Աստանայում տեղի է ունեցել Ղազախստանի նախագահի պաշտոնում վերընտրված Նազարբաևի երդմնակալությունը
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանի նախագահի պաշտոնում վերընտրված Նուրսուլթան Նազարբաևը երդում է տվել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում գտնվող Անկախության պալատում:
Ապրիլի 26-ին Ղազախստանում անցկացված նախագահական վաղաժամ ընտրությունների արդյունքներով Նազարբաևը հավաքել է քվեների 97.75 տոկոսը: Նրա օգտին քվեարկել է 8.333.000 ղազախստանցի: Ընտրություններին մասնակցելու ռեկորդային ցուցանիշը կազմել է 95.22 տոկոս:
Նազարբաևը երկրի Սահմանադրության վրա երդվել է հավատարմորեն ծառայել Ղազախստանի ժողովրդին, խստապես հետևել Սահմանադրությանն ու օրենքներին, երաշխավորել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, բարեխղճորեն կատարել նախագահի բարձր պարտականությունները:
Ղազախստանի օրենսդրության համաձայն՝ երդում տալով պետության ղեկավարը պաշտոնապես ձեռնամուխ է լինում իր գործառույթների կատարմանը: