Իրանը կարող է ներդրումներ կատարել Հայաստանի տարանցիկ ենթակառուցվածքներում. Կովկասի հարցերով իրանցի փորձագետ

Հայաստանը ներդրումների կարիք ունի, մասնավորապես՝ ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտում, և Իրանը կարող է ներդրումներ կատարել Հայաստանի տարանցիկ ենթակառուցվածքներում։

Ինչպես հայտնում է IRNA-ն, այս մասին Թեհրանի համալսարանի և IRNA գործակալության՝ «Իրան-Հայաստան հարաբերություններ. անցում դեպի նոր տարածաշրջանային և համաշխարհային կարգի» խորագիրը կրող համատեղ հանդիպման ընթացքում նշել է Իսլամական Հանրապետության  արտաքին գործերի նախարարության գիտական հետազոտությունների վարչության պետ Հաբիբոլլահ Մալաքութիֆարը։

«Միջանցքները այսօրվա տնտեսական պատերազմի կարևոր մասն են կազմում, և մենք պետք է դիտարկենք դրանց քննարկումը՝ դաշինքներ ստեղծելու և երկրների հետ հարաբերությունները ընդլայնելու համար»,-նշել է Մալաքութիֆարը՝ անդրադառնալով Հարավային Կովկասի տնտեսական ներուժին։ Նա նաև նկատել է, որ Հայաստանը կարող է կարևոր դեր խաղալ Իրանի հարավային ջրերում գտնվող Չաբահարը Սև ծովին կապելու գործում:

Նա ընդգծել է, որ այդ գործում բացի Հայաստանից՝ Թեհրանին անհրաժեշտ է նաև երրորդ գործընկեր՝ մատնանշելով Հնդկաստանը։ 

«Մեզ անհրաժեշտ է երրորդ գործընկեր Երևանի հետ հարաբերություններում, և այս ոլորտում, հատկապես՝ միջանցքների հարցում, լավագույն գործընկերը Հնդկաստանն է»,-ասել է Հաբիբոլլահ Մալաքութիֆարը։ 

Վերլուծաբանի խոսքով՝ ենթակառուցվածքների զարգացման և ընդլայնման տեսանկյունից Հայաստանը ներդրումների կարիք ունի։ «Հայաստանը ներդրումների կարիք ունի, մասնավորապես՝ ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտում, և Իրանը կարող է ներդրումներ կատարել Հայաստանի տարանցիկ ենթակառուցվածքներում»,-շեշտել է փորձագետը։ 

Նա նաև ընդգծել է, որ Երևանն ու Թեհրանը պետք է օգտագործեն Հայաստանի տարանցիկ հնարավորությունները՝ շեշտելով, որ դրա համար անհրաժեշտ է  ավարտին հասցնել Հյուսիս-հարավ միջանցքի հայկական ճյուղը։

Տեսանյութեր

Լրահոս