Հայաստանը ԵՄ-ի համար հարմարավետ գործընկեր է դարձել. Բորիս Նավասարդյան

«Արևելյան գործընկերության անդամ երկրների հետ ԵՄ-ի հարաբերությունները կախված են ԵՄ-Ռուսաստան հարաբերություններից»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի մամուլի ակումբի ղեկավար, Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմի նախկին համակարգող Բորիս Նավասարդյանն` անդրադառնալով մամուլում տարածվող տեղեկություններին, թե ԵՄ «Արևելյան գործընկերության» Ռիգայում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում ԵՄ-ի հետ ասոցացված Մոլդովան, Ուկրաինան և Վրաստանը ԵՄ-ի հետ հարաբերություններում չեն արձանագրելու նախապես ծրագրված առաջընթացը:

Բորիս Նավասարդյանը սա բացատրում է ԵՄ-Ռուսաստան հարաբերություններով և հիշեցնում, որ ԵՄ անդամ երկրների շրջանում չկա նույնական վերաբերմունք, թե ինչպիսի քաղաքականություն պետք է իրականացնել Ռուսաստանի նկատմամբ, ինչքանով պետք է հաշվի առնել Ռուսաստանի շահերը գործընկերների հետ ծրագրեր մշակելու ընթացքում, դանդաղում և անորոշ է դառնում նաև այն հնարավոր համագործակցությունը, որ կարող է լինել ԱլԳ տարբեր երկրների նկատմամբ, դա վերաբերում է ոչ միայն Վրաստանին կամ Ուկրաինային, բնականաբար նաև Հայաստանին:

Բորիս Նավասարդյանն ասաց, որ կա կարծիք, թե ներկայումս ՌԴ գործոնը ԱլԳ հարցում մեծ դերակատարություն ունի: «Հայաստանի հետ հարաբերությունները, որպես մի երկրի, որը շատ զգուշավոր քաղաքականություն է իրականացնում և որի համար օրենք է, կանոն Ռուսաստանի դիրքորոշումը ցանկացած հարաբերություններ կառուցելու համատեքստում, ՀՀ-ն դառնում է բավականին հետաքրքիր գործընկեր ԵՄ-ի համար, որովհետև Հայաստանից չեն սպասում քայլեր, որոնք դժգոհություն կառաջացնեն Ռուսաստանում: Միգուցե այսօրվա անորոշ վիճակում հենց այդպիսի հարաբերություններ Արևելյան գործընկերության թիրախ երկրների հետ առավել հարմարավետ են նաև ԵՄ-ի համար և դա է պատճառը, որ ԵՄ ներկայացուցիչների կողմից հնչում են բավականին լավատեսական հայտարարություններ Հայաստանի հետ կապված ցանկացած զարգացումների ուղղությամբ: Դա չի նշանակում, որ իրականում ԵՄ-ՀՀ հարաբերություններն անպայման պետք է խորացվեն, քանի որ մենք ևս չգիտենք, թե ինչքանով դա ընդունելի կլինի Ռուսաստանի համար, պարզապես կա վստահություն, որ չի լինելու այնպիսի բան, որը լրացուցիչ լարվածություն կառաջացնի ԵՄ-ՌԴ հարաբերություններում»,- նման վստահություն հայտնեց Բորիս Նավասարդյանը:

Նրա համոզմամբ, քանի դեռ չկա միասնական մոտեցում ԵՄ անդամ տարբեր երկրների շրջանում ՌԴ-ի նկատմամբ վարվող քաղաքականության վերաբերյալ, ԵՄ-ն որոշակի զգուշավորություն կցուցաբերի: «ԵՄ-ի համար հարաբերությունների տարբերությունը նույն Վրաստանից, Ուկրաինայից, կամ Մոլդովայից Հայաստանի հետ համեմատած այն է, որ այդ երեք ասոցացված երկրների առաջարկները, հավակնությունները լինի դա վիզայի ազատականացում կամ անվտանգության ոլորտում համագործակցություն կամ ԵՄ անդամակցության հեռանկար, դեռ չի նշանակում ԵՄ-ի համար, որ դա ընդունելի է Ռուսաստանի համար: Հայաստանի դեպքում ցանկացած նախաձեռնություն, որ Հայաստանի կողմից լինելու է, ԵՄ-ի համար դա կնշանակի, որ հավանություն կա Ռուսաստանից: Այդ առումով Հայաստանի հետ ավելի հանգիստ շփման ռեժիմ է կիրառվում ԵՄ-ի կողմից»,- ասաց Բորիս Նավասարդյանը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

 

 

Տեսանյութեր

Լրահոս