Բաժիններ՝

Նապոլեոնյան պատերազմների հինգ գլխավոր դասերը. The National Interest

Ամերիկյան The National Interest-ում հրապարակվել է պարբերականի փոխխմբագիր Ախիլեշ Փիլալամարիի «Նապոլեոնյան պատերազմների հինգ գլխավոր դասերը» խորագրով հոդվածը.

«Այս տարի մենք նշելու ենք Նապոլեոնյան պատերազմների ավարտի 200-ամյակը, երբ 1815 թվականի հունիսի 18-ին մարդկության պատմության մեջ մեծագույն գեներալներից ու մարտավարներից մեկը պարտվեց Վաթեռլոոյի ճակատամարտում, ինչը վերջակետ դրեց նրա գրեթե 20-ամյա ռազմական կամպանիային:

Միևնույն ժամանակ մենք Նապոլեոնյան պատերազմներից կարող ենք բազմաթիվ արժեքավոր ռազմական, քաղաքական ու դիվանագիտական դասեր: Ստորև ներկայացվում են Նապոլեոնի ռազմական կամպանիաների հինգ կարևորագույն դասերը:

Չի կարելի թերագնահատել բրիտանացիների ֆինանսական հնարավորությունները

Կարդացեք նաև

Բոլորին հայտնի է, որ Նապոլեոնից ու Հիտլերից հաջողությունը թեքվել է այն պահին, երբ նրանք ներխուժեցին Ռուսաստան: Միևնույն ժամանակ երկու դեպքում Մեծ Բրիտանիայի հարստությունն ու ռեսուրսները կարևոր դեր են խաղացել նրանց պարտության մեջ:

Չնայած բնակչության ոչ մեծ թվակազմին ու ոչ մեծ տարածքին` եվրոպական բոլոր երկրներից միայն Մեծ Բրիտանիան է ունակ եղել անդադար պատերազմ մղել Նապոլեոնի դեմ. եթե չհաշվենք Ամիենի պայմանագրով 1802-1803 թվականների կարճաժամկետ հրադադարը, Մեծ Բրիտանիան 1793-1815 թվականներին անդադար պատերազմել է Ֆրանսիայի դեմ, մինչդեռ մյուս երկրներն այդ ընթացքում հաջողացրել են և´ պատերազմել Ֆրանսիայի դեմ, և´ նրա հետ ստորագրել խաղաղություն, և´ անգամ դաշինքի մեջ մտնել նրա հետ:

Մեծ Բրիտանիան կարողացել է անդադար պատերազմել Նապոլեոնի հետ` շնորհիվ իր ժամանակակից բանկային ու ֆինանսական սեկտորների, որոնք ավելի շատ կախված են վարկերից ու փոխառություններից, քան` փաստացի եկամուտներից ու տարածքներից:

Բրիտանացիները կարողացել են վճարել ոչ միայն իրենց բանակի ու նավատորմի անդադար մասնակցությունը ճակատամարտերին` էական վնաս չպատճառելով սեփական տնտեսությանը, այլև` հովանավորել իր դաշնակիցներին:

Բրիտանացիները պարբերաբար ֆինանսական օգնություն են ցուցաբերել ինչպես խոշոր, այնպես էլ` փոքր պետություններին: Մինչև 1813 թվականը նրանք ֆինանսավորել են մոտ 450.000 ավստրիացի ու ռուս զինվորների պահելու ծախսերը` այդպիսով չեզոքացնելով Ֆրանսիայի ժողովրդագրական առավելությունը:

Ըստ էության` բրիտանական պետության վերելքն ու ֆրանսիական պետության անկումը, երկու տնտեսությունների մրցակցության պատմությունը պետք է Նապոլեոնին մտահոգելու տեղիք տային, երբ նա Մեծ Բրիտանիան արհամարհանքով անվանեց «առևտրականների ազգ»:

Անհրաժեշտ է իմանալ, թե ինչպես պետք է վարվել Ռուսաստանի հետ

Ռուսաստան ներխուժելը հավանաբար ավարտվում է ոչ շատ հաջող` կապված նրա վիթխարի տարածքի հետ. բանակը պարզապես կարող է հետ քաշվել արևելք` դեպի Սիբիր, և վարել հակառակորդին հյուծելու պատերազմ, իսկ խստաշունչ կլիման նրան կօգնի այդ հարցում:

Սակայն ինչպես պարզեց Նապոլեոնը, ամեն դեպքում անհնար է Ռուսաստանի սահմանների մոտ սահմանափակ պատերազմ մղելու շրջանակներում Ռուսաստանին պարտության մատնելն ու նրա հետ պայմանավորվածության գալը:

Իրականում Նապոլեոնի մեծագույն հաղթանակների մի մասը բաժին է ընկել ռուսական զորքերի նկատմամբ հաղթանակ տանելուն, որոնք նրա դեմ են հանդես եկել ավստրիական կամ պրուսական բանակի ուժերի հետ մեկտեղ:

1805 թվականին ֆրանսիացիները ռուսներին ու ավստրիացիներին ջախջախել են Աուստեռլիցի ճակատամարտում, ինչից հետո Նապոլեոնը շարունակել է ռուսների դեմ պատերազմել ընդհուպ մինչև 1807 թվականը, երբ նա ռուսական բանակին խորտակիչ պարտության մատնեց Արևելյան Պրուսիայում` Ֆրիդլանդի ճակատամարտում:

Դրանից հետո Նապոլեոնին հաջողվել է Ռուսաստանի հետ ստորագրել Տիլզիտի խաղաղության պայմանագիրը, որի համաձայն` այդ երկրները դարձան դաշնակիցներ, ինչն առաջին հերթին ձեռնտու էր Ֆրանսիային:

Եվ այնուամենայնիվ, Նապոլեոնը որոշեց զոհաբերել այդ խաղաղությունը` ձեռնարկելով այնպիսի քայլեր, որոնք հակասեցին Ռուսաստանի շահերին և Ֆրանսիային չբերեցին գործնական որևէ օգուտ. մասնավորապես նա ուժեղացրել է Լեհաստանի վերականգնումը և Ռուսաստանին հարկադրել է դադարեցնել Մեծ Բրիտանիայի հետ առևտուրը:

Հենց այդ ժամանակ էլ ցանվեցին 1812 թվականի չարամիտ ռազմական կամպանիայի սերմերը: Երբ ֆրանսիական բանակը Ռուսաստանում կորցրեց իր հարյուր հազարավոր զինվորներին, առավելությունը հայտնվեց Ռուսաստանի կողմում, և նրա բանակը վերջին հաշվով առաջ շարժվեց դեպի արևմուտք` դեպի Փարիզ:

Առավել թույլ հակառակորդի դեմ պայքարը Մերձավոր Արևելքում. դա չափազանց բարդ առաջադրանք է

Նապոլեոնի գլխավորած ֆրանսիական բանակը 1798 թվականին ներխուժեց Եգիպտոս և համընդհանուր ընդունված է, որ նա զգալիորեն ուժեղ է եղել մամլյուքների վատ կազմակերպված զորքերից, որոնց նա 1798 թվականին հուլիսի 21-ին կործանիչ պարտության մատնեց Բուրգերի ճակատամարտում:

Սակայն գլխավոր բարդությունները սկսվեցին արդեն Նապոլեոնի այդ հաղթանակից հետո, և դրա պատճառը միայն այն չէ, որ բրիտանացիները ջախջախել են ֆրանսիական նավատորմը` ֆրանսիացիներին կտրելով դեպի հայրենիք տանող ուղուց:

Նապոլեոնը հարկադրված է եղել Եգիպտոսը ղեկավարել իրեն հավատարիմ ոչ մեծաթիվ ֆրանսիացիների օգնությամբ, որոնք հարկադրված են եղել փոխգործակցել բազմաթիվ տեղաբնակների հետ, որոնք կանոնավորապես խռովություն են բարձրացրել նրա դեմ:

Դժգոհ տեղաբնակների հարցը լուծելու համար Նապոլեոնը հարկադրված է եղել մուսուլման տիրակալի բազմաթիվ արտաքին ատրիբուտները սովորելը, իրեն հռչակել իսլամի ու ֆրանսիացի մուսուլմանների բարեկամ, որովհետև այդ ժամանակ շատերը եղել են դեիստներ ու մերժել են Երրորդության առկայությունը:

Եվ այնուամենայնիվ, դա չի օգնել կանխել 1798 թվականին Կահիրեի խռովությունը, որը Նապոլեոնին հարկադրել է դաժանաբար ճնշել այն: Դրանից հետո մամլյուքները ցրվեցին անապատում:

Ավելի ուշ Նապոլեոնն առաջ շարժվեց մինչև Լևանտ և 1799 թվականին փորձեց պաշարել Աքրա քաղաքը, որը պաշտպանում էին օսմանները: Եվ այստեղ նա կրեց իր խոշորագույն պարտություններից մեկը:

Ամրոցի պաշտպանները հատկապես կատաղի դիմադրություն են ցույց տվել, որովհետև վստահ են եղել, որ եթե Նապոլեոնը գրավի այն, ապա ազատորեն կհասնի մինչև Կոստանդնուպոլիս:

Որոշ ժամանակ անց Նապոլեոնը հասկացավ, որ այդ ամրոցի գրավումը չարժեր այն ջանքերը, ռեսուրսներն ու ժամանակը, որոնք անհրաժեշտ էին այդ պլանի իրագործման համար:

Մերձավոր Արևելքում պատերազմելը չափազանց բարդ առաջադրանք է կլիմայի, անթիվ զինված խմբավորումների ու այն աջակցության պատճառով, որն ապստամբներին հատկացրել են տեղաբնակներն ու անապատը:

Կարևոր է իմանալ, թե երբ է անհրաժեշտ կանգ առնելը

Ի տարբերություն շատ այլ նվաճողների և ի հակակշիռ համընդհանուր տարածված տեսակետի` Նապոլեոնն ընդհանրապես չի եղել միլիտարիստ: Սկզբնական շրջանում նրա ռազմական կամպանիաների մեծ մասն ուղղվել է նրան, որ Ֆրանսիան ու Ֆրանսիական հեղափոխությանը պաշտպանի բրիտանացիների, ավստրիացիների, ռուսների ու պրուսացիների հարձակումից:

Սակայն դրա վատն այն էր, որ նա ձգտել է վերահսկել յուրաքանչյուր քայլը և պարզապես չէր կարող իր ավարտին չհասցնել սկսած գործը: Ողջ Եվրոպայում մանրակրկիտ վերահսկման իր համակարգը տարածելու պարտադրող ձգտումը հանգեցրեց գերլարվածության:

1807 թվականից հետո Նապոլեոնն արդեն գործնականում դարձել էր ողջ Եվրոպայի տիրակալը` խաղաղություն կնքելով Ռուսաստանի հետ և շարքից հանելով Պրուսիան: Չնայած Ֆրանսիան դեռևս պատերազմում էր Մեծ Բրիտանիայի դեմ` վերջինս չկարողացավ միայնակ հաղթել Նապոլեոնին:

Եվ այնուամենայնիվ, Նապոլեոնն իր մոլուցքի պատճառով որոշեց վերջնականապես ջախջախել բրիտանացիներին և իր Մայրցամաքային համակարգի շրջանակներում վերջնականապես արգելել նրանց հետ առևտուրը:

Դա նրան հարկադրեց 1808 թվականին ներխուժել Իսպանիա ու Պորտուգալիա, իսկ 1812 թվականին` Ռուսաստան: Այդպիսով, նա ինքն իրեն զրկեց շահավետ դիրքերից և ներքաշվեց հյուծմանը միտված բազմաթիվ պատերազմների մեջ` դրանով իսկ ծառայություն մատուցելով բրիտանացիներին:

Միևնույն ժամանակ իր դաշնակիցների գործերին միջամտելու մշտական փորձերը հանգեցրին նրան, որ նրանք պատարաստ եղան ավելի շուտ հանդես գալ նրա դեմ, քան` աջակցել նրան իր կամպանիաներում:

Իր ռուսական կամպանիայում պարտվելուց հետո Նապոլեոնն ուներ խաղաղություն կնքելու բազմաթիվ հնարավորություններ, սակայն նա պարզապես չէր կարող օտար պայմաններում գնալ խաղաղության համաձայնագրին: Արդյունքում Ֆրանսիան կորցրեց Նապոլեոնյան պատերազմների ընթացքում նվաճած տարածքների մեծ մասը:

Պարտված հակառակորդին խաղաղություն առաջարկելիս անհրաժեշտ է պահպանել մեծահոգություն

1814 թվականին Նապոլեոնի պարտությունից հետո հաղթող երկրները հավաքվեցին Վիեննայում: Հենրի Քիսինջերը բարձր է գնահատել մինչև 1815 թվականը տևած Վիեննայի կոնգրեսի արդյունքները` ասելով, որ դա օրինակելի է եղել, թե ինչպես է անհրաժեշտ կնքել խաղաղության ամուր համաձայնագրեր` ի տարբերություն 1919 թվականի Փարիզի խաղաղության կոնֆերանսի, որի արդյունքները ձախողվեցին արդեն երկու տասնամյակ անց:

Վիեննայի կոնգրեսի արդյունքում առաջացած համակարգը հնարավորություն տվեց պահպանել ուժերի այնպիսի հավասարակշռություն, որը Եվրոպան մասշտաբային պատերազմներից պաշտպանեց ընդհուպ մինչև 1914 թվականը:

Գլխավոր պարտված երկրին` Ֆրանսիային, խաղաղություն առաջարկվեց բավական մեծահոգի պայմաններում, և շուտով նա կարողացավ վերադառնալ եվրոպական համակարգ` չվնասելով իր արժանապատվությունը:

Թեև Ֆրանսիան կորցրեց իր բոլոր տարածքները, որոնք նա գրավել էր Նապոլեոնյան պատերազմների ժամանակ, այնուամենայնիվ, նա ամբողջությամբ պահպանեց իր սկզբնական տարածքը:

Դա հնարավորություն տվեց խուսափել վիրավորանքներից ու դժգոհություններից, որոնք հետագայում կվերածվեին ռևանշիստական տրամադրությունների ու նոր եվրոպական համակարգի անկայունության:

Դժբախտաբար, ֆրանսիացիներն իրենք չկարողացան իրենց ստացած մեծահոգության դասը կիրառել Առաջին համաշխարհային պատերազմում Գերմանիայի ջախջախումից հետո»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս