Արա Աբրահամյանը պարտվել է դատարանում՝ «Մանկական աշխարհ» տարածքի գործով. Civilnet.am

Civilnet-ը գրում է. Հուլիսի 25-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության հայցը և ռուսաստանաբնակ գործարար Արա Աբրահամյանի հետ փոխկապակցված «Սոգլասիե Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող «Մանկական աշխարհ» նախկին հանրախանութի տարածքը որոշել վերադարձնել Երևան համայնքին։

Շուրջ 3,000 քմ հողամասի նկատմամբ կառուցապատման համար տրամադրված իրավունքը անվավեր է ճանաչվում այս որոշմամբ։ Այն, սակայն, դեռևս օրինական ուժի մեջ չի մտել։

Գլխավոր դատախազությունը հայցը ներկայացրել էր 2023-ի վերջին։ Դատախազությունը պնդել էր, որ թեև հողամասն ընկերությանը տրամադրվել էր կառուցապատման համար, սակայն այն չէր կառուցապատվել և չէր օգտագործվել նպատակային նշանակությամբ։

Պատասխանող կողմը՝ տվյալ դեպքում, «Սոգլասիե Արմենիա» ընկերությունը դատարանում հակառակն էր պնդել, որ հողամասը կառուցապատման համար չի տրամադրվել, այլ ձեռք է բերվել ուղղակի վաճառքով, իսկ պայմանագիրը կառուցապատման պարտավորություն չի էլ նախատեսել։

Ըստ գործի նյութերի՝ 2000-ականների սկզբին նախ վարձակալությամբ, այնուհետև ուղիղ օտարման սկզբունքով «Սոգլասիե Արմենիան» ձեռք է բերել 10,000 քմ հողակտոր, որից շուրջ 3,000 քմ-ն պետք է կառուցապատվեր, սակայն այն չի իրականացվել։

Դատարանը հաստատել է, որ շուրջ 3,000 քմ մակերեսով հողատարածքը չի օգտագործվել «Սոգլասիե Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ավելի քան երեք տարի։

«Սոգլասիե-Արմենիա» ՓԲԸ-ն անդրադարձել է Հակակոռուպցիոն դատարանի վճռին՝ ասելով, որ այն բողոքարկելու է։

«Դատական ակտը պայմանավորված է Արա Աբրահամյանի գործունեությամբ։ Ընկերության կողմից կատարվել և կատարվում են անհրաժեշտ շինարարական աշխատանքները, որոնց ձգձգման, դժվարությունների և խոչընդոտների հասցեատերերը, տևական ժամանակ է, վարչական մարմիններին են։ Ինչպես նաև «Սոգլասիե-Արմենիա» ՓԲԸ-ն հանդիսանում է օտարերկրյա ներդրող»,- ասված է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս