
Հայաստանը Ռուսաստանից շատ սպասումներ ունի. Վաչե Գաբրիելյան

Ռուսական նոր վարկի տրամադրումը ՀԷՑ-ի շուրջ ծավալվող իրադարձություների հետ բացարձակապես կապ չունի: 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը ՀՀ-ին տրամադրում է 200 մլն արտոնյալ վարկ: ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագրի վավերացման նպատակով հուլիսի 2-ին գումարվելու է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: Վարկային միջոցներն ուղղվելու են ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորմանը, նաև, ըստ տեղեկությունների, մինչև ՀԷՑ-ում միջազգային աուդիտի անցկացումը դրանից է փոխհատուցվելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը:
Վ. Գաբրիելյանը նաև տեղեկացրեց, որ Հայաստանն այլ սպասումներ ևս ունի Ռուսաստանից. «Հայաստանը, բնականաբար, ՌԴ-ից՝ որպես հիմնական ռազմավարական գործընկերոջ, շատ սպասումներ ունի»: ՀԷՑ-ում ստեղծված իրադրության վերաբերյալ փոխվարչապետը նշեց, որ ռուսական կողմը ևս անհանգստացած է և պատրաստակամ է աուդիտի միջոցով պարզել ամեն ինչ: