Բաժիններ՝

«Չպետք է վախենալ այնպիսի գործեր ձեռնարկելուց, որոնց մասին ոչինչ չգիտեք». Ռուբեն Վարդանյանի խորհուրդը

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի պատվիրակությունը, որի կազմում էին համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, գլխավոր տնօրեն Արմեն Գևորգյանը և փոխտնօրեն Սերգեյ Թանթուշյանը, Թբիլիսիում մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) տարեկան ժողովին և գործարար համաժողովին:

RVVZ և IDeA հիմնադրամների համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը հրավիրվել էր որպես գործարար համաժողովի հիմնական՝ «Հեղափոխական ուղու էվոլյուցիան: Իրականություն կերտած ընկերությունների պատմություններ» («The (R)evolutionary Road: Company Stories Made Real») խորագիրը կրող թեմատիկ քննարկման բանախոս:

Քննարկումը, որը բացել է ՎԶԵԲ-ի նախագահ Սումա Չակրաբարտին, նվիրված էր մասնավոր ընկերությունների առաջընթացին և երկրների տնտեսության ու հասարակության մեջ նրանց ունեցած դերին:

Մասնակցում էին դինամիկ զարգացող ընկերությունների ղեկավարներ, ներդրողներ, գործարարներ տարբեր երկրներից:

Կարդացեք նաև

Քննարկման հիմնական թեման վերաբերել է բիզնեսի համար առկա խնդիրներին և զարգացման հնարավորություններին:

Իր խոսքում Ռուբեն Վարդանյանն անդրադարձել է կորպորատիվ հաջողության համար անհրաժեշտ որակներին: Խոսելով ձեռներեցության գաղտնիքների մասին, նա մասնավորապես ասել է. «Երբ դա ձեր սեփական բիզնեսն է, մշտապես կարիք ունեք լինել իրադարձությունների կենտրոնում և հանդես գալ նախաձեռնություններով, քանի որ ուրիշ ոչ ոք հոգ չի տանի ձեր բիզնեսի մասին այնպես, ինչպես դուք ինքներդ»:

Նա նաև խորհուրդ է տվել. «Ներկայումս ձեռներեցները պետք է հետևյալ հիմնական հմտությունները ունենան. չվախենալ հարմարավետության գոտին լքելուց, չվախենալ անհաջողությունից և նորից սկսելուց, չվախենալ այնպիսի գործեր ձեռնարկելուց, որոնց մասին ոչինչ չգիտեք, քանի որ ժամանակի ընթացքում դուք կստանաք ողջ տեղեկատվությունը, բայց արդեն ուշ կլինի»:

Պատասխանելով հարցին, թե ինչ է անհրաժեշտ հետագա առաջընթացի համար, Ռուբեն Վարդանյանն ասել է. «Ֆինանսական միջոցները, իհարկե, կարևոր են, բայց դրանք ամեն ինչ չեն որոշում: Առանց տեսլականի և տքնաջան աշխատանքի, ոչ մի բիզնես չի կարող դիմակայել»:Նա նաև պատասխանել է թեմատիկ քննարկման մասնակիցների հարցերին:

Համաժողովի շրջանակում IDeA հիմնադրամի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել տարբեր կազմակերպությունների և ընկերությունների ղեկավարների հետ: Մասնավորապես՝ Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալիի հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են բանկի և IDeA հիմնադրամի ծրագրերի շրջանակում համագործակցությանն առնչվող հարցեր:

IDeA հիմնադրամի պատվիրակությունը հանդիպել է նաև Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիայի հետ, որի ընթացքում քննարկվել են Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու վերանորոգման, շրջակա տարածքի բարեկարգման, ինչպես նաև եկեղեցու վերաբացման արարողության հետ կապված հարցեր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ քաղաքապետարանը և IDeA-ի թիմը կհամագործակցեն վերականգնման աշխատանքների ընթացքում ի հայտ եկող խնդիրների լուծման գործում:

Սբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու վերակառուցման ընթացքին և վերաբացմանն առնչվող հարցերը IDeA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը քննարկել է նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ:

Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու վերակառուցման ծրագիրն իրականացվում է IDeA հիմնադրամի կողմից: Այն մեկնարկել է 2012 թվականին: Վերականգնված և վերակառուցված եկեղեցու վերաբացումը նախատեսվում է գալիք աշնանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս