«Աստղագիտությունը Հայաստանում ծաղկող գիտություններից մեկն է». Բերնարդ Բրանդլ
Պրոֆեսոր Բերնարդ Բրանդլը վերջերս նշեց իր 50-ամյակը: Այդ առիթով 168.am-ը զրուցեց պրոֆեսորի հետ և բացահայտեց նրա կապը Հայաստանի հետ:
Պրոֆ. Բրանդլը ծնվել է Նիդեռլանդներում: 1991թ. ավարտել է Գերմանիայի ԴԵՅԶԻ (DESY) կենտրոնը, որն աշխարհի առաջատար արագացուցչային կենտրոններից է: ԴԵՅԶԻ-ն ավարտելուց հետո նա պաշտպանել է իր ատենախոսությունը Մյունհենի Մաքս Պլանկի համակարգի աստղաֆիզիկայի ինստիտուտում (Գերմանիա): 2015 թվականից նա Լեյդենի համալսարանի և Նիդեռլանդների Դելֆտի (Delft) տեխնիկական համալսարանի լիարժեք պրոֆեսոր է: Պրոֆ. Բրանդլի գիտական հետաքրքրությունները ներառում են. զանգվածեղ աստղակույտեր ու աստղային պայթյուններ, ենթակարմիր սպեկտրադիտություն և աստղագիտական սարքավորում:
– Պրոֆեսոր Բրա՛նդլ, ինչո՞ւ եք ընտրել գիտության հենց այս ճյուղը՝ աստղագիտությունը:
– Ես միշտ հիացել եմ սև խոռոչներով, գալակտիկաներով և ընդարձակվող Տիեզերքով: Սակայն, ի սկզբանե ուսումնասիրել եմ ֆիզիկա և մտել եմ աստղագիտության ոլորտ աստղագիտական սարքավորման միջոցով: Մասնիկների ֆիզիկայից անցել եմ աստղագիտությանը, քանի որ այն ժամանակ աստղագիտական հետազոտությունները կազմակերպվում էին փոքր խմբերով, որտեղ երիտասարդ գիտնականները կարող էին ավելի մեծ ազդեցություն ունենալ, քան մասնիկային ֆիզիկոսների հսկայական կոնսորցիումը: Պետք է խոստովանեմ, որ երբեք չեմ զղջացել աստղագիտությունն ընտրելու համար, բայց դա նաև նշանակում էր, որ պետք է շունչս պահած սովորեի այն։ Մինչև հիմա էլ ես սովորում եմ «դասական» աստղագիտություն, երբ իմ բնագավառից դուրս դասախոսություն եմ պատրաստում։
– Ձեր ո՞ր աշխատանքը կամ հայտնագործությունն եք համարում ամենակարևորը:
– Իմ հիմնական գիտական ներդրումն աստղառաջացման բռնկումով գալակտիկաներում միջաստղային միջավայրի բնագավառից են՝ հիմնականում Սպիտցերի տիեզերական աստղադիտակով և եվրոպական VLT խոշոր աստղադիտակով կատարված դիտումների հիման վրա։ Սակայն, իմ ամենանշանակալի ներդրումները հավանաբար գործիքավորման ոլորտից են, առավել նշանակալից է JWST-MIRI, և վերջերս METIS-ի տեղադրումը, սա միջին ենթակարմիր գործիք է, որի գլխավոր հետազոտողը ես եմ։ Վերջինս եվրոպական գերխոշոր աստղադիտակի առաջին երեք գիտական սարքերից մեկն է։
– Ինչպե՞ս է Ձեր աշխատանքն ազդում Ձեր հասարակական և ընտանեկան կյանքի վրա:
– Պարզ է, որ աստղագետի աշխատանքը չի ենթադրում ընդունված շաբաթական 5 աշխատանքային օր և օրական 8 ժամ աշխատանքային գրաֆիկ։ Բարեբախտաբար, իմ ընտանիքը հարմարվել է ու աջակցում է իմ աշխատանքին, նրանք ընդունել են իմ հաճախակի բացակայությունները ճանապարհորդությունների պատճառով և իմ աշխատանքը նույնիսկ հանգստյան օրերին և երեկոներին։ Իսկ մյուս կողմից, համալսարանի իմ դասախոսական աշխատանքը սովորաբար ապահովում է ճկուն աշխատանքային ժամեր՝ ընտանիքին և այլ միջոցառումներին նվիրելու համար։
– Ո՞րն է Ձեր խորհուրդն այն երիտասարդներին, ովքեր ընտրել են գիտությունը և ովքեր ընտրել են հատկապես աստղագիտությունը:
– Խորհուրդս հետևյալն է․ եթե իսկապես սիրում ես աստղագիտությունը, ապա գնա մինչև վերջ։ Պետք է տեղյակ լինես, որ կան շատ ավելի շատ ուսանողներ, քան աշխատատեղեր, այնպես որ, ոչ բոլորը կարող են աշխատանք գտնել աստղագիտության ոլորտում։ Սակայն թույլ մի տուր, որ այս անհանգստությունը սահմանափակի քո նվիրումն աշխատանքին։ Փորձիր գտնել մի ծրագիր կամ գիտական խումբ, որն իսկապես քեզ դուր կգա, և այստեղ օգտագործիր բոլոր ջանքերդ, բայց ամեն օր մի անհանգստացիր, թե արդյոք կարիերադ ճի՞շտ ուղու վրա է, թե՞ ոչ։ Լավ մասնագետները միշտ էլ պահանջարկ ունեն, և աստղագետները սովորում են գիտական մտածողության հիմունքները, ծրագրերի կազմակերպում, ժամանակակից տեխնոլոգիաներ և համակարգչային ծրագրավորում։ Հետևաբար՝ աստղագետները կարող են նույնիսկ լավ աշխատանք գտնել գիտական միջավայրից դուրս։
– Իսկ Դուք Ձեր աշխատանքում ավելի հաճախ օգտագործում եք աստղադիտա՞կ, թե՞ համակարգիչ:
– Եթե «համակարգիչ» ասելով՝ նկատի ունեք թվային աստղաֆիզիկան, ապա պատասխանն է՝ «ո՛չ» (չնայած նրան, որ ես մշտապես տպավորված եմ եղել իմ գործընկերների հաշվողական աշխատանքով)։ Սակայն, համակարգիչներն անհրաժեշտություն են դարձել մեր մասնագիտական կյանքում, նույնիսկ, եթե մենք պարզապես աշխատենք աստղադիտակների տվյալներով։ Նույնիսկ խոշորագույն դիտողական նախագծերն ապահովում են իրենց տվյալների մշակման սեփական փաթեթները։ Բացի այդ, ոչ մի ժամանակակից մեծ աստղադիտակ կամ այլ գործիք չի կարող աշխատել առանց համակարգչային վերահսկողության։
– Հայաստանաբնակ աստղագետներից որևէ մեկի հետ համագործակցե՞լ եք: Ապագայում Հայաստանի հետ կապված ի՞նչ աստղագիտական ծրագրեր ունեք:
-Ես աշխատել եմ Արեգ Միքայելյանի հետ, նույնացրել ենք IRAS կատալոգի և Բյուրականյան շրջահայության ենթակարմիր աղբյուրները։ Իսկ Կորնելի համալսարանում աշխատելիս մեր բաժնի վարիչը պրոֆ․ Երվանդ Թերզյանն էր։ Այս հարցը լավ հիշեցում է, որպեսզի թարմացնեմ իմ կապերը հայ աստղագետների հետ։
– 10 բալանոց սանդղակով որքա՞ն կգնահատեք պրոֆեսիոնալ աստղագիտության մակարդակը Հայաստանում: Որևէ լուծում կառաջարկե՞ք՝ ինչպես բարելավել այն:
– Չէի ցանկանա որևէ գնահատական տալ։ Ես իսկապես տպավորված եմ հայ աստղագետների որակավորմամբ և նվիրվումով, և հատկապես՝ երիտասարդ աստղագետների։ Կարծում եմ, որ Հայաստանում աստղագիտությունը պատմականորեն լավ հիմքերի վրա է դրված, և այժմ այն կարելի է համարել Հայաստանի ծաղկող գիտություններից մեկը։ Ծաղկող գիտությունն ավելի մեծ հանրային ուշադրության է արժանանում, և այն գրավում է լավագույն ուսանողներին, ովքեր էլ պահում են այս գիտությունը բարձր մակարդակի վրա։ Մյուս կողմից՝ սկսած Գալիլեո Գալիլեյից, աստղագիտությունը եղել է դիտողական գիտություն, որը պահանջում է մեծ և թանկարժեք աստղադիտակներ։ Գրեթե յուրաքանչյուր նոր դիտողական սարք, լինի դա Երկրի վրա թե Տիեզերքում, գրանցում է նոր հայտնագործություններ։
Շատ երկրներում նույնիսկ երիտասարդների համար է բավական հեշտ աշխատել այնպիսի սարքավորումների տվյալների հետ, ինչպիսիք են VLT, ALMA, Keck, Gemini, կամ Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) ու ՆԱՍԱ-ի առաքելությունների տվյալներով։ Եվրոպայում շատ երկրներ անդամակցում են Եվրոպական հարավային աստղադիտարանին, որն ընձեռում է մեծ առավելություն իրականացնելու ձեր դիտողական ծրագրերը։ Այս առումով, հայ աստղագետներն ուղղակի մուտք չունեն համաշխարհային բարձրակարգ սարքավորումների աշխարհ, որն ավելի է դժվարացնում բարձր ազդեցության գործակից ունեցող գիտական ամսագրերում տպագրվելը։
– Այսօր աշխարհում ճանաչո՞ւմ են ժամանակակից հայ աստղագետներին:
– Այո՛, միանշանակ:
– Ձեր կողմից ի՞նչ նոր հայտագործություններ ակնկալենք ապագայում:
Եթե ես արդեն իմանամ, ապա դա իրական հայտնագործություն չի լինի, այդպես չէ՞։ Բայց ես ակնկալում եմ շատ հետաքրքիր տվյալներ հաջորդ մեծ առաքելությունից, որով այժմ զբաղվում եմ՝ միջին ենթակարմիր սարքից (MIRI), որն աշխատելու է Ջեյմս Վեբի տիեզերական աստղադիտակի (JWST) վրա, և, ի վերջո, E-ELT-ի վրա METIS սարքից։ Սակայն, գրեթե անհնար է կանխատեսել գիտությունը, դժվար է ասել, թե ինչ կանենք առաջիկա տասը տարիների ընթացքում: Եվ հենց այս անորոշությունն է, որ գիտությունն ու աստղագիտությունը դարձնում է այսքան գրավիչ։
Զրուցեց Սոնա ՖԱՐՄԱՆՅԱՆԸ