Ղրիմի թաթարները թուրքական պատվիրակությանը դժգոհել են իրենց վիճակից

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղրիմում գտնվող թուրքական պատվիրակությանն իրազեկել են թերակղզում մարդու իրավունքների խախտումների մասին, ինչը մասնավորապես վերաբերում է Ղրիմի թաթարներին հալածելուն:  Այս մասին նշված է Ղրիմի թաթարների Մեջլիսի մամլո ծառայության տարածած հայտարարությունում:

Մեջլիսի առաջին փոխնախագահ Նարիման Ջելալը հայտարարել է. «Մենք իրազեկել ենք սպանությունների, առևանգումների, ձերբակալությունների ու հարցաքննությունների մասին: Առանձին քննարկել ենք հողային, լեզվական, ազգային ԶԼՄ-ների գործունեության հարցերը, պատասխանել ենք այդ հարցերին»:

Ջելալի տվյալներով՝ պլանավորված է, որ թուրքական պատվիրակությունն այսօր կհանդիպի Ղրիմի թաթարների ATR հեռուստաալիքի ղեկավարության հետ, որի հեռարձակումները թերակղզու տարածքում կասեցվել են ապրիլի 1-ից:

Թուրքական ոչ պաշտոնական պատվիրակությունը Սիմֆերոպոլ է ժամանել ապրիլի 27-ին: Պատվիրակությունը բաղկացած է գիտնականներից ու իրավապաշտպաններից: Այցի նպատակը Ղրիմում տեղի թաթարների դրությունը մոնիտորինգի ենթարկելն է: Թուրքական պատվիրակությունը Ղրիմում գտնվելու է մինչև ապրիլի 30-ը:

Տեսանյութեր

Լրահոս