Նախկին աշխատակիցը դատի է տվել «ԱրմենՏելին»
«ԱրմենՏել» ընկերության նախկին աշխատակից Գեղամ Ներսեսյանը դիմել է դատարան` պահանջելով աշխատավարձի, նյութական փոխհատուցում: Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 24-ին:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա ասաց, որ «ԱրմենՏել» ընկերությունում աշխատել է՝ որպես էլեկտրամոնտյոր. 2007թ. ընկերությունն իր աշխատակիցների մի մասին բժշկական հետազոտության է ենթարկել: Նրա խոսքով` արդյունքում՝ իրեն աշխատանքից ազատել են տեսողության հետ կապված խնդիրների պատճառով, բայց ինքը տեսողության հետ կապված ընդհանրապես խնդիր չունի: Գեղամ Ներսեսյանը նշեց, որ հետազոտությունն իրականացվել է «ՄԵԴԷՊ» ընկերության կողմից, այն դեպքում, երբ ՀՀ առողջապահության նախարարության գրության համաձայն` ՀՀ ԱՆ-ը «ՄԵԴԷՊ» ՍՊ ընկերությանը տվել է լիցենզիա` բժշկական օգնության և սպասարկման հետ կապված որոշակի գործողություններ կատարելու համար, սակայն «ակնաբանականը նեղ մասնագիտական բժշկական օգնության և սպասարկման տեսակ է, որը ենթակա է լիցենզավորման, ուստի և «ՄԵԴԷՊ» ՍՊ ընկերությունը և իր կողմից կազմավորված բժշկական զննություն անցկացնող հանձնաժողովը չեն կարող կատարել տեսողական օրգանների հիվանդությունների և տեսողության սրության ախտորոշում»:
Գեղամ Ներսեսյանի խոսքով` ըստ փաստերի՝ հետազոտության է ենթարկվել 600 քաղաքացի, սակայն ներկայացվել է, որ զննության է ենթարկվել 4-ը. արդյունքում՝ 2013թ. ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ Քննչական վարչության ավագ քննիչը որոշել է նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժել` արարքի մեջ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Իր որոշման մեջ քննիչը նշել է, որ ընկերության գործունեության արդյունքում պետությանը պատճառված վնասը, ըստ ՊԵԿ ՕՀ վարչության հաշվարկի, կազմում է 50.000 դրամ. Քննիչը նշել է, որ գործունեության արդյունքում պետությանը պատճառված վնասը չի գերազանցում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը, ուստի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի (ապօրինի ձեռնարկատիրություն) հանցակազմը:
Գեղամ Ներսեսյանն ասաց նաև, որ դիմել է իրավապահներին, որպեսզի պարզվի, թե ինչպես է ստացվել, որ իրական թվի փոխարեն՝ այլ թիվ է ներկայացվել: