ԵՏՄ-ին անդամակցությունը «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու համար առավելություն է. Նիկա Մանուկովա
168.am-ի զրուցակիցն է «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու նախագծերի ղեկավար Նիկա Մանուկովան:
– «Մերիդիան» ոսկերչական ազատ տնտեսական գոտու մեկնարկը տրված է, ի՞նչ աշխատանքներ են սպասվում, համագործակցության ի՞նչ պայմանագրեր կան, և արդյո՞ք նախանշած բոլոր ուղղություններով գործունեություն կիրականացվի:
– Երկրների աշխարհագրության առումով փոփոխություն չի եղել, հետաքրքրվածությունը մեծ է հատկապես Ռուսաստանից և ասիական երկրներից: Համագործակցության պայմանագրեր ունեինք, սակայն, քանի որ մեկնարկն ուշացավ, պայմանագրերի քանակը կրճատվեց: Հիմա ակտիվ աշխատանքներ ենք տանում նոր ուղղություններով, նոր կապեր ստեղծում, ծանոթացնում նրանց մեր համագործակցության նոր պայմանների, գների հետ: Այս պահին հստակ է, որ համագործակցելու ենք Սանկտ Պետերբուրգից «Հռիփսիմե» ոսկերչական տան, ռուսական խոշոր «Ադամանդագործ» ընկերության, Իսրայելի ադամանդի բորսայի և այլ ընկերությունների հետ: Համագործակցության այլ սկզբունքներ ենք որդեգրել կառավարության հետ, եթե նախկինում օպերատոր էինք և ի պաշտոնե հաշվետու էինք մոնիտորինգի միջոցով, ապա այժմ ավելի սերտորեն ենք համագործակցում: Միայնակ չենք կարող ոչնչի հասնել, եթե պետությունը չհամագործակցի, երկրի գրավչությունը ճիշտ չներկայացնի, մեր աշխատանքը կհամարվի առոչինչ:
– Օրենսդրական կարգավորումների հարցը կարելի՞ է արդեն համարել լուծված, ինչո՞վ են ստեղծված օրենքները նպաստավոր այստեղ գործունեություն ծավալելու համար: Ի՞նչ դժվարություններ են առաջ եկել այս խնդրի շուրջ:
– Իրականում օրենսդրական պայմանները դեռևս հղկման և կատարելագործման կարիք ունեն, քանի որ Հայաստանում առաջին անգամ պետք է նման ազատ տնտեսական գոտի աշխատի: Այս նպատակով «Մերիդիանը» դարձել է Համաշխարհային ազատ տնտեսական գոտիների անդամ, և տարեկան առաջին համաժողովին մենք ներկայացված կլինենք: Մեզ հետաքրքիր են ոչ միայն նախկին Խորհրդային Միության երկրների ազատ տնտեսական գոտիների զարգացման միտումները կամ խնդիրները, այլ նաև համաշխարհային տենդեցը: Մենք կառավարություն կներկայացնենք օրենսդրական բարեփոխումների նախաձեռնություն, սակայն դա կանենք այն ժամանակ, երբ ունենանք շատ շահագործող ընկերություններ, և խնդիրները գործնականում ավելի պարզ լինեն:
Օրենսդրական փոփոխություններ, հարկային արտոնությունների առումով, չեն սպասվում, ԵՏՄ-ին անդամակցությունը ոչ մի խոչընդոտ չի բերում, հակառակը՝ առավելություններ է տալիս: Մեր շահագործողներն ազատված են ԱԱՀ-ից, արտահանման և ներմուծման հարկային և մաքսային վճարումներից, գույքահարկից և դիվիդենտների վրա գոյացող եկամտահարկից, նրանք վճարելու են եկամտահարկ միայն աշխատողների համար:
– Միջազգային շուկայում ինչպիսի՞ մոտեցումներ կան մեր երկրի նկատմամբ՝ որպես ոսկերչության, ադամանդագործության, ժամագործության ոլորտում մասնագիտացած խաղացող։
– Հայերը ոսկերչությամբ հայտնի են ամբողջ աշխարհին, լինելով փոքր երկիր՝ Հայաստանի տարբեր մարզերում ստեղծվում են ուրույն նմուշներ, մոտեցումները տարբեր են: Երկրորդը՝ մենք ունենք գրագետ, հմուտ և էժան աշխատուժ, գործատուի համար դա ապահովում է գրավչություն: Մյուս գրավչությունը ԵՏՄ-ի նոր շուկան է: Մեր ապրանքների վրա լինելու է «Արտադրված է Հայաստանում» պիտակը, ինչն արտադրողների համար լուրջ առավելություն է:
– Նախնական թվային գնահատական կա՞, թե ինչիպիսի տարեկան շրջանառություն է սպասվում այս գործունեության արդյունքում: Որո՞նք են ամենալավատեսական և հոռետեսական սցենարները:
– Դեռ վաղ է այդ մասին խոսել: Մեր շատ մոտավոր հաշվարկներով՝ մինչև տարեվերջ կունենանք 250-300 նոր աշխատատեղեր, միջին աշխատավարձն ակնկալվում է, որ լինելու է միջին շուկայական աշխատավարձից բարձր: Արտահանման շուկաները կլինեն Բելգիան, Իսրայելը, Ռուսաստանը և այլք:
– «Մերիդիանն» արդեն հայտնի է նաև իր ցուցահանդեսային կենտրոնով, ստացվում է երկու գործունեություն՝ գրեթե նույն բրենդի և տարածքի սահմաններում, ինչո՞ւ է ընտրվել այս ձևաչափը և ի՞նչ հետագա պլաններ կան՝ ցուցահանդեսային կենտրոնի հետ կապված:
– Մեկը մյուսից անկախ նախագծեր են, մենք հասկանում ենք, որ մեզ նաև հարթակ է անհրաժեշտ մեր գործերը ներկայացնելու համար: Ազատ տնտեսական գոտիների մասին օրենքով արգելված է այս տարածքում այլ գործունեություն իրականացնել, դրա համար նրանք առանձին են հանդես գալիս:
– Մամուլում երբեմն տեղեկություններ են շրջանառվում, որ ոլորտի տեղական արտադրողները դժգոհություններ են հայտնում, որ իրենք էլ են արտահանում, և ինչո՞ւ չպետք է ազատ տնտեսական գոտու արտոնություններից օգտվեն: Նախ՝ կա՞ն տեղական արտադրողներ, ովքեր հետաքրքրվել են այս տարածքում գործունեություն իրականացնելու համար, և երկրորդ, ինչպե՞ս եք գնահատում վերջիններիս կողմից բնութագրվող «անհավասար» պայմանները:
– Մեր շահագործողները պետք է արտահանեն իրենց արտադրատեսակները, մեր դեպքում վերջիններիս գործունեությունը կկարգավորվի բիզնես պլանով, եթե ընկերությունը ստանձնել է 5 տարվա մեջ 2 մլն դոլարի ներդրում անելու և 30 աշխատող ունենալու պարտավորությունը, նա պարտավոր է դա ապահովել: Աշխատաշուկայի հետ կապված՝ նշեմ, որ եթե շուկայի տեղացի արտադրողները կարող են ավելի քիչ վճարել, մեզ մոտ նման բան չի կարող լինել:
Անհասկանալի է՝ ինչի՞ պետք է հավասար պայմաններ լինեն, եթե մենք այլ շուկայի համար ենք աշխատում, մենք տարբեր գործունեությամբ եք զբաղվում: Մեր խնդիրը նոր տեխնոլոգիաների, հայտնի բրենդերի, օտարերկրյա ներդրողների ներգրավումն է, եթե մենք տեղական ընկերությունների հետ աշխատենք, մեզ մոտ նոր գործունեություն չի ստացվի: