
Միջուկային զենքի կրճատման վերաբերյալ Ռուսաստանի հետ բանակցելը վտանգավոր է. Մաքքեյն

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ սենատի՝ զինված ուժերի հարցերով հանձնաժողովի ղեկավար Ջոն Մաքքեյնը զգուշացրել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին՝ կապված միջուկային զենքի կրճատման վերաբերյալ Ռուսաստանի բանակցությունների վտանգի մասին.
«Ռազմավարական միջուկային ուժերի կրճատման մասին Ռուսաստանի հետ բանակցություններ վարելը կլինի միամիտ ու վտանգավոր: Դա պարզապես հակասում է առողջ մտածելակերպին, որ միջուկային սպառազինության կրճատման մասին պայմանավորվեն Վլադիմիր Պուտինի հետ, երբ Ռուսաստանն օկուպացված է պահում Ղրիմը, ապակայունացնում է Ուկրաինայում տիրող իրավիճակը և խախտում է Փոքր ու միջին հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագիրը:
Քանի դեռ Ռուսաստանը սպառնում է խաղաղությանն ու Եվրոպային, ԱՄՆ-ը պետք է կենտրոնանա միջուկային զսպման ուժերի արդիականացման վրա՝ իր ազգային շահերն ու իր դաշնակիցներին պաշտպանելու համար»: Մաքքեյնը հիշեցրել է նաև Ռուսաստանի կողմից միջուկային զենք կիրառելու սպառնալիքների մասին.
«Ռուսաստանը հետաքրքրություն չի ցուցաբերում միջուկային զենքի կրճատման հանդեպ. միջուկային զենքը մեծ դեր է խաղում Ռուսաստանի ռազմական դոկտրինում, քանի որ Վլադիմիր Պուտինը հնչեցրել է մեր դաշնակիցների դեմ միջուկային զենք կիրառելու մասին անհամար սպառնալիքներ»: