Բաժիններ՝

Երվանդ Զախարյանը շարունակում է իր նախորդի՝ Արմեն Մովսիսյանի աշխատաոճը. ՎՊ-ն աղաղակող խախտումներ է արձանագրել

Հայաստանի Վերահսկիչ պալատը հրապարակել է անցած տարվա իր ստուգումների արդյունքների ընթացիկ հաշվետվությունները, որում աղաղակող խախտումներ կան Էներգետիկայի և բնական պաշարների, Էկոնոմիկայի, Առողջապահության նախարարությունների աշխատանքների տարբեր ուղղություններով, Կոտայքի մարզպետարանի և այլ գերատեսչությունների գործունեության հետ կապված:
ՎՊ-ն Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում ստուգել է ՀՀ տարածքում ընդերքի օգտագործման տրամադրման գործընթացներն ու ընդերքի օգտագործման համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը 2012-2014թթ.: Արդյունքները բավականին տխուր են:

Պարզվել է, որ ընդերքօգտագործման իրավունքների (մետաղական և ոչ մետաղական) տրամադրման գործընթացներում նախարարությունն ու Ընդերքի տրամադրման գործակալության պաշտոնյաները ոչ միատեսակ մոտեցումներ են դրսևորել կազմակերպությունների հանդեպ: Այս տարիների ընթացքում խախտումներ և թերություններ են եղել օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունքների 60-70%-ում, իսկ, օրինակ, անցած տարի տրամադրված 10 իրավունքից ստուգվել է 6-ը, և բոլոր դեպքերում խախտումներ են եղել:
Նախարարության չինովնիկներն աչքի են ընկել իրենց անգործությամբ, կամայական մոտեցումներով: Օրինակ, ըստ հաշվետվության, «Ընդերքի մասին» օրենքում ասվում է, որ դիմումի գրանցման օրվանից հետո 45-օրյա ժամկետում պետք է որոշում ընդունվի, իսկ եթե լիազոր մարմինը որոշում չի ընդունում, ապա դիմումը համարվում է բավարարված: Խախտումներ առկա են դիմումների 65%-ում: Արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ դիմումից մինչև որոշման կայացումը տևել է 100 և ավելի օր:

Օրինակ, «Սթոուն Լենդ» ընկերությունը 20.11.2013թ. դիմել է նախարարություն Լոռու մարզի Կանչալաքարի պղնձի հանքերևակման տարածքում 2013-2016թթ. երկրաբանահետախուզական աշխատանքների թույլատվություն ստանալու նպատակով, սակայն 2014թ. հոկտեմբերի 1-ին ընկերության հայտը մերժվել է՝ հայցվող տեղամասն այլ ընկերության հանքային իրավունքով ծանրաբեռնված լինելու պատճառով: Մինչդեռ ՎՊ-ն արձանագրել է, որ ընկերության հայտը մերժվել է դիմումի գրանցման օրվանից 345 օր հետո:

Այսինքն, եթե առաջնորդվենք օրենքով, ընկերության դիմումը պետք է մեխանիկորեն համարվեր բավարարված: Ու, թերևս, դատարան դիմելու դեպքում «Սթոուն Լենդը» կարող է «պատիվ պահանջել» չինովնիկներից: Օրենքով այս դեպքերում նախատեսվում է պատասխանատվություն: Նման իրավիճակ է մի շարք այլ ընկերությունների մոտ, և ՎՊ-ն գտնում է, որ դրանց դիմումները պետք է համարվեն բավարարված և նրանց տրամադրվեն համապատասխան ընդերքօգտագործման իրավունքներ:

Կարդացեք նաև

Նշվածը, որպես բյուրոկրատական քաշքշուկ կամ ոչ միատեսակ մոտեցում որակելու պատճառներից, ըստ ՎՊ-ի, նաև այն փաստն է, որ արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ նախարարության կողմից օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունքի դիմումները բավարարվել են զգալի սեղմ ժամկետներում: Օրինակ, անհասկանալի պատճառներով, չինովնիկների բարեհաճությունն են վայելել «Դորոժնիկ», «Արթուր և Վարուժան», «Մեդիս-Շին», «Սիսիանի Բուատ», «Կապպեր Մայնինգ», «Սփայս Սթիլ Արմենիա» և այլ ընկերություններ, որոնց դիմումները բավարարվել են հաշված օրերի ընթացքում:

Ընդերքի պետական տեսչության աշխատակիցների մեծ մասն ընդհանրապես գործուղումներին չի մեկնել ու, ըստ ՎՊ-ի, նրանց պարտականությունների իրականացումը կրել է ձևական բնույթ՝ «գնացել» ու չեն ստորագրել ստուգման ակտը, կամ էլ չեն գնացել գործուղման, բայց ակտը ստորագրել են: Համապատասխան սարքավորումներ չունենալու պատճառով տեսուչներն ընդերքօգտագործողների մոտ ծավալների բազմաթիվ չափումները կատարել են մոտավոր՝ աչքաչափով: Ակնհայտ է, որ այստեղ կոռուպցիոն մեծ ռիսկեր կան: Ի դեպ, վերահսկողության ընթացքում կազմված արձանագրությունները նախարարության և տեսչության կողմից ընդունվել են առանց առարկությունների:

Երբեմն էլ չինովնիկներն աշխատասիրության աներևակայելի դրսևորումներ են ցուցաբերել՝ աշխատելով անգամ կիրակի օրերին: Օրինակ, «Արմենիա Ինթերնեյշնլ Գոլդի» հետ Գեղարքունիքի Ծարասարի արմատական ոսկու հանքերևակման տարածքում որոնման-հետախուզական աշխատանքներ իրականացնելու նպատակով լիցենզիայի պայմանագիրը կնքվել է 2011թ. սեպտեմբերի 25-ին՝ ոչ աշխատանքային օր՝ կիրակի: Ընդ որում՝ այս ընկերությունը պարտավորվել էր ներդնել 250 մլն դրամ, բայց բավարարվել է ընդամենը 180 հազար դրամով:

Ուշագրավ է, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդը» Մեղրաձորի ոսկու հանքային իրավունքը փոխանցել է «Մեղրաձոր Գոլդին», որի ժամանակ ուժը կորցրած են համարվել պայմանագրի մի շարք դրույթներ: Արդյունքում՝ իրացված հանքաքարի դիմաց վճարվել է միայն ոսկու և արծաթի դիմաց, իսկ առկա թելուրի քանակն ընկերության կողմից չի որոշվել:

Ընդերքօգտագործողների մոտ ընդերքի օգտագործման օրինականության նկատմամբ ՎՊ-ն իրականացրել է 15 ստուգումներ: Արձանագրված փաստերը վկայում են, որ որոշ ընկերություններ լիարժեք չեն կատարում ընդերքօգտագործման պայմանագրերով ստանձնած պարտականությունները, այդ թվում՝ համապատասխան ներդրումները, իսկ թերությունների բացահայտումն աչքաթող է արվում ու չի վերացվում, չեն կնքվել հողատարածքի վարձակալության պայմանագրեր, անգամ ընդերքօգտագործողներին («Արզնի առողջարան» և «ՎԻ ԸՆԴ ԷՅ ՏՈՒՐ») առանձին լիցենզիաներ են տրամադրվել նույն հորատանցքը շահագործելու համար: Եվ այլն:

Խախտումները բազմաթիվ են: Հաշվի առնելով ստուգումների ժամանակագրությունը՝ ստացվում է, որ նախարարի փոփոխությունը չի ազդել նախարարության աշխատանքի վրա: Այսինքն՝ նախարար Երվանդ Զախարյանը նույնությամբ շարունակում է իր նախորդի՝ Արմեն Մովսիսյանի աշխատաոճը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս