
Հունաստանը փոխել է ԵՄ-ի հետ գլխավոր բանագնացին

The Guardian-ի փոխանցմամբ՝ Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը հեռացվել է ֆինանսական օգնության ծրագրի վերսկսման վերաբերյալ ԵՄ-ի հետ բանակցութուններ վարող թիմի ղեկավարի պաշտոնից: Նրան փոխարինելու է միջազգային ֆինանսական հարաբերությունների նախարար, տնտեսագիտության պրոֆեսոր Եվկլիդ Ցակալոտոսը:
Ընդգծվում է, որ Ցակալոտոսը մեծացել է Մեծ Բրիտանիայում, ինչը կարող է հեշտացնել բանակցությունների ընթացքը: Եվրոպական ընտրանու զգալի մասը չէր ընդունում Վարուֆակիսին՝ հայտարարելով նրա հետ գործ բռնելու անհնարինության մասին: Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Վարուֆակիսի պատճառով ենթարկվել է արտաքին ուժգին ճնշման:
Հունաստանը ներկայումս պետք է եվրոպական հիմնադրամներից ստանա մոտ 7.2 միլիարդ եվրո, որպեսզի դրանով մարի ընթացիկ պարտքերը: Եթե այդ գումարը չհատկացվի, ապա Աթենքն արդեն մայիսին կհայտարարի դեֆոլտի մասին, ինչն իր հերթին՝ կգործարկի եվրոգոտուց Հունաստանի դուրս գալու գործընթացը: