«Կան թեմաներ, որոնք չեմ ուզենա ծայրամասերում նկարել». Ռոբերտ Նիկողոսյան

Ժամանակի հետ մեր քաղաքը փոխում է ոչ միայն իր ճարտարապետական տեսքը, այլև, այսպես ասած՝ ենթարկվում է «դիմահարդարման» նոր տենդենցներին: Այսօր առօրյա կենցաղում արդեն ակտուալ են Արևմուտքից մեր իրականություն ներթափանցած փողոցային ոճի (Street style) բազմաթիվ տարրեր, օրինակ՝ քաղաքային գրաֆիտին: Փողոցային արվեստի այս տեսակը հիմնականում տեղ է գտնում տարբեր շինությունների պատերին ու, թերևս, չի համարվում պրոֆեսիոնալ նկարչական ոճ, բայց մեծ համբավ ունի երիտասարդության և հասուն մարդկանց շրջանում: Այդ պատճառով բավարարվում է ինքնազարգացմամբ, որն իսկապես աշխատում է ազատամտության և էնտուզիազմի հաշվին։ Այսօր գրաֆիտին ոչ միայն նկարչական նշանակություն ունի, այլև կոնկրետ մեսիջ պարունակող ինֆորմացիա՝ երիտասարդությունը շատ հաճախ պատերին նկարված պատկերների և բառերի միջոցով անդրադառնում է իրեն հուզող հարցերին:

168.am-ը զրուցեց Երևանի պատերը պարբերաբար նկարազարդող երիտասարդ «ռայթեր» Ռոբերտ Նիկողոսյանի հետ, ով մասնագիտությամբ պրոֆեսիոնալ նկարիչ է, ավարտել է Գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի բաժինը, իսկ գրաֆիտին ոչ միայն իր նախընտրած ինքնարտահայտման ձևն է՝ որպես ստեղծագործող մեկի, այլև օգնում է սովորել, ինքնակրթվել: Ռոբերտն ինքն է ընտրում՝ քաղաքի որ հատվածի որ պատերին դաջի իր նկարները, իսկ թեման առայժմ դիմանկարներն են. «Իմ վաղեմի երազանքներից մեկն է եղել նկարել մեծ դիմանկարներ: Նկարում եմ Հայ մեծերին, որովհետև՝ էլ ում անդրադառնամ առաջին հերթին, եթե ոչ՝ մեզ, մեր Մեծերին»:

street art (1)

Ռոբերտի հեղինակած գրաֆիտին կարող ենք հանդիպել քաղաքի տարբեր հատվածներում՝ Նորքի զանգվածներից մինչև Վերնիսաժի հարակից շինությունների պատերին: Նկարիչը դրանք անում է անձնական նախաձեռնութամբ, ոչ ոք նրան չի օգնում ու չի էլ խանգարում. «Կապ չունի՝ քաղաքի որ հատվածում եմ աշխատում, ուղղակի երևի կան թեմաներ, որոնք չեմ ուզենա ծայրամասերում նկարել, միայն նրա համար, որ հնարավորինս շատ թվով մարդիկ տեսնեն»:

Կարդացեք նաև

street art (5)

Առայժմ մեր քաղաքի պատերից մեզ ժպտում է Պարույր Սևակը, մի քիչ մտահոգ է Մհեր Մկրտչյանը, Ազնավուրը, ինչպես միշտ՝ լավատես հեգնանքը դեմքին՝ նայում է իրեն նայողին, իսկ Սոս Սարգսյանը կարծես ինչ-որ բանից լուրջ դժգոհ է: Այսպիսին է նրանց տեսնում Ռոբերտ Նիկողոսյանը:

street art (3)

street art (2)

street art (4)

Գրաֆիտիի ստեղծման մասին հայտնի է դեռ 1960-ականներից: Որպես նախահայրենիք՝ նշվում է Ամերիկայի Միացյալ Նահանգները, որտեղ արվարձանաբնակ փողոցային հանցագործ միավորումները, պատերին գրելով սեփական միավորման անունը, նշել են այն բոլոր տարածքները, որտեղ ըստ իրենց դրված օրենքների՝ պետք է գործեն իրենք, այդ կերպ պայմանավորվածություն ստեղծելով այլ միավորումների հետ՝ համատեղ քաղաքի բաժանման համար։ Իհարկե, այս առանձնահատուկ ձևն օգնել է նաև օրինապահ ուժերին՝ նրանց դեմ պայքարի գործում: Գրաֆիտին հետզհետե դարձել է վանդալիզմի նմանվող երևույթ, իսկ իր զարգացման ընթացքում ստանալով նոր որակ և երիտասարդության կողմից նոր ընկալումների վերագրվելով՝ դարձել է տեխնիկապես բարդ և նույնիսկ կոմերցիոն մեծ արժեք ունեցող նկարչական ուղղություն։

Գրաֆիտիի ժամանակակից արքաներից են՝ Loomit-ը, Daim-ը, Codeak-ը, Seen-ը, Cope-ը և այլք։ Հայաստանում նույնպես կան ռայթերներ՝ Free Art, Van, Ray, Toxic, և այլք։ Կան նաև անհատական նկարողներ, որոնցից առավել հայտնին Հայաստանում Key անունով երիտասարդն է։

Տեսանյութեր

Լրահոս