Սակագնի աճի պատճառը
Տեսաք, չէ՞: ՀԷՑ-ը 60 մլն դրամով տուգանվեց: Հերոսական գործառույթն իրականացվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում: Էդ հլը հեչ, նույն տեղում ՀԷՑ-ին պարտադրեցին 2015թ. մնացած ամիսների ընթացքում 8 մլրդ 588 մլն դրամի չափով ներդրումներ կատարել: Թե այդ ներդրում ասվածից իրական ինչ արդյունք կստանա Հայաստանի տնտեսությունն ու սովորական սպառողը, բարդ չէ ենթադրել:
Սակագնի վերանայման ՀԷՑ-ի հայտի քննարկման ընթացքում ինչ հեքիաթ ասես` չլսեցինք մեր էներգահամակարգի մասին: Մասնագիտացված նախարարից մինչև վերջին պատգամավորը խոսում էին կոռուպցիայի, թալանի, անարդյունավետ կառավարման մասին: Խոսեցին-խոսեցին, բայց միևնույն է, ՀԾԿՀ-ն սակագինն ավելացնելու որոշում կայացրեց: Կայացրեց ու սկսեց հասարակությանը համոզել, որ դա օբյեկտիվ պատճառներ ունի:
Սկսեց համոզել՝ մեկիկ-մեկիկ թվարկելով այն օբյեկտիվ պատճառները, որոնց արդյունքում ՀԷՑ-ը ֆինանսական վնասներ է կրել: Թվարկած բոլոր փաստարկներն ինքնին տրամաբանական էին ու անխոցելի: Համենայն դեպս, այդպես էր թվում թե՛ ՀԾՀԿ անդամներին, թե՛ հանրապետական պատգամավորներին, թե՛ էներգետիկ ոլորտի ղեկավարությանը: Առաջին լուրջ փաստարկն այն էր, որ «Ատոմակայանը պլանավորվածից 80 օր ավելի է կանգնել»: Նկատեցի՞ք` ինչ խորամանկ ու ոչինչ չասող նախադասություն է: Ոչ ոք չի պնդում, որ Ատոմակայանը քիչ հոսանք է արտադրել: Իսկապես պաշտոնական տվյալներով` վերջին տարիներին Ատոմակայանը տարեկան 2 մլրդ 325 մլն-ից 2 մլրդ 500 մլն կՎտժամ հոսանք է արտադրել:
Այսինքն` 80 օր ավել-պակասն ամենևին էլ էական ազդեցություն չի ունեցել: Երկրորդ անհողդողդ փաստարկն այն էր, որ վերջին մեկ-երկու տարին սակավաջուր էր: Ասել կուզի, թե էժան էլեկտրաէներգիայի մյուս աղբյուրը՝ հէկ-երը, քիչ արտադրանք են տվել: Այս փաստարկի դեմ էլ ոչ մեկի մտքով չանցավ պաշտոնական վիճակագրությունը ստուգել: 2008թ. հէկ-երն արտադրել են 1,8 մլրդ կՎտժամ հոսանք: 2009-ին՝ 2 մլրդ, 2010-ին՝ 2,6 մլրդ, 2011-ին՝ 2,5 մլրդ, 2012-ին՝ 2,3, իսկ 2013-ին` 2,4 մլրդ կՎտ ժամ էլեկտրաէներգիա: Այսինքն` սակավաջրության մասին պնդումն էլ լեգենդար հորինվածք էր: Ուստի «Ինչո՞ւ ՀԷՑ-ը հայտնվեց ծանր ֆինանսական վիճակում» հարցը մնում է անպատասխան: Հատկապես, որ տարին տարվա վրա բարձրացել է նաև սակագինը:
Սկզբում ոլորտի կառավարմամբ ու վերահսկողությամբ զբաղվող պաշտոնյաները խոսում էին վատ մենեջմենթից: Հետո մոռացան իրենց իսկ պնդումները: Մինչդեռ արժեր շարունակել ուսումնասիրել ոլորտի տնտեսական ցուցանիշները: Դրանք ապացուցում են, որ Ատոմակայանն ու հէկ-երն աշխատել են իրենց սովորական գրաֆիկով, և ամենևին էլ մեր էներգահամակարգը ստիպված չի եղել նրանց էժան արտադրանքի պակասը լրացնել՝ ջէկ-երին պատվիրելով ավելացնել իրենց արտադրանքը: Սակայն ջէկ-երն իսկապես վերջին տարիներին ավելացրել են էլեկտրաէներգիայի արտադրությունը: «Ո՞վ է սպառել էլեկտրաէներգիայի ավելացող քանակը» հարցի պատասխանն ակնհայտ է՝ ավելի արտադրված հոսանքն արտահանվել է: 2007-09թթ. տարեկան արտահանվել է արտադրված հոսանքի 6-7 տոկոսը:
Իսկ 2010-ից արտահանումը կտրուկ աճ է արձանագրել: Այդ թվականից հետո արտահանվել է ընդհանուր արտադրվածի 16-21 տոկոսը: Բացարձակ թվերով տարեկան արտահանվել է 1,2 մլրդ-ից 1,7 մլրդ կՎտժամ էլեկտրաէներգիա: Պարզ տնտեսական տրամաբանությունը հուշում է, որ արտահանման ծավալների աճը դրական ֆինանսական ազդեցություն պիտի թողներ ոլորտի վրա: Մինչդեռ կատարվել է հակառակը: Ու պատճառն անհավատալիության աստիճան անհեթեթ է:
ՀԾԿՀ-ն վերջին սակագինը հաստատելիս հաստատել է նաև կորուստների ծավալը՝ 11,2 տոկոսի չափով: Սակայն մեր համակարգում վերջին տասը տարում կորուստների՝ պաշտոնապես հրապարակված ցուցանիշը միշտ ավելի բարձր է եղել: 2011-ին կորուստները կազմել են 14,24 տոկոս, 2012-ին՝ 15,24, 2013-ին՝ 14,19 տոկոս: Եթե շտապեցիք ենթադրել, որ հենց սա է ոլորտի ծանր ֆինանսական վիճակի պատճառը, ապա շատ չեք սխալվել: Հուլիսի 8-ի ՀԾԿՀ`արդեն պատմական դարձած նիստում, ուր ՀԷՑ-ը տուգանվեց 60 մլն դրամի չափով, հանրահայտ Բիբինը բողոքում էր կորուստների հաշվարկի մեթոդաբանությունից: Բողոքում ու պահանջում էր, որ հանձնաժողովը 1,2 տոկոսով ավելացնի թույլատրելի կորուստների չափը:
Չեմ կարծում, որ էներգահամակարգի հետ չառնչվող որևէ մեկը գիտի, թե պաշտոնապես ինչպես է հաշվվում կորուստների ծավալը: Պարզ տրամաբանությամբ, կորուստները պիտի հաշվարկվեն արտադրանքի ընդհանուր ծավալից, բայց Հայաստանում միանգամայն այլ ու տարօրինակ մեթոդ է կիրառվում: ՀԷՑ-ի արտահանած էլեկտրաէներգիայի արժեքի մեջ կորուստների մասնաբաժին չկա: Կորուստները հաշվարկում են միմիայն ներքին սպառումից:
Այսինքն` Վրաստան ու Իրան փոխանցվող էլէներգիայի մասնաբաժնի մեջ միայն մաքուր եկամուտ է: Իսկ 13-15 տոկոս կորուստի ողջ փոխհատուցումը դրված է միմիայն ներքին օգտագործողների վրա: Ահա ամենաանհասկանալին: Փաստորեն, որքան շատ էլեկտրաէներգիա արտահանվի Հայաստանից` այնքան մեծանալու է կորուստների բեռը ներքին օգտագործողի վրա: 2011-ի` 904 մլն, 2012-ի` 981, 2013-ի` 949 մլն կՎտժամ կորուստները, որ մեծացել են արտահանման ծավալների աճին զուգահեռ, հաշվարկված են միայն ներքին օգտագործման ցուցանիշներում: Չե՞ք հավատում: Ստուգեք ինքներդ՝ պաշտոնական տեղեկատվության մեջ: Հիմա մեզ մնում է միայն երազել, որ մեր էներգահամակարգը կրճատի արտահանման ծավալները, որպեսզի տնտեսության ու սպառողների վրա բարձվող կորուստների բեռը թեթևանա: