Վախճանվել է հայ թատրոնի դերասանուհի Սերիկ Շեկոյանը
Թբիլիսիում, կյանքի 91-րդ տարում, իր մահկանացուն է կնքել հայ թատրոնի ավագագույն դերասանուհին, վիրահայ բեմի ամենանշանավոր անհատարակություններից մեկը՝ ՎՍՍՀ ժողովրդական արտիստ, ՀՍՍՀ վաստակավոր արտիստ ՍԵՐԻԿ ՇԵԿՈՅԱՆԸ, 20-րդ դարի երկրորդ կեսի այն հզոր դերասանուհիներից մեկը, որը կանգնած էր Մետաքսյա Սիմոնյանի, Վարդուհի Վարդերեսյանի, Ժաննա Թովմասյանի, Լենա Փաշինյանի, Էմմա Ստեփանյանի կողքին և որն իր արվեստով ու ստեղծագործական ինքնատիպությամբ յուրատեսակ կամուրջ էր հանդիսանում 20-րդ դարասկզբի և դարավերջի դերասանական արվեստների միջև:
Սերիկ Շեկոյանը իրենով խորհրդանշում էր ճշմարիտ հայասիրությունը, նվիրումը հայ թատրոնին, հայապահպանությանը:
Սերիկ Շեկոյանը ծնվել է 1924թ. հոկտեմբերի 27-ին, Թիֆլիսում: 1945թ. ավարտել է Թբիլիսիի կինոստուդիայի դերասանական ստուդիան: 1945-ից աշխատել է Թբիլիսիի պետական հայկական թատրոնում` որպես դերասանուհի: Մի կարճ շրջան իր ստեղծագործական կենսագրությունը հյուսել է Ալավերդու պետական թատրոնում, ապա նորից վերադարձել Թբիլիսի, որտեղ, աշխատանքինբ զուգընթաց, ավարտել է Թբիլիսիի պետական մանկավարժական ինստիտուիտի օտար լեզուների ֆակուլտետը՝ ստանալով ֆրանսերենի ուսուցչի որակավորում:
Բազմաժանր դերասանուհի էր Սերիկ Շեկոյանը, որի բեմական շատ կերպավորումներ աչքի էին խոր դրամատիզմով, ընդգծված ինտելեկտուալիզմով: Բեմական անսահման հմայքը, խոսքի բարձր մշակույթը, կերպարայնության հույժ զգացողությունը Սերիկ Շեկոյանին առանձնացնում էին, նրան դարձնում հայ և վրաց թատերասերների սիրելին, հայ թատրոն բերում կնոջ մի նոր նախատիպ՝ պայքարող, ուժեղ, կամային: Նշանավոր դերասանուհին հանդես է եկել բնութագրական և դրամատիկական դերերով` Սոնա` Շիրվանզադեի «Չար ոգի», Աշխեն` ըստ Րաֆֆու «Սամվել» վեպի, Մարթա` Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում», Սալոմե` Սունդուկյանի «էլի մեկ զոհ», Ֆիլումենա` Դը Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո», Խանում`«Իրարանցում Հավլաբարում», ըստ Ցագարելու «Խանումի», Նուարդ` Ն.Զարյանի «Արա Գեղեցիկ», Նատաշա՝ Ալ. Շիրվանզադեի «Մորգանի խնամին», Էփեմիա՝ Գ. Սունդուկյանի «Պեպո», Դեզդեմոնա՝ Վ. Շեքսպիրի «Օթելլո», Նինա՝ Մ. Լերմոնտովի ,,Դիմակահանդես,, և այլն: 1962թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր, 1983թ.` ՎԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը: 1997թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավագդ» մրցանակի, 2011թ.` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի:
Սերիկ Շեկոյանը մինչև կյանքի վերջին օրը, կորցրած տեսողություն,բեմական խոսք առարկան էր դասավանդում Թբնիլիսիի Պ. Ադամյանի անվան թատրոնի դրամատիկական ստուդիայում:
Մեծ է կորուստն ու անդառնալի: Մեր ազգային թատրոնի վերջին սյուներից մեկն էլ ընկավ՝ աղքատացմնելով մեզ, հարստացնելով Թբիլիսիի Խոջիվանքի հայոց գերեզմանատունը, ուր նրա աճյունը կհանչի հայոց մեծերի՝ Րաֆֆու, Գաբրիել Սունդուկյանի, Հովհաննես Թումանյանի, իր ամուսնու՝ ՎՍՍՀ ժողովրդական արտիստ Արտեմ Լուսինյանի աճյունների կողքին:
Հայաստանի թատերական գործիչների միությունը սգում է ՍԵՐԻԿ ՇԵԿՈՅԱՆԻ մահը, ցավակցում նրա հարազատներին, ադամյանցիներին, Հայաստանի և Վրաստանի թատերասերներին:
ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆ
ՀԹԳՄ նախագահ