Որտե՞ղ ենք Եվգենի Բիբինը համար բնակարան վարձել սպառողներս
Օրերս մամուլում տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը բնակվում է Երևանի ամենաթանկ բնակելի գոտում՝ Տերյան 66 հասցեում կառուցված բազմաֆունկցիոնալ բնակելի շենքում: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ այդ շենքում մեկ ամսվա վարձակալության արժեքը կազմում է միջինը 1500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ վաճառքի գինը 1քմ-ի համար միջինը 2000 ԱՄՆ դոլար է:
168.am-ը փորձեց ճշտել՝ որքանո՞վ է իրականությանը համապատասխանում այս տեղեկատվությունը:
Մեր այցելության պահին Տերյան 66 հասցեում կառուցված բնակելի շենքի որոշ բնակիչներ հաստատեցին, որ ՀԷՑ-ի տնօրենն այդ շենքում է բնակվում: Անվտանգության աշխատակիցը, սակայն, մեր ճշտող հարցին ի պատասխան՝ նշեց, որ իրավասու չէ որևէ ինֆորմացիա տրամադրել: Փորձեցինք ճշտել այդ շենքի բնակարանների վարձակալության և վաճառքի գները: Շենքի անվտանգության աշխատակիցները մեզ տրամադրեցին Սեյրան անունով մի մարդու հեռախոսահամար, ով պատասխանատու է շենքի բնակարանների հետ կապված հարցերի դեպքում: Զանգահարեցինք նշված անձնավորությանը, ով հարցը լսելուն պես՝ շատ կոպիտ ձևով պատասխանեց, որ ինքը ոչ մի տեղեկություն էլ չի պատրաստվում տալ մեզ, թեպետ ինքն է այդ տեղեկատվության տրամադրման պատասխանատուն:
Հիշեցնենք, որ ռուսաստանյան «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վարձակալած 160 քառակուսի մետր մակերեսով առանձնատներից մեկն էլ գտնվում է Երևանի Արաբկիր համայնքում՝ Մանուշյան փողոց 59 շենք հասցեով: ՀԷՑ-ն այս առանձնատան համար վճարում է ամսական 1 միլիոն 110 հազար դրամ, և այդ գումարն ամբողջությամբ ներառված է եղել էլեկտրաէներգիայի սակագնում: «Հայկական Ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանն անդրադառնալով այս տեղեկատվությանը՝ հաշվարկել էր. «Արժե՞ արդյոք ամսական ավելի քան 2 հազար 300 դոլար վճարել այս առանձնատան համար: ՀՀ պետական կադաստրի հրապարակած պաշտոնական տվյալները համադրելով՝ կստացվի, որ այս տունն արժե մոտավորապես 60 միլիոն դրամ: Ամեն ամիս 1.110 միլիոն դրամ վճարելով՝ մոտ 4.5 տարի անց ՀԷՑ-ը մուծած կլինի առանձնատան ամբողջ գինը: Բայց 4.5 տարվա ընթացքում վճարելով առանձնատան ամբողջ գինը, ՀԷՑ-ը ետ կվերադարձնի այն սեփականատիրոջը: Հենց միայն այս հաշվարկը ցույց է տալիս, որ ՀԷՑ-ը հսկայական գումարներ պարզապես քամուն է տալիս: Որպեսզի մոտավոր պատկերացում կազմենք, թե որքան գումար է փոշիացնում ՀԷՑ-ը, ապա նշենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրած հայտի համաձայն՝ ՀԷՑ-ը թվով 3 հազար 300 պայմանագիր ունի անշարժ գույք վարձակալելու մասին: Հենց միայն ներկայացված առանձնատան օրինակը ցույց է տալիս, որ անշարժ գույք վարձակալելու մասին ՀԷՑ-ի կնքած բոլոր պայմանագրերը ենթակա են մանրակրկիտ ուսումնասիրության: Եվ ոչ միայն պարզելու համար, թե արդյո՞ք վարձակալության գումարը համապատասխանում է շուկայական գներին, թե ոչ: Ամենակարևորը՝ պետք է պարզել, թե ՀԷՑ-ի ինչի՞ն է պետք տվյալ առանձնատունը կամ բնակարանը, որքանո՞վ է դա անհրաժեշտ ՀԷՑ-ի կենսագործունեության համար: Ինչո՞ւ պետք է այս կամ այն առանձնատունը վարձելու համար վճարի սպառողը: Ինչո՞ւ պետք է ՀԷՑ-ի ղեկավարների կամ շարքային աշխատողների բնակարանի վարձը վճարենք մենք՝ սպառողներս: Չէ՞ որ մեր բնակարանների վարձերը մեր գործատուները չեն վճարում»:
Վերը նշված 3 հազար 300 պայմանագրերից բացի ՀԷՑ-ն ավտոմեքենաների վարձակալության վերաբերյալ կնքել է շուրջ 800 պայմանագիր, որոնց թվում է հայտնի «Լեքսուսը», որի վարձակալության համար ՀԷՑ-ն ամսական վճարում է 770 հազար դրամ:
2013թ. միայն 74 մլն դրամ նախատեսված է եղել տարբեր մակնիշի ավտոմեքենաների վարձակալության համար: 2014-2015թթ. համար նախատեսվել է մոտ 132 մլն դրամի տրանսպորտային միջոցի վարձակալություն (2015թ. հաշվարկը վերաբերում է առաջին 6 ամիսներին), սակայն հանձնաժողովն իրատեսական է համարել միայն 72 մլն դրամը, և այն ներառվել է սակագնի մեջ, չբավարարված մասը մնացել է ընկերության վրա և չի փոխհատուցվել:
ՀԷՑ-ը հայաստանյան ընկերություններից մեկի հետ կնքել է «NISSAN pathfinder» մակնիշի ավտոմեքենայի վարձակալության պայմանագիր՝ տարեկան 3.5 մլն դրամ արժեքով, ՀԿԾՀ-ն իրատեսական է համարել միայն 1.2 մլն դրամը, գումարի մնացած մասով մերժել է: Նույն արժեքով է հայտը բավարարել նաև յուրաքանչյուրը 2.9 մլն դրամ արժեքով վարձակալած «Nissan Maxima» և «Ford սեդան» մակնիշի ավտոմեքենաների դեպքում:
2011թ. Հյուսիսային պողոտայում մոտ մեկ տարի ժամկետով ՀԷՑ-ը վարձակալել է 131քմ բնակարան՝ ամսական 1 մլն դրամ վարձավճարով: Նույն տարում ընկերությունը դարձյալ մեկ տարով վարձակալել է 192քմ բնակարան և 21.44քմ ավտոկանգառ Տերյան փողոցում՝ ամսական մոտ 1 մլն 565 հազար դրամ արժեքով: Եվ սա տեղի է ունեցել տարիներ շարունակ: 2010թ. Երևանի Աբովյան փողոցի հարևանությամբ գտնվող մոտ 185քմ բնակարանի վարձակալության համար ամսական վճարել է 1 մլն 311 հազար դրամ: ՀԷՑ-ի աշխատակիցների համար թանկարժեք բնակարաններ են վարձակալվել նաև 2013-2014 թվականներին, ընդհանուրը՝ մոտ 56 մլն դրամ պայմանագրային արժեքով: ՀԷՑ-ը դրանք ևս այդ ժամանակ ցանկացել է ներառել էլեկտրաէներգիայի սակագնում, սակայն ՀԿԾՀ-ն, բարեբախտաբար, վարձակալած բնակարանների արժեքը սակագնի հիմքում չի հաշվարկել: Այդ գումարները մնացել են ՀԷՑ-ի հաշվին և չեն փոխհատուցվել:
Եվ սա՝ այն դեպքում, երբ ՀԷՑ ղեկավարությունը տարիներ շարունակ աստղաբաշխական աշխատավարձեր է ստացել՝ մոտ 60000-ից մինչև 90000 ԱՄՆ դոլար ամսական: