Բաժիններ՝

ԱՄՆ-ն հինգերորդ անգամ 30 օրով հետաձգել է սանկցիաների կիրառումը սերբական NIS-ի նկատմամբ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հինգերորդ անգամ 30 օրով հետաձգել է սանկցիաների կիրառումը սերբական NIS-ի նկատմամբ։

Այս մասին հայտնել է Սերբիայի հանքարդյունաբերության և էներգետիկայի նախարար Դուբրավկա Ջեդովիչ Խանդանովիչը։ Նա նաև նշել է, որ ձեռնարկվում են կոնկրետ քայլեր՝ NIS-ի գործունեության մեջ անորոշությունը նվազեցնելու ուղղությամբ։

Սերբիայի նավթային NIS ընկերության 56.14% բաժնեմասը պատկանում է «Գազպրոմ նեֆտ»-ին և «Գազպրոմ»-ին։

Նշենք, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը՝ ի դեմս OFAC-ի (Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակ), նախատեսել է սանկցիաներ կիրառել սերբական նավթային ընկերության՝ NIS-ի նկատմամբ, որի մեծ մասնաբաժինը պատկանում է ռուսական պետական կազմակերպություններին՝ «Գազպրոմին» և «Գազպրոմ նեֆտին։ Բայց արդեն հինգերորդ անգամն է, երբ այդ սանկցիաների ուժի մեջ մտնելը հետաձգվում է՝ այս անգամ ևս 30 օրով։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ Սերբիան, չնայած ԵՄ անդամակցության ցանկությանը, պահպանել է ջերմ հարաբերություններ Ռուսաստանի հետ։ NIS-ի ռուսական կապերը դրա վառ ապացույցն են։
ԱՄՆ սանկցիաները քաղաքական ճնշման միջոց են՝ ռուսական կապերով ընկերությունների դեմ։ Բայց այս հետաձգումները ցույց են տալիս, որ Սերբիայի նկատմամբ Վաշինգտոնը ընտրում է զգուշավոր մոտեցում։

Սանկցիաները կարող են ազդել Սերբիայի էներգետիկ կայունության վրա, քանի որ NIS-ը երկրի խոշորագույն նավթային ընկերությունն է։ Հետաձգումները, ըստ էության, ժամանակ են տալիս Սերբիային՝ հարմարեցնելու իր քաղաքականությունն ու տնտեսական ուղեգիծը։
Դուբրավկա Ջեդովիչ Խանդանովիչը այդ կապակցությամբ մինչ այդ հայտարարել էր՝ «Ձեռնարկվում են կոնկրետ քայլեր՝ անորոշությունը նվազեցնելու համար»:

Սա նշանակում է, որ Սերբիան փորձում է գտնել հավասարակշռված լուծում՝ մի կողմից չզրկվել ռուսական ներդրումներից ու էներգիայի մատակարարումից, մյուս կողմից՝ չհակասել Արևմուտքի պահանջներին։

Հիշեցնենք նաև, որ դեռևս այս տարվա հունվարին ԱՄՆ-ը պահանջում էր ամբողջապես հեռացնել ռուսական մասնաբաժինը սերբական NIS նավթային ընկերությունից, այդ մասին հայտարարել էր Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։

Նա նշել էր, որ Վաշինգտոնը «թույլ չի տալիս ընկերությունում ռուսական կապիտալի 49 տոկոսի կամ ավելի քիչ ներկայության հնարավորություն»։

«Գործողությունների համար մենք ընդամենը 45 օր ունենք, որից հետո պատժամիջոցներն ամբողջությամբ ուժի մեջ կմտնեն», – հավելել էր Վուչիչը։

Տեսանյութեր

Լրահոս