջազգային կոդեքսի համաձայն, և հանքի փակումից հետո անձրևների և ձնհալի տեսքով հոսող ջուրը նույնպես պասիվ մաքրման համակարգերի միջոցով կարգավորվելու է, մինչև բնական միջավայրը վերականգնվի: Նա ընդգծեց, որ մոնիտորինգը շարունակվելու է հանքի փակումից հետո ևս:
265 մասնավոր հողակտոր է գնվելու կոնվեերի և կույտային տարրալվացման կետի համար, իսկ հանքի ընդհանուր կարիքների համար՝ 1700 հա: Մասնավորապես՝ Գնդեվազում կա ուշ հասող ծիրանի այգի, հեռագնա արոտավայրերի, խոտհարքների օգտագործումը բնակիչների կողմից հաշվի կառնվի և կփոխհատուցվի: Նրա խոսքով՝ ներկայումս իրականացվում է հողի ձեռքբերումը:
«Ծրագրի նպատակն է՝ արտագաղթը նվազեցնել և մեծացնել ներգաղթը: Սոցիալական փոփոխություններն անխուսափելի են, «Լիդիանը» կհամագործակցի համայնքների ղեկավարների հետ՝ ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու համար»,- ասաց նա:
Դ.Բրիգնալը տեղեկացրեց, որ ուսումնասիրություն է իրականացվել՝ օդի որակի և աղմուկի հետ կապված, և նշեց, որ աղմուկի մակարդակը բավարար ցածր կլինի, իսկ փոշին կառավարվելու է այնպես, որ չտարածվի համայնքներում: Նա մի քանի անգամ նշեց, որ տարբեր ուղղություններով մոնիտորինգն ընթացիկ է, տվյալները շարունակում են հավաքագրել, և փոփոխությունները հսկվում են:
Անդրադառնալով մշակութային ժառանգությանն ու էնդեմիկ բուսատեսակներին՝ Դ.Բրիգնալը նշեց, որ Ամուլսարում «Գեոթիմի» կողմից ֆինանասավորված մասնագետների ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված առկա 479 մշակութային վայրերից մոտ 70-ն են գտնվում անմիջապես հանքի ենթակառուցվածքի տարածքում, և «Լիդիանը» հնարավորինս խուսափելու է այդ տարածքներում աշխատելուց: Հետագա քննարկման ընթացքում «Գեոթիմի» կայուն զարգացման գծով մենեջեր Արմեն Ստեփանյանը պարզաբանեց, որ ուսումնասիրությունները շարունակվում են, և մշակութային արժեք ներկայացնող գտածոների պահպանման միջոցառումներ կիրականացվեն:
Դեյվիդ Բրիգնալը նշեց, որ Կարմիր գրքում ներառված «Մատնունի ծիրանավոր» բույսի համար «ժամանակավոր» կենսատարածք է ընտրվել, սարը նաև բնամիջավայր է գորշ արջի համար, և այս ուղղությամբ նույնպես ընթանում են ուսումնասիրություններ՝ լավագույն լուծումը գտնելու ուղղությամբ: Ըստ նրա՝ բնապահպանական և սոցիալական պլանն ընթացքում կարող է փոփոխվել:
«Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության գործադիր փոխնախագահ Դիդյե Ֆոլենը տեղեկացրեց, որ հայկական կողմից բոլոր թույլտվությունները տրված են, որպեսզի հանքի շահագործումն ու շինարարությունը սկսեն: Նրա խոսքով՝ ընկերությունն ակնկալում է քննարկման մասնակիցների լրացումները ԲՍԱԳ-ի վերաբերյալ, որը թույլ տա ներառել բոլոր մտահոգությունները:
«Ջերմուկի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Վազգեն Գալստյանը հետաքրքրվեց, թե արդյոք Ջերմուկում մոնիտորինգ արվելո՞ւ է՝ շահագործման ընթացքում տուրիզմի առումով:
«Առանձին ուսումնասիրություն Ջերմուկի տուրիզմի վերաբերյալ պետք չէ, արդեն բազմիցս արվել են: Կա գլխավոր պլան՝ Ջերմուկի զարգացման, և մեր մտադրությունն է՝ համագործակցել հիմնական տուրիստական ոլորտը ներկայացնող կառույցների հետ՝ հյուրանոցների, գործակալությունների, Ջերմուկի բնակչության հետ, վստահ լինելու, որ զբոսաշրջության վրա ազդեցություն չկա: Կստեղծենք մասնակցային մոնիտորինգային ծրագրեր և միասին կհետևենք ազդեցությանը: Եթե որևէ ազդեցություն լինի տուրիզմի վրա, կգտնենք լուծում»,- պատասխանեց Դ. Ֆոլենը՝ հավելելով, որ դրական ազդեցություն է լինելու աշխատատեղերի ստեղծման առումով:
Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի մասնագետ Սեյրան Մինասյանը հետաքրքրվեց, թե ինչ ազդեցություն կունենա հանքի շահագործումը Ջերմուկի հանքային ջրերի վրա: Ըստ նրա՝ հետազոտությունը բարձր մակարդակով է արվել, բայց դա բավարար չի: Նա առաջարկեց լրացուցիչ ուսումնասիրություն իրականացնել. «Հասարակությունը իրավունք ունի պահանջելու, որ հետազոտությունները վեց ամսվա կտրվածքով անընդհատ արվեն»:
Դ. Ֆոլենի խոսքով՝ հանքի նախագիծը կանխարգելում է օգտագործվող ջրի որևէ ներթափանցում ջրատար հորիզոն, որովհետև այսօր հասանելի տեխնոլոգիան թույլ է տալիս տեղադրել բազմակի պաշտպանիչ շերտեր ենթակառուցվածքի բոլոր միավորների վրա, որ ջուրը չներթափանցի. «Այն ջուրը, որ հայտնվելու է ավազանում, մաքրվելու է: Այն բարձրությունը, որտեղ մենք պոտենցիալ աղտոտում կարող ենք ունենալ, ավելի ցածր է, քան Ջերմուկը: Հավանականությունը, որ երբևէ ինչ-որ բան կհասնի Ջերմուկին, շատ ցածր է: Անհրաժեշտության դեպքում կարող ենք ստեղծել աշխատանքային խումբ լրացուցիչ քննարկումների համար»: Դիդյե Ֆոլենը նաև կրկնեց, որ ընկերությունը պատրաստ է իրականացնել ջրի որակի մշտադիտարկում՝ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, որպեսզի բոլոր կողմերը վստահ լինեն, որ ջրի որակի վրա ազդեցություն չկա: