«Երբ ես ասում եմ, որ ժողովրդի պահանջն արդար է, ես ժողովրդի կողքին եմ, արդեն ինքնըստինքյան ես ժողովրդի կողքին եմ». Վարդան Ղուկասյան

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դեմ է բախումներին, կողմնակից է բանակցություններին: Խոսելով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ անցկացվող հավաքների մասին՝ 168.am-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Վարդան Ղուկասյանը:

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաներ են ընթանում Երևանում, Գյումրիում: Մեր հարցին՝ ինչ ե՞ք կարծում՝ հասարակության պահանջը կբավարարվի՞, Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Հուսով եմ»:

Պատասխանելով հարցին՝ արդյոք իր այս իրավիճակում նախագահից որևէ բան կախվա՞ծ է, նա կարո՞ղ է որևէ բան անել, Վ. Ղուկասյանը պատասխանեց.

«Ճիշտ ասած՝ ես գիտեմ, որ ոչ մի նախագահ չի ուզենա, որ իր ժողովրդի վիճակը վատ լինի, և բացի դրանից՝ հարստանա իր ժողովրդի հաշվին: Չեմ պատկերացնում, որ որևիցե նախագահ նմանատիպ միտք ունենա: Այստեղ պարզապես պետք է շատ խելացի մտածեն, քաղաքականապես Ռուսաստանի հետ կապված՝ այստեղ լուրջ խնդիրներ են, որոնք պետք է  նստեն, քննարկեն, հասկանան ու ըստ այդմ՝ որոշում կայացնեն»:

Կարդացեք նաև

Վարդան Ղուկասյանի խոսքով՝ թանկացման հետ կապված՝ Գյումրիում շատ վատ տրամադրություններ կան.

«Գյումրիում երկրաշարժից 27 տարի է անցել, և սոցիալապես ամենավատ վիճակում գտնվող խավը գտնվում է Գյումրիում  և Շիրակի դաշտավայրում: Իհարկե, թանկացումը ևս կվատացնի ժողովրդի վիճակը, վատ պետք է անդրադառնա ոչ միայն գյումրեցիների, և նամանավանդ՝ գյումրեցիների վրա»:

Հարցազրույցներից մեկում Վարդան Ղուկասյանն ասել էր,  որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման համար պայքարի դուրս եկած ժողովրդի պահանջն արդար է: Մեր հարցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ է ինչ-որ կերպ միանալ պայքարին, Երևանում, Գյումրիում ակցիաներ են տեղի ունենում, նա պատասխանեց.

«Երբ ես ասում եմ, որ ժողովրդի պահանջն արդար է, ես ժողովրդի կողքին եմ, արդեն ինքնըստինքյան ես ժողովրդի կողքին եմ: Եթե ես գնամ, այդ ակցիային մասնակցեմ, ինձ կարող է 10 հոգի տեսնի, բայց համացանցով ինձ ամբողջ հանրապետությունն է տեսնում: Դա ևս պայքարի ձև է»:

Երևանում ակցիայի մասնակիցները փակել են Բաղրամյան պողոտան, և արդեն մի քանի օր է՝ չեն հեռանում այնտեղից: Հարցին՝ արդյոք ճի՞շտ է ընտրված պայքարի ձևը, թե՞ այլ ձևեր պետք է գործի դրվեն, Վարդան Ղուկասյանը պատասխանեց.

«Ես ընդհանրապես դեմ եմ բախումներին, որովհետև բոլորն էլ մեր ժողովուրդն են՝ երկու կողմն էլ, բոլորը խոսում են հայոց լեզվով: Ընդհարումների դեմ եմ, որևիցե մեկի քթից արյուն գալուն դեմ եմ: Ես բանակցությունների կողմնակից եմ, որ նստեն, հասկանան, բանակցեն իրար հետ: Սա է կարևորը: Եվ այդ բիբիններին էլ, երբ Ազգային ժողով են հրավիրում, Ազգային ժողովը և մեր պետությունն այնքան հզոր լինեն, որ նմանատիպ մարդիկ ոչ թե մեզ արհամարհեն… Դա՝ Ազգային ժողովը,  հայոց ընտրանին է,  և Հայաստանում, ընդհանրապես աշխարհում բարձրագույն ամբիոնն է համարվում: Եվ այդ Բիբինն իրենից ի՞նչ է ներկայացնում, որ չի գալիս՝ մասնակցի այդ խորհրդակցությանը: Կողմնակից եմ, որ նմանատիպ մարդկանց էլ պատժեն, և  էլեկտրաէներգիայի հէկ-երը գտնվեն հայոց իշխանության ձեռքին»:

Վ. Ղուկասյանը  նշեց նաև՝ դեմ է, որ երկրի ռազմավարական նշանակության օբյեկտները լինեն օտարների ձեռքին, որ երկաթգիծը լինի ռուսների ձեռքին, կապը լինի որևէ երկրի ձեռքին.

«Ես ուզում եմ, որ մեր հայոց պետությունը շատ հզոր լինի, և ստրատեգիական նշանակություն ունեցող այդ կառույցները լինեն հանրապետության, երկրի սեփականությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս