«Փորձում ենք պահպանել Սիրիայում հայ համայնքն ու քրիստոնյա ներկայությունը»

Մեր զրուցակիցն է Հալեպի Հայ ավետարանական համայնքի համայնքապետ,
վերապատվելի Հարություն Սելիմյանը

– Վերապատվելի, վերջին ամիսների ընթացքում Սիրիայից կրկին լարվածության մասին լուրեր են պարբերաբար հաղորդվում։ Գրոհայինները թիրախավորել էին քրիստոնեաբնակ Ջդեյդե թաղամասը, որտեղ պայթեցրել էին 15-րդ դարում կառուցված Սրբոց Քառասնից Մանկանց Մայր Եկեղեցին։ Ակնհայտ է, որ գրոհայինները նպատակ ունեն վերջ դնել Սիրիայում հաստատված քրիստոնյաներին։ Ի՞նչ տրամադրություններ և ի՞նչ մթնոլորտ է տիրում այսօր Սիրիայի հայ համայնքում։

– Իսկապես, անցնող մեկ ամսվա ընթացքում իրավիճակը բավականին լարված է թե՛ ռազմականապես, թե՛ քաղաքականապես, որովհետև Մոսկվայում անցկացվում են բանակցություններ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Արաբական ծոցի երկրների պատասխանատու կողմերի մասնակցությամբ, որոնց դիրքորոշումը զինյալ ընդդիմությանը նեցուկ կանգնելն ու քաջալերելն է։ Բայցևայնպես, երևի թե, ԱՄՆ-ը իր ունեցած վերջին քաղաքական զարգացումների լույսի տակ տեսնում է, որ Սիրիայի հարցը չի գտնելու բարվոք լուծում, որի համար նույնիսկ ԱՄՆ նախագահ Օբաման հայտարարում է, որ պետք է իր ունեցած նախագահության շրջանից այն կողմ անցնի սիրիական պատերազմի կարգավորման հարցը։ Այս իրավիճակն այնպիսի լարվածություն է ստեղծել, որ Հալեպը պաշարող զինյալ ընդդիմությունը փորձեց հավելյալ տարածքներ ստանալ, որպեսզի բանակցային սեղանի շուրջ առավելություններ ստանա։

Այս իմաստով խաղաղ բնակչության վրա ռմբակոծումները շարունակվեցին, և դրանք հարվածեցին քրիստոնյա և ոչ քրիստոնյա թաղամասերին, այդ պատճառով արդեն բավական շատ մարդ հայտնվեց դժվարին կացության մեջ։ Դպրոցներն ավարտեցին իրենց այս կիսամյակի աշխատանքները, քննություններն ավարտվեցին, որը մեծաթիվ ընտանիքների հնարավորություն տվեց փոխել իրենց բնակության վայրը, ուղղությունը և Հալեպը թողնել։ Կարծում եմ, որ մասամբ խոհեմություն էր սա, որովհետև իրենք կրակի և ռումբերի տակ ապրելու ռիսկից հեռացան, բայց ընդհանրապես գաղութը լքեցին, ինչն ինքնին թուլացրեց հայ ժողովրդի ներկայությունը հատկապես վերջին շրջանում։

Կարդացեք նաև

Երկու դիտարկում ունեմ։ Առաջինը` երևի քաղաքական ընդհանուր հաշվարկների մեջ պետք է քրիստոնյա խավը և ներկայությունը պահվի, որպեսզի Սիրիայում մնացած քրիստոնյաների քաղաքական դիրքերը չտկարանան, պետք է պահվեն, որպեսզի քրիստոնյա շրջաններն ու մշակույթը կրկին անգամ բանակցության առարկա դառնան։ Մենք քաղաքական պետք է մտածենք այս հարցում։ Եթե այնպես պատահի, որ Սիրիայից հեռանա քրիստոնեությունը, հայ ժողովուրդը` Հալեպից, կասեն, որ քրիստոնյա չմնաց Սիրիայում և քրիստոնյաներին պաշտպանելու համար զոհողություններ չեն գործադրվի։ Մենք ամեն գնով ցանկանում ենք մեր եկեղեցիների և ժողովրդի մեջ այդ ամրակուռ սիրիական հայրենիքին ամուր մնալու կապվածությունը լուսարձակել։ Դա անհրաժեշտ է անել, որպեսզի մեր քրիստոնեական ներկայությունը, մեր տունը վտանգի չմատնվի։

– Բայց հաջողվո՞ւմ է արդյոք պահել համայնքը, եթե կա անվտանգության խնդիր ու սպառնալիք։

– Այո, անվտանգության խնդիր կա, մենք անվտանգության ընդհանուր իրավիճակն ենք ցանկանում փոփոխել, մեր ժողովրդին ապահով տեղերի մեջ տեղավորել, ավելի պակաս թիրախավորված թաղամասերում և շրջաններում։ Երկսայրի սուր է իրավիճակը։ Միևնույն ժամանակ` ժողովրդին չպետք է պատանդի նման պահել, ազատ հայեցողություն պետք է լինի և կա` ով ուզում է թողնել երկիրը` թողնում է, չպետք է արգելել։ Այն մարդիկ, ովքեր ցանկանում են մնալ, մնում են, նրանք, ովքեր ցանկանում են հեռանալ, հեռանում են։ Շատերը ցանկանում են մնալ, մենք` որպես ղեկավարներ, չենք ցանկանում ժողովրդին որոշումներ պարտադրել։ Մենք մեր որոշումները կայացնում ենք, բայց ժողովուրդն ազատ է իր ընտրության հարցում։ Մենք չունենք ազգային հստակ ռազմավարություն` գաղութը հստակ հայ և քրիստոնյա զանգվածից հեռացնելու կամ պահելու, միևնույն ժամանակ արգելք չենք կարող լինել, եթե կա ցանկություն հեռանալու։

Միջազգային քրիստոնյա երկրների և իշխանությունների, պետությունների պատճառաբանությունը հետևյալն է, որ քրիստոնյաները հեռացան, և շատ մոտ է իսլամական հզոր պետություն ստեղծելու հավանականությունը։ Եթե դա տեղի ունենա, քրիստոնյաները ստիպված են լինելու րոպե առաջ լքել Սիրիան, որովհետև նրանց գոյությանը վտանգ է սպառնում։ Բայց եթե քրիստոնյաները մնան, ապա մենք կկարողանանք բոլոր կողմերի եկեղեցական և բարձր մակարդակի դռներ թակել և ՄԱԿ-ին դիմելով` աջակցություն խնդրել, պաշտպանություն խնդրել։ Եթե չկարողանանք այսպես վարվել, ապա ես վախենամ, որ Միջին Արևելքում քրիստոնյա այլևս չմնա։ Խնդիրը միայն Սիրիայի հետ չէ կապված, հաջորդը Լիբանանն է լինելու, Լիբանանը հեռու չէ, հաջորդն այլ արաբական քաղաքներն ու երկրներն են, որտեղ քրիստոնյաները կարևոր ներկայություն ունեն և մասնակցում են երկրների, ժողովուրդների մշակութային և քաղաքական զարգացումներին։ Մենք գալիք տարիների ընթացքում չենք ցանկանում տեսնել Միջին Արևելքը` լքված քրիստոնյա ներկայությունից։

– Եթե ցանկանում են հեռանալ, ինչպե՞ս են հեռանում։ Կա՞ն արդյոք անվտանգ ճանապարհներ։

– Իրականում Հալեպից դուրս գալու միայն մեկ ուղի կա և այդ ուղին անցնող երկու տարիների ընթացքում օգտագործվել է։ Այդ ճանապարհից բացի, այլ ճանապարհ կա, դրա մասին այստեղ բոլորը գիտեն։ Դա 100% ապահով չէ, որովհետև դիպուկահարները դիտարկում են այդ ճանապարհը։ Եթե ստիպված լինենք, ապա պետք է օգտագործենք այդ ճանապարհն այստեղից հեռանալու համար` մինչև այս հարցն իր ավարտը գտնի, և աղոթում ենք, որ հարցն ավարտվի Սիրիայում քրիստոնյա ներկայության պահպանմամբ։

– Սիրիական ողջ պատերազմի ընթացքում Սիրիայի հայ համայնքը որքանո՞վ է պակասել։

– Համայնքում երևի թե մնացել է ավանդական սիրիական համայնքի մեկ երրորդը։ Հայ ժողովրդի երկու երրորդն արդեն լքել է Հալեպը։ Այսինքն` այսօր Հալեպն ապրում է շատ լուրջ հայաթափման վտանգ։

Տեսանյութեր

Լրահոս